Այսօր, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մեղադրել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին`Արցախի հարցում բանակցություններին խոչընդոտելու մեջ: Նա այդ հայտարարությունն արել էր`հիմք ընդունելով Նիկոլ Փաշինյանի այն մոտեցումը, որ Արցախը պետք է բանակցող կողմ լինի:
Այսօր, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս մասին հարց ուղղեց ՀՀԿ-ական պատգամավոր Տաճատ Վարդապետյանը:
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց` ինքը բազմիցս պատրաստակամություն է հայտնել լիարժեք ներգրավվել բանակցային գործընթացի մեջ. «Եվ ասել եմ հետեւյալը, որ ինձ իրավասու եմ համարում բանակցել ՀՀ-ի անունից, որովհետեւ ՀՀ վարչապետն են: Իրավասու չեմ համարում բանակցել Արցախի Հանրապետության անունից, որովհետեւ Արցախի հանրապետության վարչապետը չեմ, նախագահը չեմ»:
Ըստ նրա, Արցախն ունի պետական մարմիններ` նախագահը, վարչապետ, խորհրդարան եւ այդ պաշտոնյաներն են, որ իրավասու են բանակցել Արցախի անունից:
«Ասվածի մեջ, ըստ էության, ոչ մի սենսացիոն բան չկա, որովհետեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հայտարարություններում նաեւ ընդգծվում է Արցախի վերջնական կարգավիճակի առումով Արցախի ժողովրդի կամարտահայտման անհրաժեշտությունը: Ըստ էության, այսպիսով` արձանագրված է Արցախի հակամարտության կողմ լինելու հանգամանքը: Եվ շատ պարզ հարց ենք դնում մենք. մենք ասում ենք՝ ուղղակի բանակցելո՞ւ, թե՞ բանակցելու ենք հարցը լուծելու համար: Եթե բանակցում ենք լուծման համար՝ ինչպե՞ս ենք պատկերացնում հարցի լուծումը`առանց հակամարտության կողմի»:
Ըստ Նիկոլ Փաշինյանի, քանի դեռ չի արձանագրվել Արցախի ներկայացուցչի ներգրավումը բանակցություններում, ուրեմն չենք մոտեցել ընդհանրապես հարցի կարգավորմանը:
Իր կարծիքով, բանակցային մթնոլորտին ամենաշատը խանգարում է այն ռազմաշունչ մթնոլորտը, որը հաստատվում է Ադրբեջանի ղեկավարության ոչ կառուցողական գործողություների եւ հռետորաբանության պատճառով: «Վերը ասվածի համատեքստում, ամեն դեպքում, ես վերահաստատում եմ բանակցությունների գործընթացին լիարժեք ներգրավվելու պատրաստակամությունս: Չկա դեպք, որ առաջարկվել է բանակցել եւ Հայաստանը հրաժարվել է դրանից»:
Պատգամավորը շարունակեց`այսինքն հաստատվում է, որ սա հերթական մերկապարանոց հայտարարությունն է Ադրբեջանի ղեկավարության կողմից եւ ՀՀ-ի կողմից որեւէ խոչընդոտ չկա: Նիկոլ Փաշինյանն արձագանքելով շարունակեց`հիմա էլ, նախկինի նման պատրաստ է բանակցային գործընթացում ներգրավվել:
Նաեւ հիշեց`հունիս 14-ին, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր իրեն ուղղակի ծանոթացնել Ադրբեջանի նախագահի հետ, ինքն այդ առաջարկն ընդունել է: Բովանդակային քննարկում այդ ժամանակ տեղի չի ունեցել, բայց, ըստ Նիկոլ Փաշինյանի, եթե մենք հրաժարվեինք որեւէ կառուցողական առաջարկ քննարկել, դա կանեինք ի սկզբանե:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ