Հայաստանի ներքաղաքական իրավիճակը կտրուկ սրվեց, ու թեև այդ սրացման հիմնական խթանիչները դրսևորվեցին նախօրեին, երբ հրապարակվեց ԱԱԾ պետի և ՀՔԾ պետի խոսակցության աղմկահարույց գաղտնալսումը, այդուհանդերձ հարկ է նկատել, որ իրավիճակում կոշտացման և սրացման միտումներ դրսևորվեցին դեռևս սեպտեմբերի 10-ին, Էրեբունի համայնքում Երևանի ավագանու արտահերթ ընտրության «Իմ քայլը» դաշինքի նախընտրական արշավի հանրահավաքի ժամանակ, Նիկոլ Փաշինյանի ելույթով:
Նա այդ ելույթով բավականին սուր և կոշտ գնահատական տվեց ուժերի, որոնք, ըստ իրեն, «քուչեքում բանակցում» են ՀՀԿ-ի հետ: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց սև-սպիտակի մասին՝ այն դեպքում, երբ մի քանի օր առաջ անհաջող էր որակել քաղաքապետի իրենց թեկնածու Հայկ Մարությանի այդ բնորոշումը: Ուրեմն ի՞նչ էր պատահել դրանից հետո, որ Նիկոլ Փաշինյանը անցավ կոշտ հռետորաբանության: Արդյո՞ք մինչ այդ հայտնի էր դարձել որևէ գաղտնալսման մասին տեղեկություն, և նա գիտեր, որ պատրաստվում է այդպիսի հրապարակում և ըստ էության՝ փորձեց անցնել կանխարգելիչ հարվածի, թեև, եթե դա այդպես էր, ապա հարվածը, ըստ էության, չօգնեց:
Մյուս կողմից՝ հրապարակված ձայնագրությունից հետո արդեն Նիկոլ Փաշինյանը անցավ էլ ավելի արմատական գործողությունների՝ հայտարարելով Ռոբերտ Քոչարյանի, Սաշիկ Սարգսյանի և պետության հաշվին հարստացած այլ անձանց առաջ իր պայմանը՝ բերել պետությունից յուրացված փողը: Միաժամանակ, ԱԱԾ-ին ու իրավապահ մյուս կառույցներին հանրահավաքի հարթակից հորդորեց երկու ժամվա ընթացքում կարգուկանոն հաստատել Հայաստանի ամբողջ տարածքում՝ ռեյդ անելով և պառկեցնելով նախկին բարձրաստիճան պաշտոնյաների և օլիգարխների թիկնապահներին:
Անցնող երկու օրերի իրադարձությունները թերևս առաջացնում են մի հարց՝ Նիկոլ Փաշինյանը գնում է վա բա՞նկ, թե՞ ուղղակի տեղի է ունենում կառավարելի սրացում, որը հայաստանյան նոր իրավիճակի, թավշյա հեղափոխության հերթական հանգրվանի, ըստ էության, տրամաբանորեն սպասելի իրադրություններից է, զարգացման հավանական սցենարներից: Իհարկե, տարօրինակ կլինի ասել, թե սցենարով է ԱԱԾ և ՀՔԾ պետերի, պետության երկու կարևորագույն հատուկ օղակների ղեկավարների խոսակցության ձայնագրությունը, սակայն խնդիրն այն է, որ ընդհանուր առմամբ տրամաբանության շրջանակում է նախորդ համակարգի դիմադրությունը, որի ընթացքում էլ կարող են լինել ահա այդպիսի գործողություններ: Խոշոր հաշվով, միամտություն է կարծել կամ ենթադրել, որ այդ ամենը չէր լինելու, դիմադրություն չէր լինելու, և նախկին համակարգի բոլոր թևերը կախարդված գնալու էին սրինգ նվագող տղայի հետևից, ինչպես հայտնի հեքիաթը պատկերող մուլտֆիլմում:
Հայաստանում տեղի ունեցողը ամենևին մուլտֆիլմ և հեքիաթ չէ, այլ քաղաքականություն և թերևս մեծ քաղաքականություն, ինչը կարող է վկայել նաև այն, որ ներկայիս թեժացումը, փաստորեն, հաջորդեց ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպմանը, որից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց «փայլուն» հարաբերության մասին, ինչը ուղղակի չէր կարող բլեֆ լինել, քանի որ հայտարարությունները իրենց բնույթով, ըստ էության, բավականին խորհրդանշական ու ռիսկային էին բլեֆի առարկա դառնալու համար: Միևնույն ժամանակ, Պուտինի հետ հանդիպումից հետո էլ ծավալված այս թեժացումը, փաստորեն, նախորդում է նաև սեպտեմբերի 14-ին Նիկոլ Փաշինյանի Ֆրանսիա կատարելիք այցին, որտեղ նա հանդիպելու է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ:
Արամ ԱՄԱՏՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում