Սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության ավագանու երիտասարդ թեկնածուները՝ Արաբկիր վարչական շրջանից առաջադրված Ազատուհի Սիմոնյանը և Աջափնյակ վարչական շրջանից առաջադրված Արգիշտի Գևորգյանն այսօր կազմակերպել էին աղբի հավաքագրում և տեսակավորում՝ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության ներկայացուցիչների եւ ավագանու այլ թեկնածուների մասնակցությամբ: «Միասին հանուն Երեւանի» կարգախոսով հանդես եկող թեկնածուները քաղաքացիներին բացատրում էին աղբի տեսակավորման կարեւորությունը, սովորեցնում աղբը տեսակավորել եւ ներկայացնում իրենց նախընտրական ծրագրի՝ Երեւանի աղբահանությանն առնչվող առաջարկը:
Մասնավորապես, ՀՅԴ ավագանու թեկնածու Ազատուհի Սիմոնյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ առաջարկը ներառում է երեք կետ՝ քաղաքացու կողմից աղբի տեսակավորում, աղբի վերամշակման գործարանի ստեղծում եւ աղբից այլընտրանքային էներգիայի ստացում:
«21-րդ տարում ամեն քաղաքացի պետք է սովորի իր ստեղծած աղբը տեսակավորել: Համոզված ենք, որ «Սանիթեք»-ի աղբամանների կողքին պետք է տեղադրվեն աղբի տեսակավորման տարաներ: Սա աղբի վերամշակման առաջին փուլն է: Մինչեւ աղբը կհասնի գործարան, քաղաքացին ինքը պետք է այն տեսակավորի: Եւ վերջում, մենք առաջարկում ենք ստեղծել հատուկ տեխնոլոգիական գործարան, որտեղ աղբից այլընտրանքային էներգիա՝ գազ եւ հոսանք կստացվի եւ կօգտագործվի տնտեսության մեջ»,-ասաց Ազատուհի Սիմոնյանը: Հավելենք, որ ՀՅԴ ավագանու թեկնածուներն աղբահավաքը կշարունակեն նաեւ վաղը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Լուսանկարը՝ Ազատուհի Սիմոնյանի