Տեղեկատվությունը հետեւյալն է՝ Հայաստանի Հանրապետությունում առեւտրային բանկերի ավանդները 2018 թվականի հուլիսի վերջին կազմել են 2,7 տրլն դրամ։ Տեղեկատվության հեղինակը նշում էր, որ դա «ռեկորդային ցուցանիշ է ՀՀ բանկային համակարգի պատմության մեջ» եւ ուշագրավ է համարում, որ «ապրիլին՝ քաղաքական իրադարձություններով պայմանավորված, ավանդները նվազել էին 103,8 մլրդ դրամով, սակայն արդեն մայիս ամսից դրանք սկսեցին վերականգնվել եւ հուլիսին, ինչպես նշեցինք, գերազանցեցին նախահեղափոխական մակարդակը»։
Առաջին հայացքից տպավորիչ է, իհարկե, բայց միայն առաջին հայացքից:
Նախ՝ ո՛չ լրատվամիջոցը, ո՛չ էլ մանավանդ Նիկոլ Փաշինյանը բանկերից ապրիլին գումարների նման ահռելի ծավալով արտահոսքի մասին ոչինչ չէին ասում, իսկ նրանք, ովքեր ասում էին, հարձակման էին ենթարկվում զոմբիների կիբեռբանակի կողմից:
Հիմա պարզվում է, որ նրանք ընդունում են, որ բանկերի գումարների խոշոր արտահոսք է եղել, ինչը մեկ անգամ եւս փաստում է նոր իշխանության եւ նրա ղեկավարի կողմից մշտապես ապատեղեկատվություն տարածելու կամ իրեն ոչ ցանկալի փաստերը թաքցնելու սովորության մասին:
Գումարների վերոնշյալ արտահոսքը լուրջ ցնցում է եղել մեր բանկային համակարգի համար: Բարեբախտաբար այդ ցնցումը հաղթահարվեց եւ գոնե այդ առումով ստիպված չեղանք ոմանց իշխանատենչության համար վճարել մեր երկրի ֆինանսական համակարգի փլուզմամբ:
Հարկ է նաեւ ընդգծել, որ այդ ցնցումը հաղթահարվեց ոչ թե նոր կառավարության, այլ Հայաստանի բանկային համակարգի կայունության եւ ամրության շնորհիվ, որը դիմագրավեց «թավշյա հեղափոխությանը»: Հիմա պարզվում է, որ ավանդները վերականգնվել, անգամ գերազանցել են նախահեղափոխական մակարդակը:
Ծիծաղելին այն է, որ անգամ այս դեպքում Նիկոլ Փաշինյանը դա համարում է իր կամ իր կառավարության հանդեպ վստահության նշան: Մինչդեռ, ինչպես նշեցինք, դա վստահություն է տասնամյակների ընթացքում ստեղծված բանկային համակարգի նկատմամբ եւ վկայում է այն կայացնողների բարձր մասնագիտական ունակությունների մասին:
Այդուհանդերձ կառավարությունն ունի իր մասնակցությունը նման ռեկորդային ցուցանիշում, բայց դրա առկայությունն ավելի շուտ վկայում է կառավարության եւ, ցավոք, մեր տնտեսության հանդեպ անվստահության եւ հոռետեսության մասին:
Եթե բանկերում սկսվում է ավանդների ծավալների նման ռեկորդային աճ արձանագրվել հեղափոխություն կոչվող ցնցումից հետո, ապա, բացի բանկերի կայուն լինելուց, դրա պատճառն այն է, որ տնտեսության մեջ ներդրումներ կատարելու փոխարեն ավանդատուները նախընտրում են ավելի ապահով տեղ դնել իրենց գումարները:
ՍԱՀԱԿ ԱՐԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում