«Վերջին տասն օրվա ընթացքում հաճախակի են դարձել հակառակորդի կողմից մեր բնակավայրերի գնդակոծության դեպքերը»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:
Նա նշեց, որ այս իրավիճակը չեն կապում «Շանթ 2018» համապետական նշանակության զորավարժության հետ: Ընդհանուր ռեժիմը, որ մինչ այդ կար, պահպանվում էր: Գնդակոծությունների պատճառով վնասներ կամ հետևանքներ այս պահին դեռ չկան, ավելի շատ հոգեբանական խնդիր է:
Այնուհետև գլխավոր շտաբի պետը պաշտոնապես հայտարարեց՝ գնդակոծություններ եղել են. «Անգամ երեկվա դրությամբ գնդակոծվել է Բաղանիս, Կոթի, Ոսկեպար-Բաղանիս ճանապարհը, կրակ է բացվել Կոթիի, Վազաշենի, Չինարիի ուղղությամբ: Մեր կողմից հիմնականում հրաման է տրվել զորքին հակառակորդի բնակավայրերի վրա կրակ չբացել, բայց համապատասխան կրակով ուղղակի ճնշում ենք կրակակետերը: Ցանկացած դեպքում տալիս ենք պատասխան, վտանգի դեպքում համարժեք հրամաններ կտրվեն»:
Արտակ Դավթյանը փաստեց՝ այս տարի նախորդ տարիների հետ համեմատած մի քիչ ավելի ակտիվ է Նախիջևանի ուղղությամբ օպերատիվ դրությունը: Բայց մոտակա օրերին լարվածության աճ չեն կանխատեսում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ