Այսօր մամուլն էլ գրեց այն մասին, որ Թրամփ – Փաշինյան հանդիպումը չի կայանալու:
Իրականում, չարախնդալու որևէ առիթ կամ ցանկություն չկա:
Պարզապես մի քանի մասնագիտական խորհուրդ վարչապետին և իր PR-ով զբաղվողներին:
1.Արտաքին հարաբերությունների ոլորտում սայլը ձիուց առաջ մի կապեք, սա ներքին էյֆորիկ, հետհեղափոխական տեղեկատվական մանիպուլյացիաների դաշտ չէ: Այստեղ իրոք պետք է յոթը չափել, իսկ կտրելուց առաջ էլ էլի մտածել:
2.Երբեք մի բացահայտեք այն լոբբիստական աշխատանքը, որ արվում է Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի հետ կապված: Պետք չէր խրոխտ և պաթետիկ տիրաժավորել ԱՄՆ 40-ից ավելի կոնգրեսականների նամակ-խնդրանքը՝ Թրամփ-Փաշինյան հանդիպում կազմակերպելու հետ կապված:
3.Փաշինյանի բրյուսելյան այցի այցեքարտ դարձրեցիք վարչապետի պատահական լուսանկարը Թրամփի և իր կնոջ հետ՝ նպատակ հետապնդելով ցույց տալու համաշխարհային առաջնորդների հետաքրքրությունը Նիկոլ Փաշինյանի հանդեպ: Արտաքին քաղաքականության լրահոսում ֆոտո-վիզուալ հնարքները աշխատում են միայն այն դեպքում, երբ իրականության շարունակությունն են, այլ ոչ թե՝ վիրտուալ իրականություն:
4.Իհարկե, չեմ բացառում, որ հանդիպման մերժումը կապված է նաև աշխարհաքաղաքական խնդիրների հետ, իսկ անգամ այս դեպքում, առավել ևս, կեղծ սպասելիքներ մի ձևավորեք, երկար հաշվեք:
Արդյունքում ստացվում է, որ ոչ հեղափոխական իմիջը, ոչ հայտնի լուսանկարը և ոչ էլ ԱՄՆ կոնգրեսականների նամակը իրենց նպատակին չծառայեցին:
Իսկ երկրիցս դուրս Նիկոլ Փաշինյանը Հայաստան է ներկայացնում, այսինքն՝ նաև ինձ, և ես շատ կուզեի, որ նա գոնե այդ առաքելության մեջ երևար հնարավորինս պրոֆեսիոնալ:
Արմեն ԱՇՈՏՅԱՆ
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ