«Հպարտությամբ եմ ասում, որ ՀՀ-ն կարեւոր հանգրվանում է՝ ընդունելով Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթնաժողովը, որը տեղի կունենա մեկ ամսից: Այն կնպաստի ֆրանկոֆոնիայի զարգացմանը ողջ աշխարհում»,-Ֆրանկոֆոն միջազգային հասարակական կազմակերպությունների 11-րդ համաժողովում այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա վստահեցրեց, որ Հայաստանը ջանք չի խնայել՝ միջազգային գագաթնաժողովն ըստ պատշաճի ընդունելու համար. «Հայաստանյան վերջին իրադարձություններն ու քաղաքացիական շարժման ուժը բնութագրեցին մեր երկրի իրավիճակը: Հանրության մասնակցությունը ցույց տվեց, թե որքան կարեւոր են քաղաքացիական գիտակցությունը, ժողովրդավարական արժեքները: Դրանք մենք կիսում ենք մեր ֆրանկոֆոն-բարեկամների հետ»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթնաժողովը հյուրընկալելով՝ Երեւանը դառնալու է ֆրանկոֆոնիայի դիվանագիտական կենտրոնը, քանի որ ութսունից ավելի ֆրանկոֆոն-երկրների եւ կազմակերպությունների ներկայացուցիչներ այստեղ են լինելու:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ