Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունն այսօր սկսել է իր քարոզարշավը Էրեբունի համայնքից: ԺՈՒԿ-ի քաղաքապետի թեկնածուն Մանուել Գասպարյանն է՝ ԱԺ նախկին պատգամավոր, ԺՈՒԿ-ի հիմնադիր Մանուկ Գասպարյանի (երջանկահիշատակ) որդին:
Ո՞րն է քաղաքապետի թեկնածու Մանուել Գասպարյանի նախընտրական ծրագրի առանցքային կետերը, եւ ինչո՞ւ երեւանցին պետք է ձայն տա ԺՈՒԿ-ի, մեր այս հարցին ի պատասխան Գասպարյանը սկսեց հիշել իր անցյալը, երբ մասնակցել էր ընտրություններին. «Եթե անձնապես չեն ճանաչում, բարի լինեն ձայն տան այն մարդուն, ում ճանաչում են: Ես իմ անցած ուղիով ժողովրդի մեջ ունեցել եմ վստահության քվե: 2009 թվականին մասնակցելով Քանաքեռ-Զեյթունի համայնքի ընտրություններին վաստակելով 8240 ձայն, կեղծելով իմ դեմ…ես դատարանում ապացուցեցի, որ դա կեղծ քվեաթերթիկ է եղել եւ հիմքերը բավարար էր, որ ի օգտին լիներ որոշումը, դատավորն ասաց՝ քաղաքական որոշում կա, ես չեմ կարող»:
Մեր դիտարկմանը՝ դա անցյալ է, իսկ ի՞նչ ապագա եք խոստանում երեւանցիներին, Երեւանի զարգացման ի՞նչ ծրագրեր ունեք, պարոն Գասպարյանն անցավ ծրագրերին՝ տրանսպորտային խնդիրներ, կանաչապատում, ոռոգման ցանցի արդիականացում, եւ նաեւ մայրաքաղաքի ընդհանուր սեյսմակայունության խնդիրը:
Քաղաքապետի թեկնածուն ասաց, որ ծրագրով նախատեսում են ուսանողների եւ կենսաթոշակառուների համար ուղեվարձի 50 տոկոս զեղչ:
Մանրամասները՝ տեսանյութում
Գասպարյանի ծրագրային դրույթներից է նաեւ՝ Երեւանը գտնվելով սեյսմիկ վտանգավոր գոտում, պետք է դադարեցնել բարձրահարկ շենք-շինությունների կառուցումը. «Մենք Կենտրոն համայնքը համարում ենք փակ տարածք: Ոչ մի շինարարությունը այսուհետ չի լինելու Կենտրոն համայնքում»:
Մանրամասները՝ տեսանյութում
«Երեւանցուն այսօր պետք է այն մարդը, որն իր բակից սկսած, տրանսպորտից վերջացրած, կանաչապատումով… կանաչապատ տարածքներն էլ բոլորս տեսնում ենք, մենք գտնվում ենք ամենալքված համայնքներից մեկում՝ Էրեբունիում, վերածվել է աղբանոցի, եւ ինչու չէ՝ նաեւ այն սիզամարգերը, որ եղել են…այսօր ոչ մի հատ ոռոգման ցանց չկա, ես նայում եմ իմ շուրջը: Մենք ոչ մի ծառ չենք տնկելու, եթե չապահովենք ոռոգման ցանց»:
Գասպարյանը նաեւ ասաց՝ «Կուզենայի կուսակցություններին, հատկապես երեւանցիներին հիշեցնել՝ ով՝ որտեղ է եղել»:
Մանրամասները՝ տեսանյութում
«ՔՊ»-ի թեկնածու Հայկ Մարությանին էլ ողջունեց եւ ասաց. «Ոչ մի բառ չունեմ վատաբանելու, ես ընդամենը կասեի՝ միգուցե լավ դերասան, միգուցե ծանոթ երեւանցիներին որպես դերասան: Թող որոշում կայացնի երեւանցին՝ ավագանու ցուցակում ովքեր են ներառված»:
Գասպարյանը նաեւ հորդորեց ընտրողներին՝ աչալուրջ լինել ընտրակաշառքների դեպքերին:
Մանրամասները՝ տեսանյութում
Մեր հարցին՝ խոսեցիք ընտրակեղծիքներից, իսկ ովքե՞ր կարող են ընտրակեղծիքների դիմել, նախկինում, ինչպես փորձագետներն ու ընդդիմադիրներին էին ասում, նախկին իշխանություններն էին անում, հիմա այդ ուժը չի մասնակցում ընտրություններին, Գասպարյանը պատասխանեց. «Նախորդ ուժերը փորձում են սաբոտաժով անկայուն վիճակ ստեղծել»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ