«Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև հանդիպում այս պահին նախատեսված չէ»,-լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Տիգրան Բալայանը տեղեկացրեց՝ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր աշխատանքային այցով մեկնում է Ժնև: Սեպտեմբերի 14-15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի Փարիզ:
Դառնալով այն հրապարակումներին, թե Նիկոլ Փաշինյանը ծրագրում է Փարիզ այցելություն Վեոլիա ջրի հարցով, Տիգրան Բալայանը պարզաբանեց. «Պետք է հիասթափեցնեմ: Այս այցելության մասին ձեռք էր բերվել պայմանավորվածություն դեռ Բրյուսելում՝ Փաշինյան-Մակրոն հանդիպման ժամանակ: Սա ծրագրային այց է: Օրակարգը բավականին լայն է, պարոն Մակրոնը ժամանելու է ՀՀ պետական այցով: Սա այցի բարձրագույն մակարդակն է, ինչը խորհրդանշում է Ֆրանսիայի հետ համագործակցության մակարդակը»:
Տիգրան Բալայանը տեղեկացրեց՝ հաջորդ շաբաթ ՀՀ ԱԳ նախարարը կայցելի Ստեփանակերտ, սեպտեմբերի վերջին՝ Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին: Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցելություն Նյու Յորք, որտեղ ՀՀ կառավարության ղեկավարը կունենա նաև երկկողմ հանդիպումներ:
Տիգրան Բալայանին լրագրողները հիշեցրին՝ Տավուշում կրկին կրակոցներ են հնչել, ի՞նչ քայլեր է ձեռնարկելու ՀՀ ԱԳՆ-ն, ԱԳՆ խոսնակը պատասխանեց. «Տվյալ դեպքերում մեր գործողությունները մշակված են: Առաջին հերթին տեղյակ են պահվում համանախագահ երկրների ԱԳ նախարարները, դեսպանները, ԵԱՀԿ գործող անձնական ներկայացուցիչը, որ հերթական կոպտագույն խախտումն է եղել ադրբեջանական կողմից, բայց ստիպված ենք արձագանքել, որ շարունակական բնույթ է դա կրում: Դա Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքի հետևանքն է, որով նա մերժում է իրականացնել Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունները: Այս պայմանավորվածությունների կատարումը ոչ միայն ՀՀ-ի քմահաճույքն ու ցանկությունն է, այլ դրա վրա ոչ միայն համանախագահ երկրներն են շեշտը դնում, այլև ԵԱՀԿ-ն, ԵՄ-ն, ՄԱԿ-ը: Ընդհանրապես միջազգային հարաբերություններում ընդունված չէ որևէ սեղանի շուրջ պայմանավորվել և չպահել պայմանավորվածությունը: Սակայն Ադրբեջանի գործելաոճը տարիներ շարունակ այդպիսին է ոչ միայն ՀՀ-ի հետ պայմանավորվածությունների մասով, այլ սա արդեն բնավորության գիծ է այս պետության քաղաքականության համար»:
Դառնալով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ հարցին՝ Տիգրան Բալայանը հայտնեց՝ դեռ ժամկետներ ունեն հայտարարելու դրա մասին. «Այդ համաձայնեցվածությանը հետևելը վկայում է մեր պատասխանատու վերաբերմունքի մասին պայմանավորվածությունների վերաբերյալ: Մենք ունենք սահմանված ժամկետ՝ երբ է դրա մասին հայտարարվելու: Այդ ժամկետին դեռ պետք սպասենք»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Մարդիկ կան, որ իրօք հաւատում են, թէ Փաշինեանը Փարիզ է մեկնում «Վեոլիա» ջրի հարցը քննարկելու 🙂