Թե ինչպես եւ ում կողմից է արվել ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի ձայնագրությունը՝ դրա մասին բազմաթիվ վարկածներ են հնչել: Ինչպես որ դա սովորաբար լինում է, նման դեպքերում հայ ժողովրդի ուղիղ կեսը դարձել է գաղտնալսումների մեծ մասնագետ: Չէի ուզենա այդ վարկածներին ավելացնել իմ սիրողական դատողությունները: Իհարկե, կարեւոր է իմանալ, թե ինչպես է դա արվել՝ նման ցավալի դեպքերը կանխարգելելու համար: Եթե նման մակարդակի պաշտոնյաներին գաղտնալսելը տեխնիկապես հնարավոր է, ապա մեր հակառակորդը նույնպես գուցե կարողանա այս ճանապարհով իմանալ մեր ռազմական գաղտնիքները: Հուսամ՝ մեր երկրի ղեկավարները կկարողանան միջոցառումներ ձեռնարկել իրենց հաղորդակցության անվտանգությունը բարձրացնելու համար:
Բայց այս պահին առավել կարեւոր է ոչ թե «ինչպե՞ս»-ը, այլ «ինչո՞ւ», «ինչի՞ համար» հարցը: Եվ այստեղ ամեն ինչ քիչ թե շատ պարզ է: Ձայնագրությունը հրապարակել են Ռոբերտ Քոչարյանի, Միքայել Հարությունյանի, Յուրի Խաչատուրովի աջակիցները՝ այդ անձանց նկատմամբ տարվող քննությունը վարկաբեկելու նպատակով: Պետք է ասել, որ իրավական առումով այդ գործընթացը, իմ կարծիքով, իդեալական չի՝ չնայած այդ մարդկանց մեղսակցության մեջ որեւէ կասկած չունեմ: Բայց այդ հանգամանքը չի կարող ստվերել այն, որ Հայաստանում եւ Հայաստանից դուրս կան ազդեցիկ ուժեր, որոնք շահագրգռված չեն, որ հիշյալ երեք գործիչները ու հատկապես երկրորդ նախագահը կանգնեն դատարանի առաջ:
Ովքե՞ր են Հայաստանում Քոչարյանի աջակիցները: Պարզ է՝ կոռումպացված բյուրոկրատիան եւ գործարարների մի մասը, որն ապօրինի արտոնություններ ստանալով՝ հարստացել է Քոչարյանի իշխանության օրոք: Կարո՞ղ էին արդյոք այդ ուժերն իրականացնել գաղտնալսման «օպերացիան»: Հավանաբար` այո, հաշվի առնելով, որ ինչ-ինչ, բայց միջոցների պակաս նրանք չունեն: Իսկ «դրսից» ովքե՞ր են շահագրգռված, որ հիշյալ անձինք չհետապնդվեն: Պարզ է, թե ովքեր: Մանավանդ՝ եթե հաշվի առնենք, որ ձայնագրությունը կատարվել էր Հայաստանի վարչապետի մոսկովյան այցից առաջ, իսկ հրապարակվել էր դրանից հետո:
Հիմա ինչ՝ «դո՞ւրսը», թե՞ «ներսը»: Հարցին կարելի է հետեւյալ կերպ պատասխանել՝ դա պարզ կդառնա նրանից, թե արդյոք այդ հանցագործությունը կբացահայտվի՞, թե՞ ոչ: Բերեմ համապատասխան օրինակներ: Քաղաքական կամքի եւ պրոֆեսիոնալիզմի դեպքում «Մարտի 1»-ի գործը, այո, բոլոր հնարավորություններն ունի բացահայտվելու: Նույնը կարելի է ասել գեներալ Արծրուն Մարգարյանի, գնդապետ Վահրամ Խոռխոռունու, դատախազ Հենրիկ Խաչատրյանի սպանությունների մասին: (Ի դեպ, վատ չէր լինի այդ գործերը վերաբացել): Դրանք բոլորը «ներսի» գործեր են: Խորհրդային ՊԱԿ-ի ղեկավար Մարիուս Յուզբաշյանի սպանությունը եւ «Հոկտեմբերի 27»-ը բացահայտելն ավելի դժվար է՝ «դրսի» գործոնն է մեծ: Հիմա այս՝ վերջին գործը առաջի՞ն, թե՞ երկրորդ խմբին է պատկանում:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ԱՄՆ -ում ,,Ուոտերգեյթի,,և ,,Իրանգեյթի,,գործերով ոչ մեկը հարց չեր տալիս լրատվամիջոցները ինչպես են իմացել պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունը,նրանց հետաքրքրում էր երևույթը ,իսկ մեզ մոտ շեշտը դրվում է գաղտնալսման ,,անթույլատրելիության,,վրա,մի կողմ թողնելով հեռախոսակցության թեման ,և ոչ պակաս կարևոր՝բարձրաստիճան պաշտոնյաների ժարգոնը….:
Մյուս կողմից,պարոն Աբրահամյան,լավ է,որ Դուք դատախազ չեք,որովհետև գրում եք թե նրանց մեղսագործության մեջ կասկած չունեք….,մինչ այդ նշելով,որ իրավական առումով ,,գործը,,իդեալական չէ:Դուք էլ?բան գիտեք,որ մենք չգիտենք….
Հոդվածի բովանդակությամբ պատասխան տրվեց վերջին հարցադրմանը. և՛ այս, և՛ այն:
Պետություն եւ պետականություն ունենալու համար պետք է ունենալ պետության անվտանգության պետական կամ մասնավոր (կառավարության հետ պայմանագրային հիմունքներով) ծառայություն:
Ծառը փտում է արմատից, իսկ ձուկը՝ գլխից:
Պետք է սկսել Լեւոն Տեր-Պետրոսյանից եւ նրա ժառանգ Փաշինյանից («Էլչիբեյից»):
Մարիուս Յուզբաշյանի, Արծրուն Մարգարյանի, Հենրիկ Խաչատրյանի եւ շատ շատերի սպանությունների բացահայտումը կբերի Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի (կամ հակառակը) դուռը:
Վահրամ Խոռխոռունու սպանության բացահայտումը կվերադարձնի Մոնթեի ու Շահեն Մեղրյանի սպանություներին (Վազգեն Սարգսյանի արձանները վկա):
Ցավոք սրտի Հուսիկ Հարությունյանը ոտքով չգնաց Սոչի…
Ի վերջո, բռնեք Վանո Սիրադեղյանին եւ վերադարձրեք Կիթիգեղ:
ճիշտ է
Ձայնագրութեան էական բովանդակութեան մասին, մի՛ բառ իսկ չկայ այս խմբագրականում: Ոչ մի բառ: «Ինչպե՞ս»-ը, «ինչո՞ւ»-ն, «ինչի՞ համար»ը լայնօրէն վերլուծուած են, սակայն ոչ մի շշուկ՝ «ինչ»ին մասին…
Քաղաքական դերակատարներու կողմէ, այս մօտեցումը կը միտի նիւթին իրենց համար աննպաստ բաժինը ծածկելու, անկէ փախչելու. դա հմուտ ու ծանօթ մարտավարութիւն է: Ի դէպ, ճիշդ նոյնը ձեւով հակազդեց ԱՄՆ-ում Հիլըրի Քլինդընի խմբակը, երբ որ Ուիքիլիքսը իրենց անվայել իմէյլները հրատարակեց. երեւի նոյն ուսուցիչները ունին…
Սակայն այս պարագային, քանի որ քաղաքական դերակատարի հարց չկայ, նոյն կերպով չեմ մեկնաբանէր նիւթի այդ երեսի անտեսումը: Զայն աւելի շուտ կը հասկնամ այս կերպով՝ « դեհ լաւ, անշուշտ թէ գիտէինք թէ ոչ մի բան չէ ել փոխուած, թէ նորէն խաբում են նոյն ժողովուրդը, այդպէս ալ շարունակում է ընթանալ ամէն բան, թէկուզ հիմա ել հակառակ ուղղութեամբ՝ իրենց տիտղոսին, հեղինակութեան եւ կոչումին անարժան «դատաւոր»ները շարունակում են հլու-հնազանդ հետեւիլ գործադիր իշխանութեան կամքին, քաղաքացիներ ձերբակալվում են առանց բաւարար փաստի, այն նպատակով որ կալանքի ճնշումին տակ սկսին խոստովանիլ, եւայլն եւայլն. Այս ամէնը պարզ էր արդէն, գաղտնալսումի կարիքը չկար այդ ուղղութեամբ, ուրեմն հիմա նայինք թէ այլ ինչ խնդիրներ կան այս միջադէպի առնչութեամբ, քանի որ կատարուածի ձեւին մէջ գոնէ նորութիւն կայ… »
Այս կէտիոն վրայ, դուրսէն դիտուած ել այդպէս է: Մասնաւոր զարմանք չկայ թէ ինչ վիճակում է մնացել յատկապէս երկրի «օրինական» համակարգը:
Սակայն սոսկալի եղաւ այս առիթով տեսնելը թէ ինչպիսի վիճակում է, «պետական» գերագոյն մակարդակի, «անվտանգութեան» վիճակը: Կը կարծէինք թէ գոնէ այդ ոլորտում զօրաւոր էր երկիրը… Այդ պատրանքն ալ ցնդեցաւ, գնաց:
Այս գաղտնալսման վերաբերյալ, որպես քաղաքացի, ունեմ իմ դիրքորոշումը: Սակայն այն ներկայացնելուց առաջ ուզում եմ կիսվել, ինքս ինձ համար հայտնաբերված, հետաքրքիր երևույթի մասին: Քննադատություններից դժվար չէ հասկանալ անձի քաղաքական դիրքորոշումը: Եվ նույնիսկ, եթե դա բացարձակ քննադատություն է, չտեսնելով անգամ քննադատողին, նրա տոնայնությունից և որոշ նրբերանգներից բացահայտում ես նրա համակիր/ոչ համակիր լինելը: Եվ ինչն է հետաքրքիր, քննադատող կամ արդարացնող, սակայն ՀԱՄԱԿԻՐ, բոլորը մոտենում են հարցին ամենամեծ պահանջներով, այն է՝ օրենքով, չմիջամտելով, հումանիստորեն, տաք սրտով, սառը գլխով, մաքուր ձեռքերով և…… պատշաչ բառապաշարով: Իսկ թե ում հետ գործ ունենք, դա բացարձակ կարևոր չէ – արդար գործի սանդղակը պետք է լինի այսպիսին:
Իսկ այժմ վերադառնանք հանգամանքներին և իրական կյանքին: Երբ հասկանում ես ցանկացած խնդրի արմատը, վերաբերմունքդ փոխվում է:
Իհարկե, ինքը գաղտնալսման փաստը ԱԱ ծառայության հեղինակության համար մեծ հարված է, որից կարծում եմ, նրանք հետևություններ կանեն, թե մասնագիտական քննարկման եղանակների առումով, թե համապատասխան տեխնիկական հագեցվածության առումով: Ուզեն-չուզեն պիտի անեն, այսքանից հետո: Որոհետև, եթե առաջներում նրանք, ցուցմունքով վերևներից, մանուր-մունր գողեր բռնելու առաջադրանքներ են իրականացրել, առանձնապես չմտահոգվելով ապացույցների և փաստերի առումով (պատվերը կա), այժմ անցել են երկիր թալանողներ, մարդասպաններ, երկրի իշխանություն զավթողներ բռնելու գործընթացներին, որոնցից յուրաքանչուրը իր ռեսուրսներով, պետության մեջ պետություն է: Ես չեմ զարմանա, եթե ԱԱԾ-ն այդ սարքը նույնիսկ չունենա: Չմոռանանք, որ մենք վերից-վար թալանված երկրում ենք ապրում, որտեղ զինվորը փանփուշտ չունի, իսկ ԱԱԾ-ն, միգուցը, այդ սարքը: Խեղճ Նիկոլ, այս 20 տարի թալանված երկրում, դատարկ պետ.բյուջեյով, հսկայական արտաքին և ներքին պարտքով, արատավոր ազգային ժողովով և հանցավոր, հազարավոր կապերով կապված հին համակարգի հետ դատաիրավական համակարգով, 100 օր անց պետք է պատասխան տաս այս ամենի համար: Եվ այս ամենը պետք է անես մաքուր ձեռքերով և սառը գլխով, որովհետև ամբողջ աշխարհը խոշորացույցով զինված հետևում են քեզ:
Ինչ վերաբերում է խոսակցության նյութին: Այդ խոսակցությունից, յուրաքանչուրը իր ճաշակով պատառ պոկած և իր ճաշակով մեկնաբանած հետևությունները, անհեթեթ եմ համարում, այն պարզ պատճառով, որ եթե չլինեին ճչացող ապացույցներ, նման մաշտաբի անձերին չէին ձեռք տա: Իրենց խոսակցությունից երևում էր, որ նման մտավախություն կա, նույնիսկ ապացույցների պարագայում: Բացի այդ, պարզվեց, որ վարչապետը, հաշվի առնելով այդ հանգամանքը, ՀԱՊԿ երկրների ներկայացուցիչների հետ խորհրդակցելով, քաղաքական պատասխանատվությունը վերցրեց իր վրա, նախապես 1000 անգամ ճշտելով փաստա-իրավական բազան: Իսկ այս լրատվամիջոցների վայնասունը, յուրաքանչուրը կօգտագործի իր նպատակների և շահերի կոնտեքստում:
Բառապաշարը և ժառգոնը այս իրավիճակում ինձ համար վերջին պաստարկն է: Մեր երկիրը ավերակ դարձրեցին մաքրամաքուր և ոսկեզօծիկ հայերենի ներքո: Մինչ օրս ազգային ժողովի հանրապետականները այդ ֆորմատի մեջ են, չնայած այսքան աղաղակող բացահայտումների:
«Խեղճ Նիկոլ»-ի պարագային, այպանում էք իրմէ ծայրագոյն ակնկալութիւններ ունեցողներին: Սակայն ինք է որ ուղղակիօրէն ներշնչեց, սնանեց այդ ակնկալութիւնները, իր անպարագիծ խոստումներով, հռետորական երաշխիքներով, «կախարդական փայտիկ» ունենալու հաւաստիացումով:
Հետեւաբար, այո, զարմանալի չէ որ տակաւին չյաջողեցաւ հասնիլ իր յայտնած էական նպատակներին – բացի եթէ միակ էականը՝ ձերբազատուիլն էր նախկին նախագահից – : Սակայն դժուար է այս կացութեան մէջ «մեղքանալ» իրեն: Ոչ մէկը իրեն չստիպեց որ կատարէ ինչ որ կատարեց, եւ այդ ալ՝ շնորհիւ իր այդ անծայրածիր խօստումներուն:
Հիմա որ ինք է իշխանութեան գլուխը, ոեւէ ողջամիտ հայ խորապէս կ’ըղձայ որ ան յաջողի, որովհետեւ երկիրն ու հայրենիքն են, խնդրոյ առարկան, եւ ոչ թէ այս կամ այն անհատը:
Սակայն երբ որ նոյն ողջամիտ հայը, սկիզբէն իսկ, լաւապէս գիտէր որ անհնար որ այս մէկ մարդկային էակին բոլոր եւ ամէնաէական խոստումները իրականան, մի քիչ դժուար է կարեկցութիւն ունենալ ինքզնինք ու իր կարողութիւնները այդ աստիճան գերագնահատած անձի մը հանդէպ:
Ի դէպ, իր շեշտակի կամքով է որ, առաջին օրէն մինչեւ օրս, նա ուզում է լինել մէկ հատիկը՝ հարթակին առաջին գիծին վրայ, բեմի ամենախոշոր լոյսին տակ… Ետեւը կանգնած ջահելներով… Այսինքն, ամբողջ երկրում, աշխարհի համայն հայութեան մէջ, միմիայն ի՞նքն արժանի է այդ դիրքին, եւ ոչ մէկ կարիք չունի հասուն օժանդակութեան… Սա նորմալ վարքագիծ չէ… Եւ այդպիսի անձի հանդէպ վշտակցութիւն չի քաջալերէր, երբ որ իր այն կեցուածքին իսկ պատճառով դժուարութիւնների կը հանդիպի…
Նաեւ, ոեւէ առարկայական դիտարկումով, բացայայտ է թէ իր այդ անծայրածիր խոստումներն ու անհուն ուժի հաւաստիացումները համազօր է ժողովուրդը խաբելու, թէկուզ անգիտակցաբար, թէկուզ աշխարհի լաւագոյն միտումներով իսկ: Ժողովուրդ մը որ արդէն շատ, շատ էր խաբուել նախապէս: Սա յանցանք է իր կողմէ:
Վերջապէս, ճիշդ էք, կան դժուարութիւններ որոնց պատճառը կամ պատասխանատուն ինքը չէ: Սակայն ինք նաեւ սխալներ է գործում: Այդ իր սխալները անվերջ «արդարացնելով» չէ որ տեղ պիտի հասնի այս ամբողջ իրարանցումը:
Հարգելի Հ.Շ. զարմանում եմ Ձեր հետևություններին: «Զարմանալի չէ որ տակաւին չյաջողեցաւ հասնիլ իր յայտնած էական նպատակներին»: Հասկանում եմ ամբողջ հայության մեծ ցանկությունը ունենալ հզոր և առաջադեմ Հայրենիք, բայց ամենակարևոր և բարդ գործը սկսվում է հեղափոխությունից հետո: Մենք դեռ ճանապարհի սկզբում ենք: Կհաջողի թե ոչ, կյանքը ցույց կտա: Եթե Դուք սթափ գիտակցեիք իրավիճակը և պատկերացնեիք խնդրի բարդությունը, ականատեսը լինեիք ամեն ժամ փոփոխվող իրավիճակի, Դուք նման կտրուկ հետևություններ, այն էլ այսքան վաղ, չէիք անի: 100 օրը, նման հարցերի համար, այն էլ առանց «փայտիկի», ժամանակ չէ: Հին համակարգը իր ամբողջ ռեսուրսներով և կապերով դեռ իր տեղում է, դատաիրավական ամբողջ համակարգը, որն նախորդ իշխանությունների հենարանն էր, դեռ իր տեղում է, ոչ լեգիտիմ ազգային ժողովը դեռ իր տեղում է: Ես լինելով ոչ քաղաքագետ և ոչ էլ իրավաբան, արդեն իսկ գիտեմ, որ դեմոնտաժ անել մի ամբողջ համակարգ, խստիվ հետևելով սահմանադրությանը և օրենքներին, դյուրին գործ չէ, եթե, ընդհանրապես, հնարավոր է: Այս գաղտնալսումը ապացուցեց, որ հանցագործ համակարգը կյանքի և մահու կռիվ է տալիս, կանգ չառնելով միջոցների առջև: Նպատակը միակն է՝ պահպանել թալանածը և խուսափել արժանի պատժից: Եվ այդ առումով, հասարակության համար պարզ դարձավ, որ Փաշինյանի կողմից որդեգրված մեթոդները, չափից ավելի թավշյա են: Բայց չնայած դրան, այսօր մեր ազգային ժողովը, Քոչարյանը և Ալիևը հարց են բարձրացրել Հայաստանում դեմոկրատիայի բացակայության և դիկտատուրայի վերաբերյալ հարցեր: Պատկերացնու՞մ եք շահերի ինչպիսի համընկնում: Վերջապես, մեր նախքին համակարգը, մտահոգվեց Հայաստանում նման հարցերի շուրջ:
Ինչ վերաբերում է Փաշինյանի «անծայրածիր խոստումներին», ապա նրա միակ խոստումը՝ վերադարձնել թալանածը և ազատ ընտրության իրավունքը ժողովրդին: Երևի թե, մարտավարության տեսանկյունից, անհրաժեշտ էր, ամրապնդվել, նոր սկսել պայքարը կոռուպցիայի դեմ: Բայց ժամանակը չի սպասում, հանրությունը, աշխարհի հայությունը ցանկանում են արդյունքներ տեսնել: Եվ ինչքան շուտ, այնքան լավ: Հակառակ դեպքում կպիտակավորեն «չհաջողված»: Իսկ ով ուզում է կանգնել նրա կողքին, լույսի տակ, ճանապարհը բաց է: Մարդկային պատմության մեջ «հատիկները» հայտնի երևույթ է և եթե մեկը այդ պոտենցիալը ունի, ոչ ոք չի կարող խանգարել իրեն: Ինչը վերաբերում է «հասուն օժանդակության», կարծում եմ, նա բավականին ողջամիտ անձնավորություն է և ի վիճակի է դիմել օժանդակությանը այն հարցերում, որոնք իրեն հասու չեն: Համնայն դեպս, այն ճահիճը, որում մենք ապրում էինք, այն բարոյազրկված մթնոլորտը, որում տասնամյակներ շարունակ գոյատևում էր ժողովուրդը, այլևս անտանելի էր: Եվ Փաշինյանը այն մարդն էր, որը կարողացավ կաթի սերի պես հավաքել այդ ընդվզումը, հավատ ներշնչել և ուղղել դեպի նպատակների իրականացում: