Ադրբեջանական կողմն այնպիսի տպավորություն ունի, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բոլոր միջոցներով ցանկանում է տապալել բանակցային գործընթացը: Այս մասին, ինչպես հաղորդում է Trend-ը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հանդիպմանը:
Նշվում է, որ Բաքվում Գրեմինգերի հետ հանդիպման գլխավոր թեմաներից մեկը եղել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Ալիևն ընդգծել է, որ Հայաստանի նոր վարչապետը «առաջին օրվանից հանդես է գալիս հակասական հայտարարություններով», որոնք «առնվազն զարմանք են առաջացնում»:
Ադրբեջանի նախագահը նաև կտրականապես դեմ է արտահայտվել Փաշինյանի առաջ քաշած այն գաղափարին, որ բանակցություններին որպես կողմ պետք է մասնակցի նաև Արցախի Հանրապետությունը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ