«Ես չեմ ցանկանում քաղաքականացնել այս ընտրարշավը, բայց թող ոչ ոք չկասկածի, որ մենք կարող ենք այնպիսի քաղաքական հարթություն այն տեղափոխել, որ վստահեցնում եմ` որեւէ մասնակից քաղաքական ուժ ոչ այդ դուխին կդիմանա, ոչ էլ այդ խելքին: Բայց մենք խնդիր չունենք քաղաքականացնելու այս ընտրությունը»,- այսօր Դավթաշեն վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:
«Մենք չենք ուզում այս ընտրությունը քաղաքականացնել, որովհետեւ վթարված վերելակներից, անմխիթար տրանսպորտից օգտվում են եւ հեղափոխականները, եւ հակահեղափոխականները, որովհետեւ ինձ համար, ԲՀԿ համար, չկա իմ երեւանցի եւ չկա մյուսի երեւանցի: Ամենավտանգավոր եւ ամենակործանարար բանը «մեր դեմ խաղ չկա» բանաձեւն է, որովհետեւ չկա եւ չի եղել այդպիսի քաղաքական ուժ, որը կարողանա երկար մարսել «մեր դեմ խաղ չկա»-ն: Եվ ամբողջ ժողովրդի անունից խոսելու բարոյական իրավունք ունի միայն ժողովուրդը: Ես, որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ, կարող եմ եւ իրավունք ունեմ խոսելու միայն ժողովրդի մի հատվածի անունից, որը վստահում է ԲՀԿ-ին»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:
Թեկնածուն անդրադարձավ հակահեղափոխականների փնտրտուքին: Նաիրա Զոհրաբյանի կարծիքով, որեւէ ներդրող երբեք ներդրում չի անի մի երկրում, որտեղ անընդհատ հեղափոխական եւ հակահեղափոխական են փնտրում, որովհետեւ փողը սիրում է կայուն միջավայր, սիրում է վստահելի գործընկերներ. «Մենք այս վերջին տարիներին մեկ բանի դեմ ենք պայքարել, պայքարել ենք Հանրապետական կուսակցության մենաշնորհի դեմ, որպեսզի այլեւս մեր երկրում որեւէ քաղաքական ուժինը չլինի եւ խորհրդարանը, եւ կառավարությունը, եւ Երևանի քաղաքապետարանը: Եվ եթե կա քաղաքական ուժ, որը հիմա կփորձի ձգտել տոտալ վերահսկողության բոլոր իշխանական օղակներում, ուրեմն ես չեմ հավատա այդ քաղաքական ուժի ազնվությանը, որ իրենց նպատակը սիրո եւ համերաշխության հեղափոխությունն էր: Պիտի լինեն տարբեր քաղաքական ուժեր, վերահսկող տարբեր կառույցներում, որպեսզի մենք կարողանանք միմյանց վերահսկել»:
Նաիրա Զոհրաբյանի կարծիքով, երբեք չի կարելի քվե տալ որեւէ քաղաքական ուժի, որ կհայտարարի, որ ինքը անսխալական է, երբեք որեւէ սխալ չի արել, ինչ-որ արել է` ճիշտ է արել. «Բայց երկու բան ես միշտ ասում եմ` ԲՀԿ-ի վրա արյուն չկա եւ ԲՀԿ-ի վրա թալան չկա: Վստահեք մեզ»:
Նաիրա Զոհրաբյանը դավթաշենցիներին հորդորեց`անպայման գնալ ընտրության, անտարբեր չլինել: Ինքը հավատում է, հույս ունի, որ քսան տարիների այլանդակ ընտրություններից հետո այս անգամ Երեւանում տեղի են ունենալու ազատ եւ արդար ընտրություններ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ