2016թ.-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների կատարման համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամների գործով հերթական դատական նիստում այսօր շարունակվեց գործով տուժող ոստիկան Խաչատուր Մուրադյանի հարցաքննությունը: Հիշեցնենք՝ ըստ գործի նյութերի՝ նրան հաջողվել է փախուստի դիմել գնդի տարածքից, մինչդեռ խմբի անդամները հայտարարում էին, թե իրենք են ոստիկանին թողել հեռանալ:
Մուրադյանին հարցեր ուղղվեցին վիրավորված ոստիկան Գագիկ Մկրտչյանի մասին: Նա պատմեց, որ Մկրտչյանի որովայնն արյան մեջ էր. «Ասում էր՝ մեռա…»: Դատավարության կողմերը հետաքրքրվեցին՝ տեսե՞լ է, թե ինչպես է վիրավորվել Գագիկ Մկրտչյանը: Խաչատուր Մուրադյանը բացասական պատասխան տվեց:
Դատավոր Մեսրոպ Մակյանը Մուրադյանին հարցրեց ամբաստանյալներից Պավել Մանուկյանի վերջին աղմկոտ հայտարարության մասին: Հիշեցնենք՝ Մանուկյանը պնդել էր, որ թե խմբի անդամներից Էդվարդ Գրիգորյանի «պատահական» կրակոցից է վիրավորվել, իսկ հետագայում՝ արյան վարակից մահացել ոստիկան Գագիկ Մկրտչյանը (նրա սպանության համար մեղադրվում է խմբի անդամներից Արմեն Բիլյանը, ոչ թե Էդվարդ Գրիգորյանը: Գագիկ Մկրտչյանի մահը գրանցվել էր հիվանդանոցում):
Խաչատուր Մուրադյանը դատարանին հայտնեց՝ չի տեսել դրվագ, որ Գագիկ Մկրտչյանը վիրավորվել է Արմեն Բիլյանի կամ Էդուարդ Գրիգորյանի կողմից. «Ընդհանրապես չեմ տեսել, թե ոնց է նա վիրավորվել»: Խաչատուր Մուրադյանը տեղեկություններ չուներ նաեւ այն մասին, թե խմբի անդամներից ով է կրակել մյուս սպանված ոստիկանի՝ Յուրի Տեփանոսյանի ուղղությամբ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Լուսանկարում՝ ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանը