«Օլիգարխ սահմանումը ես լավ չեմ ընկալում, համաձայն չեմ այս սահմանման հետ, բայց, եթե որեւէ մեկն օրենքի սահմաններից դուրս ինչ-որ մի բան կատարում է, ապա դրա համար պետք է պատասխանատվություն կրի»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Լրագրողները պատգամավորից հետաքրքրվել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի` երեկ արած հայտարարությամբ`«ռեյդ» իրականացնելու եւ օլիգարխների թիկնազորին «ասֆալտին պառկեցնելու» մասին:
Վահրամ Բաղդասարյանի սրտով չէ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթի բառապաշարը: «Ես չէի ցանկանա, որ իմ երկրի վարչապետը նման տոնով եւ նման ոճով խոսեր իր ժողովրդի հետ»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը երեկ իր ելույթում ասաց, որ ժամանակ է տալիս ՀՀ 2-րդ եւ 3-րդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին, որպեսզի յուրացրած գումարները ինքնակամ վերադարձնեն բյուջե: Վահրամ Բաղդասարյանը հակադարձում է. «Հայտարարություններով կամ նման ձեւերով ինչ-որ գումարներ կամ ընդհանրապես որեւէ գումար չեն առգրավում, դրա համար կան համապատասխան մարմիններ, կա դատարան: Եթե կան նման երեւույթներ, դատական կարգով այդ երեւույթներն ի հայտ կգան»։
Վահրամ Բաղդասարյանի կարծիքով, բարդ իրավիճակ է ստեղծվել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման արդյունքում: «Համենայնդեպս, մեզ համար դա շահեկան տարբերակ չէ: Բայց պետք չէ հանիրավի անուններ շոշափել առանց հիմքեր ունենալու։ Քննությունը կպարզի ու պատասխաններ կտանք, քանի որ հնչեղություն ունեցող հարցի շուրջ նախապես ենթադրություններ անել չեմ կարող»,- ասաց նա:
Անդրադառնալով «Մարտի 1»-ի գործով ՀՔԾ պետի կողմից արած բացահայտմանը, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը զորքը սահմանից բերել է Երեւան ու այդ առիթով Նիկոլ Փաշինյանի հեգնանքին, թե հավանաբար, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պայմանավորվել են, որ Ադրբեջանն այդ օրերին չհարձակվի, Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ նման հայտարարությունները պարզապես անթույլատրելի են. «Եթե մենք խոսում ենք նախաքննության գաղտնիքի կամ մյուս բաների մասին, պետք չէ հրապարակային ինչ-որ բաներ հայտարարել, որոնց հիմնավորումները չկան: Ընդհանուր առմամբ, շատ տհաճ երեւույթ է, որ նման ձեւերով մենք հանրությանը տրամադրում ենք իրար դեմ: Դուք նկատի ունեցեք, որ բարեկամությունը, ընկերությունը դադարեցնելը մի քանի վայրկյանի հարց է, իսկ թշնամությունը դադարեցնելը տասնյակ տարիների հարց է: Մենք պետք է գնանք սիրո եւ համերաշխության ճանապարհով»:
Ալ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ