Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենք մեզ պատկերացնում են իրենց պես մարդակեր ռեժիմ». Ալեն Սիմոնյանը` ՀՀԿ-ին

Սեպտեմբեր 12,2018 13:37

ԱԱԾ պետի եւ ՀՔԾ ղեկավարի հեռախոսազրույցի գաղտնալսումը եւ հրապարակումը ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը համարում է «փոքր ահաբեկչություն` ուղղված Հայաստանի դեմ»: Այդ մասին այսօր պատգամավորն ասաց խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում: Իսկ թե ո՞վ է հեղինակը`ասաց` հետաքննությունը կպարզի, այն էլ` կարճ ժամանակահատվածում։

Ձայնագրության բովանդակության մեջ Ալեն Սիմոնյանը որեւէ բան չի տեսել, որն իրեն անհանգստություն կպատճառի. «Տեսել եմ այն, ինչը մեր իշխանությունն ու իրավապահ մարմինները բազմիցս ասել են: Չկա որեւէ միջամտություն իրավապահ մարմինների գործունեության մեջ: Ու ձայնագրությունն ապացուցեց դա»:

Ալեն Սիմոնյանի պնդմամբ` ի տարբերություն եւ ի հեճուկս նախկինների, վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատարանների որոշումների վրա չի ազդում, դատական գործընթացներին չի միջամտում։ Իրենց իշխանությունը հանրության համար բաց է եղել եւ այդպես էլ շարունակելու է: Դրա ապացույցներից մեկն էլ, ըստ պատգամավորի, ձայնագրության տարածվելուց հետո ԱԱԾ, ՀՔԾ պետերի ասուլիսն ու պարզաբանումներն էին:

Նախորդ օրը, հանրահավաքում, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր հեղափոխության պաշտպանների մասին, որոնք ՀՀԿ-ի հետ խորհրդարանում, «քուչեքում», փորձում են պայմանավորվածությունների մեջ մտնել` նրանց ռեսուրսը քաղաքապետի առաջիկա ընտրություններում իրենց ծառայեցնելու համար: Լրագրողները հետաքրքրվեցին`ո՞ր ուժերին նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը: Ալեն Սիմոնյանը հրաժարվեց պատասխանել հարցին:

Անդրադառնալով ԱԺ ՀՀԿ-ականների այն դիտարկումներին էլ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը Հայաստանում քաղաքական տեռորի սկիզբ է, Ալեն Սիմոնյանն ասաց. «Բայց մի երեք ամիս առաջ պարոն Աշոտյանն այս ամբիոնից հայտարարում էր, որ ինքը պատրաստ է՝ որպես ԱԺ պատգամավոր, այդ բոլոր խոշտանգվածների հարցերով զբաղվել: Խնդրում եմ, դիմեք: Ես ուզում եմ ձեզ խնդրել պարոն Աշոտյանին հարցնեք՝ քանի՞ հոգի է դիմել նրան: Էս ի՞նչ հեքիաթների մասին են խոսում: Իրենք մեզ պատկերացնում են իրենց պես մարդակեր ռեժիմ: Փաշինյանի երեկվա ելույթից ես շատ գոհ եմ եւ շատ տպավորված»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել