ՀՅԴ քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանն այսօր շրջեց Նոր Նորք վարչական շրջանում եւ զրուցեց բնակիչների հետ, ներկայացրեց իրենց նախընտրական ծրագիրը:
Տարեց մի կին զրույցի բռնվեց թեկնածուի հետ:
-Ինքնաթիռով դեղ են ուղարկում Սիրիա, բայց ժողովրդին դեղ չեն տալիս: Բա սա երկիր է՞: Մի դեղի համար այնքան են տանում-բերում, հոգիս դուրս է գալիս,-դժգոհեց նա:
-Խնդիրներ ունե՞ք առողջական,-հետաքրքրվեց Միքայել Մանուկյանը:
-Այնքա՜ն խնդիրներ ունեմ: Բանկում կոպեկ-կոպեկ գումար եմ հետ գցել (նկատի ունի՝ մինչեւ ԽՍՀՄ փլուզումը), որ հիմա որեւէ մեկին ձեռք մեկնելու կարիք չունենամ: Մեծ տարիքում եմ, բայց այսօրվա համար եմ գումար հետ գցել, ինչո՞ւ պետք է այլեւս չկարողանամ այդ գումարը ստանալ,-շարունակեց տիկինը:
-Հայաստանում տարեցներն այսօր պաշտպանված չեն…
-Այո, լիքը գումար ունեի, բայց հիմա կառավարությունն ի՞նչ է մտածում, ալան-թալա՞ն, սա՞ էր հեղափոխությունը»:
-Լավ կլինի…
-Ապրենք-տեսնենք:
Բակի զրուցարաններից մեկում էլ ծերունիներից մեկը Միքայել Մանուկյանին հարցրեց՝ «դե ասեք՝ աջակցո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանին»: «Իհարկե աջակցում ենք»,-հնչեց Մանուկյանի պատասխանը: Ապա մեկ այլ պապիկ նրան առաջարկեց ձեռնարկություններ բացել. «Ժողովուրդը սոված կոտորվում է, թող աշխատի: Ինչ ձեռնարկություն կար՝ թալանեցին»: Միքայել Մանուկյանն արձագանքեց. «Հիշում ենք՝ թալանը երբ է սկսվել. այն ժամանակ, երբ «Դաշնակցությունը» մասնակցում էր Արցախյան պատերազմին, գողերը թալանում էին գործարանները»:
Մեկ այլ բակում էլ բնակչի հետ զրուցելիս Միքայել Մանուկյանը նշեց. «Մեզ արդար ընտրություններ են խոստացել: Մասնակցենք, հետեւենք, որ այդ խոստումն իրականանա»:
Լրագրողների հետ զրույցում էլ անդրադառնալով սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող մյուս ուժերին՝ Միքայել Մանուկյանը համոզմունք հայտնեց. «Բոլորն էլ մեր համար մրցակից են, բայց ամենալավը մենք ենք»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ