Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Պարոն Փաշինյանը պիտի հասկանա՝ ինքը մեծ ներդրում ունեցել է, բայց իրենից առաջ եղել է, իրենից հետո կլինի»

Սեպտեմբեր 12,2018 18:06

Արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի նախընտրական քարոզարշավին մասնակցելը չի՞ թուլացնում մյուս մասնակից ուժերի հնարավորություններն ընտրություններում, Aravot.am-ն այսօր այս հարցն ուղղեց Երեւանի ավագանու ընտրություններին «Ժառանգության» քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին: Նա ասաց, որ, նման վտանգ կա. «Կարող է եւ բացասաբար ազդել, բայց ավելի վատ, եթե նպատակն է բացասաբար ազդել՝ ուղղակի զուտ օբյեկտիվ ընթացքների բերմամբ Հայաստանում այնպիսի վիճակ լինի, որ դեֆոլտով մենք ունենանք գերկուսակցականացված վիճակ: Բարեկամաբար, որպես ավագ ասում եմ՝ ի վերջո, իմ կյանքի փորձը, մեր պետական հետագիծը նախավկա, բումերանգի նման խփելու է մեր պետությանը, եւ այդ ուժն ու նման բան արտահայտողներին: Այսօր չկա որեւէ ուժ, որեւէ ցուցակ, որ ասելու է՝ բացառապես ես եմ: Մենք ունենք հազարավոր տղաներ, աղջիկներ՝ տարբեր սերունդների, որոնք 20 եւ ավելի տարիներ պայքարում են այս օրվա համար: Եվ որքան էլ մենք ասում ենք՝ փառք ու պատիվ այս սերնդին, այդ վերջին 40 օրը, այս ամիսները ուղեկցող ուժին, իրենց տեղն անպայման ունենալու են նորագույն պատմության մեջ, բայց իրենք նույնպես իրավունք չունեն խլել ամբողջ պատմությունը, ամբողջ հաղթանակը, ամբողջ ճշմարտությունը մեր ժողովրդից, այդ հաղթանակը պատկանում է բոլորին»:

Հովհաննիսյանն ասաց, որ չպետք է թույլ տալ վերադառնալ անցյալի հոռի բարքերի կրկնությունը եւ մեր պետական անվտանգությունը չպետք է վերադառնա հին հետադիմական բարքերին:

Մանրամասն՝ տեսանյութում

Aravot.am-ի այն հարցին էլ՝ ինչպե՞ս է գնահատում «Ժառանգության»՝ այս ընտրություններում հաղթելու հնարավորությունները՝ հաշվի առնելով անցյալը՝ երբ Հովհաննիսյանը նախագահի ընտրություններից հետո մեծ թվով համակիրներ ուներ, բայց նրան քննադատում են, որ այն ժամանակ չգնաց առճակատման՝ ընդդեմ իշխանության, աղոթքով ավարտվեց ամեն ինչ, վերջինս պատասխանեց. «Եթե որեւէ մեկը ցանկացած ճամբարից, հնից, թե՝ նորից, աջից, թե՝ ձախից, իշխանությունից, թե՝ ընդդիմությունից, ասում է, որ մենք սխալ արեցինք, չգնացինք առճակատման, խնայեցինք հայ երիտասարդների ու ոստիկանների կյանքը, կանխեցինք թաղումներ, եթե համարում է՝ իմ սխալը այդտեղ է, ես հարգանքով համաձայն չեմ»:

Հովհաննիսյանն ասաց, որ այդ օրը կար զինված իրավապահ մարմին, ապօրինի ընտրություն եւ միայն արյան հնարավորություն. «…Ես տեր եմ այդ աղոթքին, ես հավատում եմ Աստծուն, եւ ես գիտեմ, որ 5 տարի անց այդ պատասխանը եղավ, եւ դա եղավ, ոչ միայն աղոթքով, այլ քաղաքացիական շարժումով, երբ Մաշտոցի պուրակ էր, «Էլեկտրիկ Երեւան» էր, Սարի թաղ էր, ապրիլյան պատերազմ էր: Եվ կուզեմ ասել՝ ոչ մեկը չկարծի, որ միայն իր հանգրվանով, հերթափոխով է եղել այս ամենը: Սա եղել է 20 տարվա երկարատեւ պայքար ժողովրդի, քաղաքական լիդերների՝ ինձանից առաջ, եւ ինձանից հետո: Եվ պարոն Փաշինյանը պիտի հասկանա, որ ինքը շատ մեծ ներդրում ունեցել է, բայց իրենից առաջ եղել է, իրենից հետո կլինի եւ այն ժամանակ մենք կունենանք իրապես պետական նշանակության կառավարում»:

Մանրամասն՝ տեսանյութում

Ինչ վերաբերում է այս ընտրություններում «Ժառանգության» հաղթանակին, Հովհաննիսյանն ասաց՝ սա առաջին ընտրությունն է, որին վստահում է:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930