Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հարսանիք թիկունքում» ներկայացման օրերին Գյումրու հյուրանոցներում ու ռեստորաններում ազատ տեղ չի լինում

Սեպտեմբեր 12,2018 17:52

Aravot.am-ը Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ է թատրոնը նպաստում Գյումրիում տուրիզմի զարգացմանը։ Հարցրեցինք, թե օրինակ՝ մեծ աղմուկ հանած «Հարսանիք թիկունքում» ներկայացումը դիտելու եկած հյուրերից կա՞ն մարդիկ, որոնք մնում են Գյումրիում։

«Մենք կատակով ասում ենք, որ դարձել ենք տուրիստական ընկերություն, որովհետև ցանկացած շաբաթ-կիրակի օր մենք ունենում ենք 150-200 հանդիսատես Երևանից։ Գիտեք, որ մեր տոմսերը վաճառվում են ոչ միայն թատրոնի տոմսարկղում, այլև օնլայն պատվիրում են, կան նաև մարդիկ, որոնք որ զանգահարում են թատրոն ու տոմս պատվիրում, և մենք ամեն շաբաթ-կիրակի ունենում ենք մոտ 200 հանդիսատես Երևանից։

Տիգրան Վիրաբյան

Մենք Գյումրիում խաղացել ենք 13 անգամ, ինչը գալիս է մեզ հավաստիացնելու, որ մոտ 2000-2500 հանդիսատես ներկայացման համար եկել են Հայաստանի տարբեր քաղաքներից։ Մեկ օրինակ բերեմ․ երբ ներկայացման օրեր են լինում Գյումրիում․ մեր Գյումրիի ռեստորանային համալիրներից մեկից, անունը չեմ տալիս, որ գովազդային չհնչի, ասում են, որ մեզ մոտ երբ շաբաթ օրը, ժամը 16․00-ին սեղան են պատվիրում, մենք հասկանում ենք, որ ներկայացման հանդիսատեսն է եկել համտեսելու Գյումրվա համով ուտելիքները, որից հետո ինքը պիտի գա թատրոն և հետո երեկոյան հյուրանոց՝ հանգստանալու։

Ես սա շատ կարևոր եմ համարում, որ մենք կարողանում ենք Գյումրիում մշակութային տուրիզմը զարգացնել, սա նաև օգնում է, որ վերջապես մարդիկ կհասկանան, որ այս քաղաքը, իրոք, մշակութային մայրաքաղաք է։ Էլի եմ կրկնում, ցավոք սրտի, մենք դա հիշում ենք սեղաններին՝ կենացի ժամանակ, երբ գալիս է իրագործելու, աշխատելու ժամանակը, որպեսզի իրոք դառնանք մշակութային մայրաքաղաք,մենք նորից ընկնում ենք այլևայլությունների հետևից։

Սա ևս մեկ անգամ առիթն է ապացուցելու, որ Գյումրին եթե կարողանա իր մշակութային դիմագիծը ճիշտ ներկայացնել, էդ դեպքում մենք զբոսաշրջիկի պակաս չենք ունենա, որովհետև ինչպես մեկ ամսում 2000-2500 մարդ թատրոն է գալիս ներկայացում դիտելու, եթե այդպես կարողանային մյուս մշակութային ճյուղերը նպաստեին, տարբեր մշակութային իրադարձությունների համար մարդիկ այցելեին Գյումրի․․․Եթե ամսական 7000-8000 զբոսաշրջիկ, թեկուզ ներքին տուրիզմի շրջանակում ունենայինք, սա կնպաստեր քաղաքի մյուս ենթակառուցվածքների զարգացմանը։ Ցավոք, ես դեռ չեմ տեսնում այդ հետաքրքրությունը։

Վերջին ուրախալի դեպքը դա «Հեղնար աղբյուրի» բացումն էր, որով զբոսաշրջային քարտեզում մի կետ ավելացավ։ Ցավոք սրտի, մեր մշակութային ունեցվածքը, մեր մշակութային միջոցառումները, ինչ որ մենք ստեղծում ենք սովորաբար, մնում են միմիայն Շիրակի մարզի շրջանակներում։ Երբ որ կարողանանք ճիշտ պրոպագանդա անել, ճիշտ հանրահռչակում անել, թե մարդը ինչու պիտի գա Գյումրի, և մենք կարողանանք այդ ինչուների պատասխանները ինքներս տանք․․․Եթե ինձ հարցնեն՝ ինչո՞ւ պիտի գա, ես կասեմ, պիտի գա «Հարսանիք թիկունքում» ներկայացումը դիտելու, ցանկացած կառույց, երբ որ իր մեջ այդ հարցը տվեց, թե ինչո՞ւ պիտի գան Գյումրի, այդ ժամանակ մենք բոլորս շատ օգնած կլինենք քաղաքին։ Իսկ հիմա տեսնում եք ինչ է կատարվում, երեք օր՝ դրված սեպտեմբերի 23-ին,24-ին, 25-ին, «Հարսանիք թիկունքում» ներկայացումը դրված է մայրաքաղաքում, սեպտեմբերի 21-ին Գյումրիում է, ու 115 հոգի Երևանից գալիս է Գյումրի ներկայացում նայելու, երբ որ հաջորդ օրը նույն ներկայացումը իրենց քաղաքում է։ Մարդիկ 120 կիլոմետր կտրում են, որպեսզի գան Գյումրիում նայելու, սա խոսում է այն մասին, որ դու լավ հետաքրքիր մշակութային արտադրանք ես ստեղծում։ Էդ դեպքում ո՛չ ժամանակը, ո՛չ տարածությունը, ո՛չ գիշերը չի խանգարում այլ քաղաքի բնակչի, գալ և նայել»,-ասում է Տիգրան Վիրաբյանը։

Գյումրու թատրոնը սեպտեմբերի 15-25 հյուրախաղերի է Արցախում, չորս ներկայացում են խաղալու, այնուհետ Գյումրիում, դրանից հետո երեք օր Երևանում։

«Ֆանտաստիկ է, երբ մենք 10 օրում 9 ներկայացում ենք խաղում «Հարսանիք թիկունքում», այնուհետ, նոյեմբեր ամսին ներկայացումը հրավիրված է Լիբանան, իսկ փետրվարին ներկայացման հյուրախաղային շրջագայությունն է ԱՄՆ», -տեղեկացրեց թատրոնի տնօրենը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ Տիգրան Վիրաբյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նաիրա says:

    Հա, բայց միջակ որակի սցենար էր ու ծեծված ֆրազաներով տեքստեր, տեղ-տեղ գռեհիկ ու նատուրալիստական: Արտիստիզմի պակաս կա ներկայացման մեջ:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930