Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փաշինյանի «հարցերն» ու Պուտինի ժպիտը

Սեպտեմբեր 12,2018 12:00

«Չի նշանակում, որ մեր հարաբերություններում չկան հարցեր»

Սեպտեմբերի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցի շրջանակում Մոսկվայում հանդիպեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Դա Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Պուտինի երրորդ հանդիպումն էր, եւ մինչ հանդիպումն արդեն կանխատեսել էին, որ կլինի ամենաառարկայական հանդիպումը նախորդ երկու հանդիպումներից հետո:
Նախ՝ անդրադառնանք պաշտոնական հայտարարություններին: Ըստ վարչապետի աշխատակազմի տարածած մամլո հաղորդագրության՝ Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմավարական գործընկերությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել երկկողմ ու բազմակողմ ձեւաչափերով համագործակցության օրակարգին եւ զարգացման հեռանկարներին՝ քաղաքական, ռազմատեխնիկական, տնտեսական, հումանիտար եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում:

Պուտինը բանակցությունների մեկնարկին նշել է. «Երեւի թե կարիք չկա առանձնապես խորանալու մեր հարաբերությունների բնույթի մեջ. դրանք լրիվ առանձնահատուկ բնույթ են կրում: Եվ դա դրսեւորվել է դարերի ընթացքում, այլ ոչ միայն մեր եւ ձեր համատեղ աշխատանքի ընթացքում: Այսօրվա դրությամբ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները կայուն զարգանում են բոլոր ուղղություններով: Դա վերաբերում է քաղաքական հարաբերությունների ոլորտին, ռազմական ոլորտին, անվտանգության հարցերին, տնտեսական համագործակցությանը»: ՌԴ նախագահը հարկ է համարել հիշեցնել, որ ՌԴ-ն առաջին տեղն է զբաղեցնում Հայաստանի տնտեսական գործընկերների շարքում, որ ամենախոշոր ներդրողն է Հայաստանի տնտեսությունում, ու նշել է, որ այդ իմաստով հարաբերությունները բավական դիվերսիֆիկացված են: «Դա էներգետիկայի ոլորտն է, այդ թվում` ածխաջրածնային էներգետիկան, գազի մատակարարումը, ընդ որում` ամենացածր գնով, որով «Գազպրոմն» աշխարհում գազ է վաճառում` 150 դոլար 1000 խմ-ի դիմաց, ատոմային էներգետիկան, ջերմային էներգետիկան: Մենք զարգացնում ենք հարաբերությունները եւ մետաղագործական արդյունաբերությունում, ընդ որում` տարբեր ուղղություններով, եւ մեքենաշինության ոլորտում: Մի խոսքով` մենք քննարկելու հարցեր ունենք: Հատկապես ուրախալի է, որ նախորդ տարի ապրանքաշրջանառությունն աճել է գրեթե 30 տոկոսով, իսկ այս տարվա առաջին կիսամյակում աճն արդեն կազմել է 22.2 տոկոս, այսինքն` եթե այսպես շարունակվի, մենք կգերազանցենք նախորդ տարվա ցուցանիշները: Մեր համագործակցության ծավալը մեծ է: Շատ ուրախ եմ Ձեզ տեսնել` քննարկելու մեր ընթացիկ փոխգործակցությունը եւ զարգացման միջնաժամկետ հեռանկարները»:

Իսկ Փաշինյանը բանակցությունների մեկնարկին նկատել է, որ վերջին 4 ամսվա ընթացքում արդեն 3-րդ հանդիպումն է, եւ այդպիսի պարբերականությունն ընդգծում է հայ-ռուսական հարաբերությունների հատուկ բնույթը եւ նաեւ՝ Պուտինի հետ անձնական հարաբերությունների հատուկ բնույթը. «Ցանկանում եմ ընդգծել, որ ի հեճուկս որոշակի հոռետեսության, որ այսօր գոյություն ունի ե՛ւ հայաստանյան, ե՛ւ ռուսաստանյան լրատվական տիրույթում եւ սոցիալական ցանցերում, կարծում եմ, որ մեր հարաբերությունները զարգանում են շատ դինամիկ, շատ բնական, եւ գլխավոր խնդիրը, որը պետք է փորձենք լուծել, մեր հարաբերությունների զարգացման համար առկա ողջ ներուժի բացահայտումն է: Բայց դա չի նշանակում, որ մեր հարաբերություններում չկան հարցեր. Աստված հեռու պահի այդպիսի իրավիճակից, երբ հարաբերություններում չկան հարցեր, քանի որ դա կնշանակեր, որ հարաբերություն ընդհանրապես գոյություն չունի: Վստահորեն կարող եմ ասել, որ մեր հարաբերություններում չկան անլուծելի հարցեր, եւ մենք այսօր կքննարկենք հարցերի շատ լայն շրջանակ»:
Այնուհետեւ Փաշինյանը վստահեցրել է, որ «հարցերը կլուծվեն մեր դաշնակցային հարաբերությունների շահերի նկատմամբ հարգանքի, մեր երկրների շահերի նկատմամբ հարգանքի, մեր երկրների սուվերենության նկատմամբ հարգանքի եւ միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի հիման վրա», ապա հավելել է, որ ուրախ է, որ ՌԴ ներկայացուցիչները, ամեն անգամ խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին, ընդգծում են նաեւ այդ առանցքային հարցերը:

Ապա Փաշինյանը շեշտել է, որ գլխավոր խնդիրն է հայ-ռուսական հարաբերություններում առկա ողջ ներուժի բացահայտումը. «Մենք, իհարկե, ունենք փայլուն հարաբերություններ, բայց, կարծում եմ, պետք չէ դրա վրա կանգ առնել. հատկապես մեծ ներուժ ունենք քաղաքական, տնտեսական, ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում եւ ընդհանրապես հումանիտար կապերի ամրապնդման առումով: Իհարկե, մենք շահագրգռված ենք մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ եւ սերտացմամբ. նկատի ունեմ ոչ միայն երկկողմ հարաբերությունները, այլեւ համագործակցությունը ե՛ւ Եվրասիական տնտեսական միության, ե՛ւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում, եւ ընդհանրապես մյուս ոլորտներում»:
Այսպիսով, թեեւ Փաշինյանն իր պաշտոնական հայտարարություններում չի հերքել հայ-ռուսական հարաբերություններում առկա «հարցերը», ավելին՝ նա հարկ է համարել շեշտել, որ այդ «հարցերը» պետք է լուծվեն «երկրների շահերի նկատմամբ հարգանքի, երկրների սուվերենության նկատմամբ հարգանքի եւ միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի հիման վրա»: Ինչպես ասում են՝ ուղերձը առավել քան հստակ է: Ռուսական կողմն էլ՝ ԱԳ նախարար Լավրովի մակարդակով, խոսեց Հայաստանի ներքին գործերին չմիջամտելու մասին, սակայն ակնհայտորեն որոշ գնահատականներ, օրինակ՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը բնորոշելու, նախկին պաշտոնյաների նկատմամբ քրեական գործեր հարուցելու շուրջ, այնուամենայնիվ, ոչ այլ ինչ էր, եթե ոչ՝ գոնե փորձ՝ միջամտություն ներքին գործերին:

Պուտինը ծիծաղել է ու ասել, որ «նման բան չկա»

Ռուսաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպել էր ռուսաստանաբնակ հայազգի գործարարներին: Նա նախ գործարարներին ներկայացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդյունքները. «Ռուսաստանի նախագահի հետ միասին արձանագրել ենք, որ հայ-ռուսական հարաբերություններում չկա որեւէ խնդիր, եւ բոլոր հարցերի շուրջ կա ըմբռնում: Ի թիվս մի շարք այլ ոլորտների՝ քննարկել ենք նաեւ տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Սա լավ ազդակ է ձեզ համար եւս` Հայաստանի տնտեսությունում նոր ներդրումներ անելու եւ տարբեր ոլորտներում ծրագրեր նախաձեռնելու համար»: Փաշինյանը հանդիպմանը գործարարների հետ հարցուպատասխանի ընթացքում ներկայացրել է մեր երկրի տնտեսության զարգացման վերաբերյալ կառավարության տեսլականը, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում կատարվող քայլերը, ներդրումների պաշտպանության եւ խրախուսման, գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, հարկային օրենսդրության, պետական կառավարման համակարգի բարեփոխումները: Նա ՀՀ տնտեսության զարգացման առաջնահերթությունների շարքում մատնանշել է թեթեւ արդյունաբերության, ադամանդագործության, ոսկերչության, զբոսաշրջության, ինտենսիվ գյուղատնտեսության ոլորտները, իսկ թիվ մեկ գերակայությունը բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն է:
Անդրադառնալով ներդրումների երաշխիքներին` Փաշինյանը նշել է, որ թե՛ հայաստանյան, թե՛ օտարերկրյա ներդրումների պաշտպանությունը երաշխավորված է ՀՀ օրենսդրությամբ. «Ամենակարեւոր արձանագրումը հետեւյալն է` որեւէ բիզնես գործունեություն պետք է իրականացվի օրինականության շրջանակում: Մենք պետք է ստեղծենք համագործակցության մթնոլորտ եւ միասին զարգացնենք մեր հայրենիքը»: Նա հայտնել է, որ կառավարությունը քննարկումներ է անցկացնում ներդրումների պաշտպանության նոր մեխանիզմների, ինչպես նաեւ «ներդրումային մեկ պատուհան»-ի ներդրման շուրջ` նպատակ ունենալով դյուրացնել գործարարների շփումը պետական կառավարման համակարգի տարբեր օղակների հետ եւ բարձրացնել պետություն-բիզնես երկխոսության մակարդակը: Ինչ վերաբերում է հարկային օրենսդրության բարեփոխումներին, Փաշինյանի խոսքով` գործադիրը նախաձեռնել է լուրջ փոփոխություններ` նպատակ ունենալով հնարավորինս պարզեցնել հարկման համակարգը եւ բարելավել գործարար միջավայրը:

Ի դեպ, ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը պատմել է, որ Ռուսաստանի նախագահի հետ քննարկել են բոլոր հարցերը, եւ նշել է, որ հայ-ռուսական հարաբերություններում այսօր խնդիրներ չկան. «Ես պատմեցի Պուտինին, որ կան խոսակցություններ, թե Ռուսաստանի իշխանությունները գործարարներին թույլ չեն տալիս ներդրումներ կատարել Հայաստանում: Պուտինը ծիծաղեց եւ ասաց, որ նման բան չկա»: «Մեր երկրները հենվում են մեկը մյուսի շահերը հարգելու եւ մեկը մյուսի գործերին չմիջամտելու վրա»,- հավելել է Փաշինյանը հայ գործարարների հետ հանդիպմանն ու վստահեցրել. «Հայ-ռուսական հարաբերություններն այսօր ավելի լավ են, քան երբեւէ եղել են»:
Մոսկվայում Պուտինի հետ բանակցություններից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց. «Արդյունավետ զրույց ունեցանք, որի արդյունքներով կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են: Մեր հարաբերություններում չկա ոչ մի պրոբլեմ, ոչ մի ուղղությամբ»:

«Ժառանգել ենք հայ-ռուսական վատ հարաբերությունները նախորդ կառավարությունից»

Սեպտեմբեի 8-ին Մոսկվա մեկնելուց առաջ «Զինուժին» տված հարցազրույցում հայ-ռուսական հարաբերությունների մասին խոսելիս Նիկոլ Փաշինյանը որոշ մեկնաբանություններով արձանագրեց, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում որոշակի հարցերը ի հայտ են եկել նախկին իշխանության ժամանակ: «Եթե Ադրբեջանի կողմից ՌԴ-ից մեծածավալ զենք գնելու փաստը հայ-ռուսական հարաբերությունների վատ լինելու փաստ են, ուրեմն մենք ժառանգել ենք հայ-ռուսական վատ հարաբերությունները նախորդ կառավարությունից, որովհետեւ մինչեւ իմ վարչապետ դառնալը Ադրբեջանը ՌԴ-ից ավելի քան 5 մլրդ դոլարի զենք է գնել»: Նա հավելել է, որ հայ-ռուսական հարաբերությունների այն մակարդակը, որը ունեցել ենք մինչեւ հեղափոխությունը, դա ամենեւին հարաբերությունների այն ձեւն ու բովանդակությունը չէ, որ բխում է ՀՀ շահերից: «Ես գտնում եմ, որ մեր հարաբերությունները պետք է լինեն շատ ավելի եղբայրական, շատ ավելի գործընկերային ու դաշնակցային»,- նկատել էր նա:

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում տեղի է ունեցել քաղաքական մի փոփոխություն, որը բացառիկ է, եւ իր կարծիքով՝ «ՌԴ եւ ՀՀ ղեկավարների մակարդակով չկա թյուրըմբռնում, թե ինչ է տեղի ունեցել ՀՀ-ում: ՌԴ նախագահի հետ շփման մեր առաջին րոպեներից ես հարկ եմ համարել, որ ՌԴ նախագահը մանրամասնորեն ունենա տեղեկատվություն ՀՀ-ում կատարվածի ողջ կոնտեքստի համար, բայց մենք տեսնում ենք, որ ռուսական մամուլում ու ռուսական քաղաքական շրջանակներում անընդհատ այդ թեզը տարվում է, որ այնուամենայնիվ, շատ հնարավոր է, որ սա այն չէ, ինչ ներկայացնում են մեր գործընկերները: Մեր մոտեցումը շատ հստակ է, ինչպես Արեւմուտքում գործող գործիչների, այնպես էլ ՌԴ-ի համար շատ բնական ենք համարում, որ նրանց ժամանակ է պետք գնահատելու համար, թե ինչ է տեղի ունեցել ՀՀ-ում: Մենք համբերատար, առանց որեւէ վերապահման կաջակցենք մեր գործընկերներին, որ նրանք հավաստիանան մեր գործողությունների անկեղծության եւ ազնվության մեջ: Սա շատ կարեւոր է: Ինձ համար, որպես ՀՀ վարչապետ, ամենակարեւորը հետեւյալն է՝ ՀՀ-ն պետք է լինի վստահելի գործընկեր միջազգային հարաբերությունների ասպարեզում: Մեր «այո»-ն «այո» պետք է լինի, «ոչ»-ը՝ ոչ»: Հարցին՝ գնալու ենք ՌԴ-ի հետ հարաբերությունների ջերմացման ու խորացմա՞ն, Փաշինյանը պատասխանել էր, որ Պուտինի հետ հանդիպումների բովանդակությունը թույլ է տալիս ասելու, որ հայ-ռուսական հարաբերությունները բնականոն եւ պոզիտիվ զարգացումներ կունենան. «Հիմա այս փուլում, երբ ՌԴ քաղաքական էլիտայի հիմնական մասը, այնուամենայնիվ, վստահ չէ, որ ՀՀ-ում տեղի է ունեցել այն, ինչի մասին ասվում է, նույնը՝ ԵՄ-ի, ԱՄՆ-ի, մենք այս իրավիճակը պետք է ի գիտություն ընդունենք ու մեր գործողություններով կառուցենք մեր վստահելի գործընկերոջ իմիջը, ես համոզված եմ, որ մենք այդ ճանապարհով էլ կգնանք»:

Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, Փաշինյանը վստահեցրեց՝ «Մեր կառավարության, անձամբ իմ գործողությունները միտված են լինելու մեր երկրների հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելուն, ինչը չի նշանակում, թե մենք չենք զարգացնելու մեր հարաբերությունները ԵՄ-ի, Իրանի, Վրաստանի հետ, բայց այդ հարաբերությունները երբեք մեկը մյուսի հաշվին չեն զարգանալու: Իհարկե, ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները առանձնահատուկ տեղ ունեն, առանձնահատուկ նշանակություն, մենք հույս ունենք այդ հարաբերությունների արդյունավետությունը էականորեն մեծացնել»:

Ամփոփումը՝ «Առավոտ»-ի սեպտեմբերի 12-ի համարում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 11.09.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930