«Բանակը չի կրակել, եթե կրակել են, կրակել են անհատ զինծառայողներ, որոնք ունեն անուն ազգանուններ, որոնց տակ կանգնած են մարդիկ»,- լրագրողների հարցին՝ 2007-ին լինելով գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ, տեղյա՞կ էր, որ բանակը կրակել է ցուցարարների վրա, այսպես պատասխանեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:
Նա վստահեցրեց՝ բնակչության վրա կրակելու հրաման չի տրվել ու հավելեց. «Ընդհանուր բանակը, եթե վերցնենք՝ տասնյակ հազարավոր մարդիկ, չեն կրակել. կրակել են կոնկրետ անհատներ»:
Արտակ Դավթյանը չցանկացավ մանրամասներ ներկայացնել 2008-ին տեղի ունեցած խորհրդակցությունների վերաբերյալ: Դիմելով հարց տվող լրագրողներին՝ գլխավոր շտաբի պետն ասաց. «Դուք ավելի շատ հարց տվեցիք, քան քննիչները, երբ հարցեր էին հղում ինձ: Տասը տարվա վաղեմության դեպքերի բոլոր տեղեկատվությունը, որը հասանելի է եղել ինձ, ես համապատասխան մարմինների հարցմամբ պատասխանել եմ: Քննչական մարմիններն ավելի շատ տեղեկություն ունեն, քան ես, որ հիշում եմ՝ տաս տարի առաջ՝ ինչ է եղել: Եթե որևէ մեկս պատկերացներ, որ տարիներ անց նման կարգի հարցեր կհնչեցին, միգուցե ասվեր, նկարվեր, մտապահվեին այդ գործընթացները: Քրեական գործի շրջանակներում պարզ կլինեն բոլոր խնդիրները: Ինձ իրավունք չեմ վերապահում մեկնաբանելու քրեական գործին վերաբերող հարցերը»:
Լրագրողները խնդրեցին պարզաբանել ՀՔԾ պետի այն հայտարարությունը, թե մարտի 1-ի օրերին առաջնագծից զորքեր են հանվել. առաջին գիծը նոսրացված է եղել, Արտակ Դավթյանն արձագանքեց. «Կարող եմ ասել, որ առաջնագիծը նոսրացած չի եղել: Մարտական աշխատանքը եղել է սովորական: Որպես օպերատիվ վարչության պետ՝ նաև պատասխանու եմ եղել մարտական հերթապահության կազմակերպման հետ կապված: Կարող եմ ասել, որ տվյալ դեպքերն ու առաջնագծի անմիջական գործողություններն իրար հետ չկապենք: Մարտի մեկից հետո մարտի հինգին մենք ունեցել ենք Արցախի հատվածում դիվերսիոն հետախուզական փորձ, որը կանխվել է, ընդ որում, հակառակորդն այն ժամանակ տվել է տաս-տասներկու զոհ, մեր կողմից՝ երկու վիրավոր: Դրանից հետո՝ 2014-2015-ին ունեցել ենք ութսունից ավելի նման գործողություն սահմանում»:
Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի Յուրի Խաչատուրովի որդիների հայտարարությունը, Արտակ Դավթյանն այսպես պատասխանեց. «Յուրի Խաչատուրովի որդիները, իրենց հոր՝ երկու պատերազմ անցած մարտական գեներալի տղաները, իրենց կարծիքը հայտնել են: Դրա վերաբերյալ ավելի մանրամասն իրենցից կարող եք հարցնել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ