Հայաստանում իշխանությունը փոխվել է ուղիղ չորս ամիս առաջ: Մինչ այժմ հասարակական-քաղաքական կյանքը եռում է, կրքերը թեժանում են, և հաշտության նախադրյալներ չեն նկատվում,: Սակայն որոշ դեպքերում իրադարձություններով հարուստ ներքաղաքական օրակարգը փոխում է ուղղությունը, հիմնականում դեպի Ռուսաստան: Մոսկվայում դրանից այնքան էլ ուրախ չեն, ինչի մասին մի քանի մասին ակնարկել են իրենց հայ գործընկերներին: Երբեմն Ռուսաստանի արձագանքն ակնհայտ էր և միանշանակ: Հետևաբար երկու առաջնորդների վերջին հանդիպումը միայն բթացրել է սուր խնդիրները, բայց ոչ լուծել, Lenta.ru կայքում գրում է լրագրող Էլեն Բաբայանը:
Ժամացույցները ստուգեցին
Սեպտեմբերի 10-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ թվով երրորդ հանդիպման արդյունքները միանշանակ չեն թվում: Մի կողմից, հայաստանցի հյուրն ակնհայտորեն գոհ է հանդիպումից և հանդիպումից հետո շտապեց կիսվել ուրախությամբ Facebook-ի իր էջում: «Արդյունավետ զրույց ունեցանք, որի ավարտին կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները հիանալի են»,- գրել է Փաշինյանը՝ հավելելով, որ այդ հարաբերություններում «ոչ մի ուղղությամբ խնդիրներ չկան»: Մյուս կողմից այդ խանդավառությունը չի կիսում Վլադիմիր Պուտինը, որը մեղմ ասած զուսպ է գնահատականներում: Նրա խոսքով՝ ինքն ընդունել է Փաշինյանին՝ «ժամացույցները ստուգելու՝ կապված ընթացիկ գործակցության և միջին հրատապության հեռանկարների վերաբերյալ»:
Ժամացույցների հետ կապված ակնհայտորեն մի բան այն չէր, շարունակում է Բաբայանը: Հայաստանում հարուցված Մարտի 1-ի գործով անցնում են երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, որոնք հայրենիքում մեղադրվում են սահմանադրական կարգի տապալման մեջ և կարող են դատապարտվել մինչև 15 տարվա ազատազրկման: Բնականաբար, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ձերբակալությունը անհարմարություններ առաջացրեց կազմակերպության ներսում: Դրա արձագանքը եղան ԶԼՄ-ներում Հայաստանի և Ռուսաստանի դիվանագետների փոխադարձ պատասխանները, իսկ ԶԼՄ-ները հաղորդում էին, որ սպառնալիքի տակ են հայտնվել հայ-ռուսական ռազմական պայմանագրերը: Օրակարգում դրված էր Խաչատուրովի լիազորությունները դադարեցնելու և Հայաստանից նոր ներկայացուցիչ նշանակելու հարցը:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այդ ժամանակ հայտարարեց, որ հայկական կողմի գործողությունները հակասում են իրենց նախորդներին չհետապնդելու խոստումներին:
Տարօրինակ զուգադիպությամբ այդ հայտարարությունից հետո Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց. վերաքննիչ դատարանը փոխեց խափանման միջոցը: Իսկ որպեսզի հայ գործընկերները չկասկածեն այդ որոշման իրավացիության մեջ, Վլադիմիր Պուտինն անձամբ ջերմորեն շնորհավորեց Քոչարյանին ծննդյան օրվա կապակցությամբ:
Մի խոսքով՝ Հայաստանի իշխանությունների ակտիվությունը Մարտի 1-ի գործով բախվեց Ռուսաստանի քաղաքական և դիվանագիտական դիմադրությանը: Այդ գործով անցնող երրորդ անձը՝ Հայաստանի նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, գտնվում է Ռուսաստանում, և Մոսկվան հրաժարվում է նրան արտահանձնել: Հայաստանը Հարությունյանի դեմ միջազգային հետախուզում է սկսել, սակայն Ռուսաստանի տարածքում այդ հայցը չեղարկվել է, քանի որ հետախուզվողը 2002թ-ից ունի Ռուսաստանի քաղաքացիություն:
Թե ինչպես է Ռուսաստանի քաղաքացին 2008թ. զբաղեցրել Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը, մեծ առեղծված է, և դա արդեն կարևոր չէ: Կարևորն այն է, որ այդ աղմկոտ գործով անցնող երեք անձանցից մեկը պաշտպանություն է ստացել Ռուսաստանում՝ խուսափելով նոր իշխանությունների հետապնդումներից: Այն իշխանությունների, որոնք երդվել էին բացահայտել Մարտի 1-ի գործը և պատասխանատվության ենթարկել մեղադրյալներին, գրում է լրագրողը:
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում կան նաև այլ չկարգավորված հարցեր: Օրինակ, երբ հուլիսին Հայաստանի Պետեկամուտների կոմիտեն ֆինանսական խախտումներ հայտնաբերեց «Գազպրոմ Արմենիայի» դուստր ընկերություններից մեկում, ինչը չէր կարող դուր գալ ռուսական կողմին:
«ՕԴԿԲ շեֆն ա, արա…»
Լարվածությունը սրեց Հայաստանի երկու ուժայինների՝ Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) ղեկավար Սասուն Խաչատրյանի և Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանի խոսակցության ձայնագրությունը, որում նրանք քննարկում են Քոչարյան-Խաչատուրով-Հարությունյան եռյակի դեմ հարուցված քրեական գործի մանրամասները: Ձայնագրության մեջ լսվում է, որ Վանեցյանը պատմում է Քոչարյանի գործով դատավորի հետ զրույցի մասին: Նա դատավորի անունը չի հիշում, բայց նշում է, որ նրան հանձնարարել է Քոչարյանին կալանավորելու որոշում տալ:
Բացի այդ, Վանեցյանը խոսում է Յուրի Խաչատուրովի մասին: Սկզբում նա խորհուրդ է տալիս նրան ձեռք չտալ. «ՕԴԿԲ շեֆն ա, արա, հազիվ եմ ռուսների հետ բարիշել… խայտառակ կլինենք»:
Ձայնագրությունն իրական է. դա հաստատել է Նիկոլ Փաշինյանը Facebook-ում ուղիղ եթերով: Նա հայտարարել է, որ Վանեցյանի և Խաչատրյանի գաղտնալսումը քաղաքական սաբոտաժի փորձ է և իրականացվում է նրանց կողմից, ովքեր փորձում են խուսափել պատասխանատվությունից:
Գաղտնալսման մասին աղմուկը բարձրացավ սեպտեմբերի 11-ին, բայց այն համացանցում տեղադրվել էր դեռ մի քանի օր առաջ: Ով է դա արել՝ հայտնի չէ, սակայն ձայնագրությունից երևում է, որ գաղտնալսումն իրականացվել է հեռախոսի մեջ տեղադրված սարքի միջոցով, ընդ որում գաղտնալսել են հենց ՀՔԾ պետին՝ Երևանում:
Միամտություն է կարծել, որ Փաշինյան-Պուտին հանդիպումից երեք օր առաջ պետության առաջին դեմքերը չեն իմացել այդ ձայնագրության մասին: Ավելին, ամենայն հավանականությամբ հենց դրան է նվիրված եղել Փաշինյանի այցը Մոսկվա: Իսկ թե ինչ պատասխան է տվել դրան Փաշինյանը, դա միայն ինքը գիտի, մեկ էլ՝ Պուտինը:
Այս ամենից հետո խոսել որ հայ-ռուսական հարաբերությունները «հիանալի» են և այդտեղ «ոչ մի խնդիր չկա», մեղմ ասած, խորամանկություն է: Չնայած, Փաշինյանը Պուտինի հետ իր հանդիպմանն ընդգծեց «մեր անձնական հարաբերությունների առանձնահատուկ բնույթը», որը ձևավորվել է «չնայած այն հոռետեսությանը, որ այսօր առկա է հայկական և ռուսական մամուլում»: Այստեղ Հայաստանի վարչապետը դիվանագիտորեն մոռանում է նշել, որ մամուլում այդ հոռետեսությունը Մոսկվայի պաշտոնական արձագանքն է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, գրում է Բաբայանը:
Իսկ իրականում ամեն ինչ այնքան էլ ուրախալի չէ, որքան փորձում է ներկայացնել Հայաստանի վարչապետը: Եվ ոչ էլ այնքան տխուր, որքան կարող է թվալ: Ակնհայտ է, որ երկու ղեկավարների հանդիպումն անցել է բավականաչափ լավ, որպեսզի Փաշինյանը տարածություն ունենա մանևրելու և կարողանա ամեն ինչ ներկայացնել պաստելային երանգներով:
«Գազպրոմում» գազ է, իսկ ձե՞զ մոտ
Ակնհայտորեն, որոշակի փոխընմբռնման կողմերը հասել են: Դա հնարավոր է եղել անել երկու միջոցով՝ կամ Փաշինյանը համոզել է Պուտինին, որ Հայաստանի ներքաղաքական հարցերը որևէ սպառնալիք չեն ներկայացնում Ռուսաստանի առանցքային շահերի համար, կամ Փաշինյանը որոշակի զիջումների է գնացել: Ինչը առավել հավանական է:
Նախ, որովհետև առաջին տարբերակի իրականացման համար միանգամայն հնարավոր էր շրջանցել դիվանագիտական ստանդարտ խողովակները: Դրա համար առանձնապես կարիք չկար կազմակերպել պետության ղեկավարների հանդիպում: Երկրորդ, կողմերը պայմանավորվել են, որ Հայաստանը կմասնակցի Ռուսաստանի հետ Սիրիայում իրականացվելիք մարդասիրական առաքելությանը՝ առանց ռազմական բաղադրիչի և սեփական դրոշի ներքո: Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ դա համատեղ որոշում է, Հայաստանը նման որոշման հանգել է՝ ելնելով այն փաստից, որ Սիրիայում հայկական մեծ համայնք կա:
Բայց իրականում սիրիական պատերազմի սկսվելուց ի վեր Սիրիայի հայկական համայնքը 80 տոկոսով կրճատվել է: Ընդ որում, Հայաստանում այս տարիների ընթացքում ոչ մեկ լրջորեն չէր մտածում այնտեղ մարդասիրական օգնություն ուղարկել: Ավելի շուտ դա Մոսկվայի ևս մեկ խնդրանքն էր, որին Երևանն արձագանքել է: Այլ հանգամանքներում Հայաստանի իշխանությունները չէին մտնի այդ առաքելության մեջ, ինչը հղի է եվրոպական գործընկերների և ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վատթարացնելու սպառնալիքով:
Փաշինյանի «փափկությունը» դրսևորվել է նաև այլ հարցերում: Հանդիպումից հետո նա պատմեց, որ երաշխավորել է ռուս մասնագետների մուտքը Հայաստանում գործող բիոլաբորատորիաներ, որոնք բացվել են ԱՄՆ ֆինանսավորմամբ:
Ամենայն հավանականությամբ, Փաշինյանը զիջումների է գնացել նաև այլ ճակատներով: Հայաստանի վարչապետը քաղաքական առումով այժմ շատ խոցելի վիճակում է: Դրա պատճառը նույնպես ներքաղաքական գործընթացներն են: Ունենալով Հայաստանի համար աննախադեպ ժողովրդական աջակցություն՝ Փաշինյանը պետք է փորձի ամեն գնով դա պահպանել մինչև գալիք խորհրդարանական ընտրությունները: Նա խոստացել է, որ պատգամավորների ընտրությունները տեղի կունենան ոչ ուշ, քան 2019թ. գարնանը, իսկ պատգամավորներն էլ կընտրեն վարչապետ: Հաղթելու համար Փաշինյանը պետք է համախմբի Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը, իսկ դա հնարավոր է միայն ժողովրդի լիարժեք աջակցության պարագայում:
Բացի այդ, սեպտեմբերի 23-ին տեղի կունենան նոր իշխանությունների օրոք առաջին ընտրությունները. կձևավորվի Երևան քաղաքի ավագանին- որն էլ կընտրի քաղաքապետ: Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որը Հանրապետական կուսակցության անդամ էր, ամռանը հրաժարական տվեց մի շարք սկանդալներից հետո, իսկ նոր քաղաքապետի հիմնական թեկնածուն «հայկական Ջիմ Քերին է»՝ դերասան Հայկ Մարությանը:
Այս ընտրությունները համարվում են փորձ՝ սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: Փաշինյանի համար չափազանց կարևոր է դրանք անցկացնել անբասիր և ապահովել իր թեկնածուի համար երևանցիների անվերապահ աջակցությունը: Նման պայմաններում ձախողումներն արտաքին քաղաքականության ուղղությամբ, հատկապես բոլոր իմաստներով գլխավոր համարվող դաշնակցի հետ հարաբերություններում, վարչապետը չի կարող:
Փաշինյանի ցուցադրական ուրախությունը բացատրվում է ոչ միայն երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակով, այլև հայկական իրողության մեջ ավանդական ռուսական գործոնով: Տարեվերջին լրանում է ռուսական գազի մատակարարման մասին գործող պայմանագիրը. երկիրը գազ ստանում է 150 դոլարով (1000 խոր. մետրը), դա «Գազպրոմի» ամենաէժան սակագինն է: Նոյեմբերին կսկսվեն այդ համաձայնագրի շուրջ հայ-ռուսական բանակցություններ, և Երևանը հույս ունի, ավելի կնվազեցնի գինը: Ցավոտ հարց է նաև Երևանի և Մոսկվայի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը: Երկու երկրների միջև անհարթությունների ֆոնին տեղեկություններ են տարածվում այդ ոլորտի պայմանագրերը վերանայելու մասին: Իսկ Հայաստանի համար դա ցանկալի չէ:
Թե որտեղ է Փաշինյանը զիջել և կոնկրետ ինչ մասով է Մոսկվան համաձայնել, հայտնի կդառնա առաջիկայում՝ ըստ իրավիճակի: Հնարավոր է՝ Ռոբերտ Քոչարյանը, պարզվի, անմեղ է, իսկ «Գազպրոմը» կարող է Հայաստանին գազ վաճառել 140 դոլարով: Երկու ղեկավարների հանդիպումը թույլ է տվել որոշակի փոխզիջման գալ, բայց հարցը ժամկետների մեջ է: Չէ՞ որ ինչպես իրավացիորեն նկատել է քաղաքագիտության դասական Քեննեթ Ուոլցը. «Արտաքին քաղաքականությունը ներքինի շարունակությունն է»:
Իսկ ներքին քաղաքականությունը Փաշինյանը գլխիվայր է շրջել, և դա չի կարող չազդել նախկին դաշնակիցների հետ հարաբերությունների վրա: Դրանք նույնպես հարկ կլինի կարգավորել: Իհարկե, եթե առաջիկայում ամենակարևոր ընտրություններն են, ապա կարելի է և սպասել: Ինչ կլինի հայ-ռուսական փոխզիջման հետ՝ ցույց կտա ժամանակը: Կամ էլ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան, եզրափակում է Էլեն Բաբայանը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ