Գիտությունների ազգային ակադեմիայի գրականության ինստիտուտի գրականագիտության 003 մասնագիտական խորհրդի նախագահ, նույն ինստիտուտի տնօրեն Վարդան Դեւրիկյանը պնդեց, որ այս խորհրդում կոռուպցիա, համենայնդեպս, իր ղեկավարման ավելի քան մեկ տարվա ընթացքում, չկա, ու նման դեպք հաստատող փաստեր ներկայացվելու դեպքում ինքը պատրաստ է ամբողջ խորհրդի պատասխանատվությունը վերցնել իր վրա եւ հրաժարական տալ։
«Եթե որեւէ մեկը մեր խորհրդի վերաբերյալ այդպիսի բան գտնի, ես բարոյական իրավունք չեմ ունենա ոչ միայն մասնագիտական խորհրդի նախագահ լինելու, ոչ միայն ինստիտուտի տնօրեն լինելու, այլեւ ընդհանրապես գրական-հասարակական գործունեությամբ զբաղվելու։ Որ խորհուրդը որեւէ կոռուպցիոն բան կարող է անել, դա բացառվում է, միակ թեորետիկ տարբերակն այն է, որ մեկը մեկի համար գրած լինի եւ այդ աշխատանքը պաշտպանվի։ Սակայն այստեղ էլ բացահայտելու երկաստիճան տարբերակ կա։ Առաջինն այն է, որ մեզ մոտ պաշտպանվում են աշխատանքներ, որոնք ներկայացնում են մեր գիտաշխատողներից, մեր հայցորդներից, որոնց կարողությունը մենք գիտենք եւ բաժիններում համապատասխան նախապաշտպանություն է անցնում։ Երկրորդ խումբը կազմում են այն պաշտպանողները, ովքեր մեր ինստիտուտից դուրս նախապաշտպանություն անցած աշխատանքը բերում են մեզ մոտ՝ պաշտպանելու։ Այդտեղ թեորետիկ առումով հնարավոր է, որ ինչ-որ առանձին դեպքեր լինեն։ Չնայած դա էլ մենք շատ մանրամասն քննում ենք։ Ես չեմ կարող պատկերացնել, որ մարդը կարող է փող վերցնել եւ գրականության ու համամարդկային արժեքների մասին գրել։ Գիտնականներին չպետք է նայել որպես գողերի ու կոռուպցիոներների»,- ասաց Դեւրիկյանը։
Գրականագիտության մասնագիտական խորհրդի նախագահը նշեց. «ԲՈԿ-ը կամ նախկինում ԲՈՀ-ը մեզնից որեւէ աշխատանք չի մերժել։ Միայն կարող էր ուղարկել կրկնական քննարկման այս կամ այն պատճառով»։ Վարդան Դեւրիկյանը նաեւ չի ընդունում ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի այն դիտարկումը, որ գիտությունը ծանր վիճակում է, ու դրա մեղավորը նաեւ մասնագիտական խորհուրդներն են։ Նա կարծում է, որ գիտությունը, ամեն դեպքում, ծանր վիճակում չէ:
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում