Այսօր «Ժառանգություն» կուսակցության ղեկավար, Երեւանի ավագանու ընտրություններում այս կուսակցության քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը Եկմալյան 6 հասցեում գտնվող փոքրիկ այգու խնամքն էր ստանձնել՝ նախընտրական քարոզարշավի շրջանակներում: Հովհաննիսյանն ու իր համակիրները այգու ծառերը ջրեցին, նստարանները ներկեցին:
Այս այգու վրա, ինչպես նրա համակիրներն ասացին, ժամանակին օլիգարխների աչքն է եղել. նրանք ցանկացել են այն վերացնել ու տեղում բարձրահարկ շենք կառուցել, սակայն Օրրանի եւ «Ժառանգության» անդամների շնորհիվ այն պահպանվել է:
Մանրամասները՝ տեսանյութում
Լրագրողների հետ զրույցում Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ նախընտրական ծրագրին, ներկայացրեց, թե ինչ խնդիրներ կան քաղաքում եւ ինչ են նախատեսում անել, եթե ընտրվեն՝ քաղաքի կանաչապատում, աղբի վերամշակում, տրանսպորտային խնդիրներ կան. «Մենք շատերս ուզում ենք անցնել էլեկտրական տրանսպորտին: Ճանապարհների բեռնաթափումը, Երեւանի ճոպանուղու կառուցում: Մանկապարտեզների խնդիրը լուծել: Դպրոցների բարեկարգ վիճակը, լավ սննդով ապահովել: Բացեք քաղաքապետարանի կայքը, որքան էլ քննադատենք, բյուջեն ավելի նպատակաուղղված պետք է լինի, այլեւս կուսակցական չի լինելու քաղաքապետարանը, բայց պիտի ընդունենք, որ լավ գործեր էլ արվել են»:
Մանրամասները շուտով՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ