Լրահոս
Օրվա լրահոսը

Սահակ եպիսկոպոս Մաշալյան. պատրիարքական ընտրություններ չենք կարող կատարել մինչև պետությունը համոզվի. Էրմենիհաբեր

Սեպտեմբեր 12,2018 10:24

Ermenihaber.am-ը Վանա լճի Աղթամար կղզում գտնվող Սբ. Խաչ եկեղեցում սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած պատարագից հետո զրուցել է Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հետ:
Հարցազրույցը՝ ստորև.

– Սրբազան, բարև Ձեզ: Ինչպե՞ս կգնահատեք պատարագը, ի՞նչ կարող եք ասել պատարագի մասին:

– Ուրախ ենք, որովհետև 3 տարի ապահովությունից ելնելով չէինք կարողանում անցկացնել պատարագը, քանի որ այս շրջանում ահաբեկչություն կար, բայց այժմ բավական ապահով է, և այս տարի որոշեցինք գալ: Մեծ շուքով տոնեցինք: Թե՛ ուխտավորների թիվը, թե պետության հետաքրքրությունը, թե՛ մեդիայի հետաքրքրությունը շատ գոհացուցիչ էր: Վերհիշեցինք մեր հայրերի ժառանգությունը, աղոթեցինք նրանց հոգիների համար, նաև անդրադարձանք այն հանգամանքին, որ դեռ վկայություն ունենք այս հողերի վրա, և այս սուրբ եկեղեցին իր խաչով, իր անունով հազարավոր մարդկանց պատմում  ու վկայում է հայի հանճարի ու հավատքի մասին:

– Սրբազան, համայնքի մասնակցությունից գո՞հ եք: Սպասումներն իրականացա՞ն,  որովհետև Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդը 2-3 հազար մարդու մասնակցության ակնկալիքի մասին էր խոսել:

– Այո, մասնակցությունը շատ գոհացուցիչ էր, որովհետև 3 տարի չէր եղել, մեծ կարոտ կար ժողովրդի մեջ, այս օրերին քաղաքի մեջ երիտասարդների համար մեկ ռոք-ֆեստիվալ կար, այնպես որ Վան քաղաքը բավական լեցուն է: Մենք էլ մեր մասնակցությունը բերեցինք: Ուրախ ենք:

– Սրբազան հայր, կխնդրեմ մի քիչ մանրամասնեք, 3 տարի ապահովությունը գնահատվում էր ոչ բավարար: Հիմա արդեն՝ բավարար: Ասացեք խնդրեմ, նախաձեռնությունն ո՞ւմ կողմից էր՝ թուրքական կառավարությու՞նը ապահովությունը բարձր գնահատեց ու առաջարկեց շարունակել պատարագները, թե՞ պատրիարքարանը դիմեց կառավարությանն ու թույլտվություն ստացավ:

– Կառավարությունն ուզեց: Նախորդ տարիներին իրենք էին մեզ ասում, որ ապահով չէ, բայց այս տարի ասացին, որ բավական ապահով է, և մենք կուզենք, որ դուք վերսկսեք ձեր պատարագները: Պետությունն առաջարկեց, մենք ընդունեցինք, մենք նախաձեռնեցինք այս գործը: Պետությունը դյուրացրեց և ապահովության միջոցներ ձեռք առավ: Այսպիսի համագործակցությամբ գլուխ բերեցինք այս մեծ գործը:

– Այսինքն սա ենթադրում է, որ այսուհետ ամեն տարի կանոնավոր կերպով կշարունակվե՞ն պատարագները:

– Այո, եթե ապահովություն կա:

– Ի՞նչ կարող եք ասել պոլսահայ երիտասարդության և ընդհանրապես համայնքի երիտասարդության մասին:  Արդյո՞ք պատարագն ինչ-որ խթան է միասնության առումով: Արդյո՞ք երիտասարդներին մղում է ավելի կապվել իրենց արմատներին, հայությանն ու համայնքին, լինել ավելի համախմբված: Ի՞նչ կասեք այս մասով:

– Հարկավ, սա խթան է դառնում ու ներշնչում երիտասարդներին: Իսկ մնացածի մոսով մենք Պոլսում 33 եկեղեցի ունենք և շարունակում ենք պատարագներ մատուցել այնտեղ: Պատարագը նորություն չէ մեր համայնքի ու երիտասարդների համար: Եկեղեցին իր սուրբ խորհուրդները մեր երիտասարդության ներշնչանքն է, այն կապն ու օղակն է, որը ներկան կապում է անցյալի հետ: Այս առումով մենք ամեն գնով պետք է շարունակենք, մեր եկեղեցական արարողությունները, որտեղ հնարավոր է: Այս բոլորը ներշնչանք են:

– Մեկ հարց էլ Դիարբեքիրի (Տիգրանակերտ) սբ. Կիրակոս եկեղեցու մասին, բոլորին շատ հետաքրքիր կարող է լինել:  Եկեղեցին հայտնի բախումների (թուրք-քրդական) պատճառով ավերվել էր:  Այժմ փակ է այն թաղամասը, որտեղ գտնվում է մեր եկեղեցին, և թուրքական կառավարությունն այնտեղ շինարարություն է իրականացնում: Կխնդրեմ տեղեկացնել, թե ինչ ընթացքի մեջ է այս գործընթացը:

– Տիգրանակերտի Սուր թաղամասը, որտեղ գտնվում է սբ. Կիրակոս եկեղեցին, քարուքանդ է եղել, և նոր թաղամաս պիտի հիմնվի այնտեղ: Եկեղեցին իրապես մեծ վնաս է կրել, բայց այսօր այստեղ ներկա գտնվող մշակույթի նախարարը խոստացել է, որ  եկեղեցին պետական ծախսերով պետք է վերականգնվի, և արդեն գործը սկսվել է: Հավանաբար եկող տարի կկատարենք Սուրբ Կիրակոս եկեղեցու վերաբացումը և այնտեղ պատարագ կանցկացնենք:

– Սրբազան հայր, կուզեմ անդրադառնայիք պատրիարքական ընտրություններին: Վերջին շրջանում համայնքը մի փոքր անհանգիստ էր այս հարցով: Այս պահին կա՞ որևէ գործընթաց:  

– Այժմ ամեն ինչ սպասումի մեջ է: Մենք պետք եղած դիմումներն արեցինք, ժողովուրդը իր անհանգստությունը տարբեր ձևերով ներկայացրեց (թուրքական) պետությանը, սակայն մենք ներկայում պատրիարքական ընտրությունների ուղղությամբ գործընթաց չունենք: Այս ընտրությունները կատարվում են եկեղեցու և պետության համագործակցությամբ, ինչպես 2 թև ունեցող կամուրջը, որի թևերը փակվում են միասնաբար: Մենք փակեցինք՝ տեղապահ ընտրեցինք, պետությունն ասաց՝ ոչ: Հետևաբար պատրիարքական ընտրություններ չենք կարող կատարել մինչև պետությունը համոզվի:

– Այսինքն դուք բոլոր դիմումներն ուղարկել եք ու պատասխանի եք սպասում:

– Չէ՛, պատասխանը եկավ: Իրենք ասացին, որ պատրիարքը ողջ է և առողջական խնդիրների պատճառով դուք չեք կարող նոր պատրիարք ընտրել: Պաշտոնապես մեզ այսպես ասվեց: Հետևաբար մեզանից կախված չէ այն, ինչ կլինի հետո: Եթե պետությունը միտքը փոխի, այն ժամանակ էլ կլինի:

Ռաֆայել Սահակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930