Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ են խոսել Նիկոլ Փաշինյան ու Արթուր Վանեցյանը

Սեպտեմբեր 12,2018 20:52

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Սարդարյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց երեկ համացանցում տարածված ԱԱԾ պետի եւ ՀՔԾ ղեկավարի գաղտնալսված զրույցից:

Պատգամավորը նկատեց, որ ձայնագրության իսկությունը ոչ վարչապետը, ոչ ԱԱԾ ղեկավարը կասկածի տակ չեն առել:

Նա մեջբերեց ձայնագրության հետեւյալ հատվածը.

«Ս.Խ. – Խաչատուրովին էլ ենք բան անում, ընկեր, էսօր:

Ա.Վ. – Արա, Խաչատուրովի հետ գործ չունեք, ախպեր, ОДКБ-ի շեֆն ա, արա՛:

Ս.Խ. – Կապ չունի, ընկե՛ր:

Ա.Վ. –  Խաչատուրովի … Խայտառակ կլինենք:

Ս.Խ. – Ինչի՞: Ա.Վ. – Արա՛, ОДКБ-ի շեֆն ա, ա՛յ ընկեր:

Ս.Խ. – Չփակե՞նք, ընկե՛ր:

Ա.Վ. – Սպասի՛, վաղը գալիս եմ, արա՛: Վաղը գամ նոր Խաչատուրովին ձեռք կտաք …

Ս.Խ. – Չէ՛, չէ՛, ընկեր: Արդեն մեր մոտ ա, ընկեր: Հլը տենանք ինչ ցուցմունք ա տալիս:

Ա.Վ. –  Արա՛, այ ցավդ տանեմ, քաղաքական պրոբլեմ ա: Դրա խափանման միջոցը գոնե ստորագրությունը ընտրի, լուրջ եմ ասում: Ես ռուսների հետ հազիվ բարիշել եմ, հիմա բռնենք, լինենք խայտառակ:

Ս.Խ. – Վարչապետի հետ խոսա էլի, ընկե՛ր: Որովհետև ես ասել եմ, որ տանում եմ կալանքի:

Ա.Վ. – Լա՛վ, հեսա ես կխոսամ հետը, լա՛վ:

Ս.Խ. – Լա՛վ»:

«Պարոն Վարչապետ`Ձեզ հետ խոսե՞լ են այս թեմայով եւ ո՞րն է եղել Ձեր պատասխանը»,- հարցրեց Շուշան Սարդարյանը:

«Երբ ես ՀՔԾ պետի թեկնածու եմ առաջադրել, ես թեկնածուի հետ ունեցել եմ հետեւյալ պայմանավորվածությունը, որ բոլոր գործերը պետք է քննվեն օրենքի տառին համապատասխան: Չկան Հայաստանում անձեռնմխելի մարդիկ: Ձեզ հայտնի անձեռնմխելիության մասին է խոսքը: Եվ եթե քննության օբյեկտիվ  ընթացքը, որեւէ պարագայում հանգեցնում է որեւէ մեկին ձերբակալելու եւ կալանավորելու անհրաժեշտության, հանուն քննության շահերի, ուրեմն դուք պետք է այդ գործողությունն անեք`անկախ նրանից, թե ում մասին է խոսքը, այդ թվում, եթե իմ ընտանիքի անդամի մասին է խոսքը: Որից հետո, ժամանակ առ ժամանակ լինում են դեպքեր, որ փորձ է արվում`ավանդույթների համաձայն, ինձ հետ ճշտել`թե ես լո՞ւրջ էի ասում`այո, կարելի է ՀՀ-ում օբյեկտիվ քննություն իրականացնել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ տվյալ դեպքում իրավիճակի մասին ինքը տեղեկացել է ԱԱԾ ղեկավարից եւ իրեն ուղղված հարցին վերահաստատել է`որեւէ գործի վերաբերյալ որեւէ քաղաքական խոչընդոտ չկա: Իրենց պայմանավորվածությունն`օբյեկտիվ քննության մասով, ուժի մեջ է:

Պատգամավորը հետաքրքրվեց նաեւ`չի բացառվում, որ վարչապետի հետ ունեցած խոսակցությունը եւս հայտնվի համացանցում եւ հետաքրքրվեց`ինչպիսիք կլինեն այդ դեպքում Նիկոլ Փաշինյանի քայլերը:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքը որեւէ խնդիր չունի եւ անձամբ կարող է իր ունեցած խոսակցությունները հրապարակել: «Ձայնագրված թող հրապարակվի: Ես որեւէ խնդիր չունեմ: Ես ասում եմ, որ չի կարող լինել ձայնագրություն, որը դուրս է իմ այս նշած սկզբունքից եւ տրամաբանությունից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը` հեգնելով, թե ինքը պատգամավորի փոխարեն ավելի հետաքրքիր կձեւակերպեր հարցը` ինչպե՞ս եղավ, որ Յուրի Խաչատուրովը չհայտնվեց կալանքի տակ: «Ավելի ինտրիգային հարց կլիներ»,- ասաց նա:

Այդ հարցը նրան ավելի ուշ տվեց Ալեն Սիմոնյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930