Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Բադալյան. «Սեպտեմբերի 23-ից հետո, եթե, օրինակ, վերելակը փչանա, ոչ թե հեղափոխությանն են «կանչելու», այլ կոնկրետ քաղաքապետի որոշմանն են սպասելու». «Փաստ»

Սեպտեմբեր 12,2018 09:36

Ընդամենը երկու օր առաջ մեկնարկած Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը հետաքրքիր զարգացումների պակաս չունի: Մինչ անդրադառնալը քարոզարշավի բուն ընթացքին, քաղաքագետ Արմեն Բադալյանը «Փաստ»-ի հետ զրույցում նախ ընդգծեց, որ քարոզարշավի մեկնարկում ոչ մի արտասովոր հանգամանք չկար:

«Սովորական մեկնարկ է: Բայց բոլոր ուժերը, բացառությամբ ՔՊ-ի, կորցրեցին մի կարևորագույն ռեսուրս: Դա ժամանակի ռեսուրսն է, որովհետև անուղղակի քարոզարշավ կարող էին սկսել դեռ հուլիսի 9-ից, երբ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց: Դա շատ կարևոր էր, քանի որ 10 օրը բավականին քիչ ժամանակ է ասելիքը ներկայացնելու համար»,-ասաց քաղտեխնոլոգը: Արմեն Բադալյանը նկատեց, որ յուրաքանչյուր ուժ, քաղաքապետի թեկնածու պետք է իմանա, թե ինչով է տարբերվում մյուսից:

«Երբ դիտարկում ենք՝ տեսնում ենք, որ բոլորն էլ նույն խնդիրներն են առաջարկում: Իհարկե, լուծումները տարբեր են, բայց պետք է կարողանալ ճիշտ տարբերակել այդ լուծումները, ճիշտ ներկայացնել թեկնածուին: Օրինակ՝ «ՔՊ» թիմն առաջ է տանում հեղափոխության գաղափարը. «ապրիլ-մայիս ամիսներին հեղափոխություն ենք արել, հիմա էլ քվեարկում ենք հեղափոխության օգտին»: Ընտրված այդ բովանդակությունը ակնհայտ երևաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի 10-ի ելույթում: Նա, փաստորեն, չեզոքացնում է իրենց թեկնածուին՝ հասկանալով, որ թեկնածուն քաղաքական գործիչ չէ, մենեջեր չէ: Թեկնածուին մղում է դուրս և առաջ է տանում հեղափոխության գաղափարը՝ նշելով նաև, որ հեղափոխությունը շարունակվում է: Քաղաքապետի թեկնածուին չեզոքացնելով, ըստ էության, հաշվի է առնում նաև նրա շուրջ առկա քննադատությունները, որոնք ի վնաս «ՔՊ»-ի են: Իսկ առաջ տանելով հեղափոխության գաղափարը, շեշտը դնում է զգացմունքի վրա: Նա փորձում է խաղարկել այն զգացմունքը, որը կար ապրիլ-մայիսին և դրանով գալ նաև քաղաքային իշխանության գլուխ: Իհարկե, սա իրենց ընտրած բովանդակությունն է, բայց երևանցիները պետք է իմանան, որ սեպտեմբերի 23-ից հետո, եթե, օրինակ, վերելակը փչանա, ոչ թե հեղափոխությանն են «կանչելու», այլ կոնկրետ քաղաքապետի որոշմանն են սպասելու: Այստեղ արդեն հեղափոխությունը դեր չի կատարելու»:

Նշված ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե կան որոշ ուժեր, որոնք իրենց հեղափոխության պաշտպան են ներկայացնում, բայց թաքուն բանակցում են ՀՀԿ-ի հետ։ Անդրադառնալով հայտարարությանը՝ քաղաքագետը նշեց, որ տվյալ հայտարարությունը ևս տեղավորվում է վերոնշյալ բովանդակության մեջ

«Վարչապետը դաշտը բաժանում է սև ու սպիտակի: Ովքեր իրենց հետ են՝ սպիտակ են, ովքեր ոչ՝ սև: Այդ բաժանման վրա նա փորձում է հաղթանակ ապահովել, սա օրենքի խախտում չէ, սա իրենց բովանդակությունն է: Այստեղ առարկայական քննարկում չի տարվում, կրկին զգացմունքային՝ սև և սպիտակ դաշտում է ամեն ինչ: Անուններ չտվեց, որովհետև կարող էր դատական գործընթացում հայտնվել, որից հետո էլ իրենց կարող էին զրպարտության մեջ մեղադրել: Բացի այդ՝ պետք է հարց տալ՝ նա ի՞նչ գիտի, թե որ ուժերը ում հետ ինչ են բանակցում: Գաղտնալսո՞ւմ է տեղի ունեցել, ի՞նչ է տեղի ունեցել, և արդյո՞ք այստեղ վարչական ռեսուրսի կիրառման հարց չի եղել: Որոշակի հարցեր կան, բայց, մեծ հաշվով, հիմնական բովանդակությունը սև ու սպիտակի դաշտում է՝ «հեղափոխությունը մենք ենք անում, հեղափոխական ուժ ենք, հեղափոխությունը պետք է հաղթի, իսկ մյուսները վատն են» շեշտադրմամբ»,-ասաց մեր զրուցակիցը:

Արմեն Բադալյանը շեշտեց, որ անգամ գյուղապետի ընտրությունն է քաղաքական: «Չեն լինում ապաքաղաքական ընտրություններ այն դեպքում, երբ ղեկավար մարմին են ընտրում: Հիմա հատկապես նախորդ իշխանությունները մի կարծիք են շրջանառում, թե պետք չէ քաղաքականացնել այս գործընթացը: Սա ճիշտ չէ: Դու ընտրում ես քաղաքական թիմ, որը պետք է Երևանում քաղաքականություն իրականացնի և բոլոր բնագավառներում ի կատար ածի այդ քաղաքականությունը: Հաշվի առնելով հենց նշված հանգամանքը, այսինքն, որ իրենց թիմի քաղաքապետի թեկնածուն որպես քաղաքական գործիչ չի ընկալվում, Նիկոլ Փաշինյանը փորձում է քաղաքական առումով չծրագրայնացնել այդ գործընթացը, այլ բերել զգացմունքային՝ հեղափոխական-հակահեղափոխական դաշտ, որը կոնկրետ չէ, վերելակ նորոգել չէ, փողոցի ասֆալտապատում չէ, ընդամենը զգացմունքայնություն է, կամ՝ սև ու սպիտակ: Այդուհանդերձ՝ սա քաղաքական ընտրություն է, որտեղ քաղաքական թիմ են ընտրում, որի ներկայացուցիչը քաղաքապետ է լինելու»,եզրափակեց քաղտեխնոլոգը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930