ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին և ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկաել Ժանի համատեղ մամուլի ասուլիսը
11 Սեպտեմբերի, 2018
Բարի օր, սիրելի՛ բարեկամներ,
Նախ ներողություն եմ խնդրում. մենք մի փոքր ուշացումով եկանք ձեզ մոտ, ինչը նաև ցույց է տալիս, թե որքան հարուստ և մեծ է մեր օրակարգը, որը մենք քննարկում ենք Գլխավոր քարտուղարի հետ: Կցանկանայի առիթից օգտվել և արդեն ձեր ներկայությամբ ևս մեկ անգամ ողջունել և բարի գալուստ մաղթել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարին՝ տիկին Միկաել Ժանին՝ մեր շատ լավ բարեկամին, ով իսկապես բավական մեծ ներդրում է ունեցել մեր կազմակերպության օրակարգը զարգացնելու և առաջ տանելու համար:
Այժմ ես բավական մեծ մարտահրավեր ունեմ իմ առջև, որովհետև շատ բան ունեմ ձեզ ասելու, ձեզ հետ կիսվելու, բայց նաև ժամանակի խնդիր ունեմ, ուստի կփորձեմ հնարավորինս հակիրճ, բայց առավելագույնս փոխանցել ձեզ, թե ինչ օրակարգի շուրջ ենք աշխատում մենք այսօր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում:
Տիկին Միկաել Ժանի այցը տեղի է ունենում ՖՄԿ 17-րդ գագաթաժողովից մեկ ամիս առաջ, և սա բնականաբար մեր հիմնական քննարկման թեմաներից է: Մենք նաև քննարկում ենք այն գերակայությունները, այն առաջնահերթ հարցերը, որ կան Ֆրանկոֆոնիայի, ՖՄԿ բոլոր անդամ-պետությունների օրակարգում և որոնք իրապես մեծ ներուժ ունեն՝ առաջ տանելու Ֆրանկոֆոնիայի դերակատարությունը, Ֆրանկոֆոնիայի ազդեցությունը և օգտակարությունը մեզ՝ ՖՄԿ անդամ-պետություններիս համար: Այդ առումով Ֆրանկոֆոնիան՝ որպես լեզվական բազմազանության, որպես մուլտիլինգվիզմի և ֆրանսերեն լեզվի տարածման կարևոր լծակ, բավական մեծ դեր է ունեցել մեր երկրի համար: Այն հաստատությունները, այն տարբեր հարթակները, որոնք օգնում են մեր հասարակության մեջ զարգացնելու լեզվի բազմազանությունը, և որպես փոքր երկիր, գիտեք, թե որքան կարևոր է փոքր երկրների, փոքր ժողովուրդների համար հնարավորինս մեծ թվով լեզուների տիրապետելը, այդ առումով Ֆրանկոֆոնիան իսկապես շատ կարևոր հարթակ է մեզ համար:
Սակայն ավելի կարևոր է այն, որ լեզուն նաև գործիք է՝ առաջ տանելու մեր ընդհանուր արժեքները և մեր ընդհանուր նպատակները, և մեր համագործակցությունը, որովհետև Ֆրանկոֆոնիան իրապես բավական հարուստ է իր անդամակցությամբ. իր մեջ ներառում է Աֆրիկյան մայրցամաքի երկրներ, Հարավային, Հարավ-Արևելյան Ասիայի, Լատինական Ամերիկայի, Կարիբյան տարածաշրջանի, Հյուսիսային Ամերիկայի և բնականաբար Եվրոպայի երկրներ, որոնք աշխատում են միասին, օգտագործում են այդ համագործակցությունը մեր ընդհանուր արժեքներն առաջ մղելու համար: Դրանք են բազմազանությունը, համերաշխությունը, մարդասիրության արժեքները, մարդու իրավունքները, ժողովրդավարությունը:
Այս արժեքներն առաջ տանելու շուրջ են կառուցված մեր գերակայություններն անմիջապես 17-րդ գագաթաժողովի համար: Մենք նպատակ ունենք որքան հնարվոր է պրակտիկ արդյունքներով հանդես գալ և պրակտիկ արդյունքներ ունենալ գագաթաժողովի ընթացքում, ինչպես նաև մեր երկու տարվա նախագահության ընթացքում՝ 2018-2020թթ.:
Վստահ եմ, որ գագաթաժողովը Հայաստանի համար մեծ, նաև ուրախ իրադարձություն է լինելու: Մենք փորձում ենք, որքան հնարավոր է, ցույց տալ մեզ և մեր մշակույթը և մեր արժեքները կիսել մեր գործընկերների, մեր բարեկամների հետ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում:
Իհարկե, բովանդակային շատ կարևոր մաս է լինելու: Մենք արդեն վերջնականացնում ենք բանակցությունները մեր մյուս գործընկերների հետ, դա տեղի է ունենում Փարիզում՝ ՖՄԿ կենտրոնակայանում: Մենք նպատակ ունենք «Ապրել միասին» թեման արտացոլել Երևանյան փաստաթղթում, որը բոլորիս համար ուղեցույց է լինելու մեր այդ արժեքներն արտացոլելու, արտահայտելու առումով:
Երևանյան հռչակագիրը կարևորագույն փաստաթղթերից է լինելու: Ընդունվելու են շատ կարևոր բանաձևեր, որոնց շուրջ բանակցություններն արդեն ավարտական փուլում են, որոնցից կցանկանայի հատկապես ընդգծել Կանանց և տղամարդկանց իրավահավասարությանը վերաբերող բանաձևը:
Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում նաև երիտասարդությանը և ապագային, ինչն արտացոլված է թե տեքստերում ներառված մեր նպատակներում, թե մեր գործունեության մեջ: Մենք իրականում կարևոր նշանակություն ենք տալիս և պրակտիկ արդյունք ենք ցանկանում տալ նաև Ֆրանկոֆոնիայի շրջանակում գործարարության և տնտեսական համագործակցության հարցերին՝ առավել ևս ուշադրություն դարձնելով նորարարության թեմային: Այդ առումով մենք կազմակերպում ենք հատուկ ֆորում, որը վերաբերում է նորարարություններին և տնտեսական համագործակցությանը՝ Տնտեսական ֆորում, որը տեղի է ունենալու ԹՈՒՄՈ կենտրոնում, ինչը նույնպես բավական խորհրդանշական է՝ որպես նորարարությունների կենտրոն: Մենք նպատակ ունենք, որպես արդյունք, ստեղծել թվային ոլորտին վերաբերող ֆրանկոֆոն նախարարների ցանց:
Ուրախ մասը վերաբերելու է Ֆրանկոֆոն ավանին. հոկտեմբերի 7-ից 12-ը Երևանի Ազատության հրապարակում գործելու է Ֆրանկոֆոնիայի ավանը: Մենք շուրջ 40 տաղավար ենք ունենալու, որտեղ անդամ-պետությունները, բնական է՝ նաև մենք, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի քարտուղարությունը, ունենալու են տաղավարներ, այդ օրերի ընթացքում ցուցադրվելու է մեր մշակույթը, արվեստը, արհեստը:
Նաև խոստանում ենք բավական հետաքրքիր, լավ և ուրախ միջոցառում՝ համերգ Հանրապետության հրապարակում, որտեղ ցույց ենք տալու մեր տաղանդը, մեր արվեստը և պատիվ ենք ունենալու այստեղ հյուրընկալելու ֆրանկոֆոն աշխարհի տարբեր աստղերի:
Կարծում եմ, որ շատ երկար կարող եմ շարունակել: Եթե որևէ բան մոռանամ, վստահ եմ՝ տիկին գլխավոր քարտուղարն ինձ կլրացնի: Ցանկանում եմ կրկնել, որ Հայաստանի համար սա բավական մեծ պատիվ է և պատասխանատվություն: Մենք Ֆրանկոֆոնիայի նոր անդամ ենք, բայց բավական վստահ և հպարտ անդամ ենք: Եվ մենք մեր անդամակցությամբ և մեր գործունեությամբ փորձում ենք բազմակողմ համագործակցության այս հարթակն օգտագործել՝ թե՛ մեզ համար, թե՛ մեր գործընկերների հետ միասին՝ աշխատելով առաջ տանելու այն ընդհանուր արժեքները, որոնք միավորում են անդամ-պետություններին Ֆրանկոֆոնիայի շրջանակներում:
Այսքանով կսահմանափակվեմ և ուրախությամբ խոսքը կցանկանամ փոխանցել Ձեզ, տիկին Ժան:
***
Իսկապես շատ կարևոր հարց հիշեցրիք, որ քաղաքացիական հասարակության դերակատարությունն այս ամենի մեջ շատ մեծ նշանակություն ունի: Եվ Ձեր ներկայությունը և մասնակցությունը վաղը կայանալիք միջոցառմանը, որը վերաբերում է քաղաքացիական հասարակությանը, շատ մեծ նշանակություն ունի: Նաև վստահ եմ, որ լրագրողների համար հետաքրքիր կլինի իմանալ, որ գագաթաժողովի օրերին տեղի է ունենալու նաև ֆրանկոֆոն երկրների լրատվամիջոցների ներկայացուցիչների 47-րդ համաժողովը:
Հանրային ռադիո: Պարո՛ն նախարար, եթե թույլ կտաք, թեմայից դուրս երկու հարց ունեմ. առաջիկայում արդյո՞ք նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում, ի՞նչ փաստաթղթի շուրջ են բանակցությունները ընթանալու: Եվ երկրորդը, Սիրիա հումանիտար օգնություն տրամադրելու հարցում արված հայտարարությունը կխնդրեմ մի փոքր պարզաբանեք: Սա արդյո՞ք ահաբեկիչների համար թիրախ չի դարձնի Հայաստանի Հանրապետությունը:
Զոհրաբ Մնացականյան: Շնորհակալություն Ձեր հարցերի համար: Ինչ վերաբերում է իմ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը, Ձեզ կխնդրեմ մի փոքր համբերություն, որպեսզի մենք կարողանանք, պարզապես փորձում եմ լինել շատ կոռեկտ և հայտարարություններն անել համաձայնեցված ձևով: Այդ ամենի մասին մենք կհայտարարենք համաձայնեցված, որպեսզի մենք պահպանենք կանոնը և միմյանց հանդեպ հարգանքը:
Բայց կնշեմ, որ մենք ավելի վաղ խոսել ենք այդ մասին, որ մենք ներգրավված ենք բանակցային գործընթացում, որ արտահայտել ենք մեր հավատարմությունն այդ գործընթացին և խաղաղ բանակցություններին: Գիտեք, որ հուլիսին Բրյուսելում արդեն տեղի է ունեցել հանդիպում, և պայմանավորվածություն կա շարունակելու այս գործընթացը, կազմակերպել հաջորդ հանդիպումը, որը տեղի է ունենալու շատ շուտով: Ինչպես նշեցի, մենք համաձայնեցված կերպով այդ մասին կխոսենք:
Ինչ վերաբերում է Ձեր երկրորդ հարցին. գիտեք, որ Հայաստանի համար մեծ նշանակություն ունի Սիրիայում տիրող իրավիճակը, ոչ միայն այն առումով, որ հարցը վերաբերում է տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը, բայց և այն առումով, որ մենք ընդգծված անհանգստություն ունենք մեր հայրենակիցների անվտանգության համար: Գիտեք, որ Հայաստանն արդեն հյուրընկալել է մեր հայրենակիցներին այստեղ այս տարիների ընթացքում՝ 2011թ. ի վեր: Գիտեք, որ բացի Դամասկոսում մեր դեսպանությունից, գործում է նաև Գլխավոր հյուպատոսությունը Հալեպում, որն առօրյա ռեժիմով աշխատում է և փորձում հնարավորինս ներդրում ունենալ մեր հայրենակիցների անվտանգությանը վերաբերող հարցերում: Այդ առումով Հայաստանի Հանրապետությունն առաջին անգամ չէ, որ տրամադրել է հումանիտար օգնություն մեր հայրենակիցներին և Սիրիայի բնակչությանը:
Մեր հայրենակիցների հարցը շարունակում է մնալ կարևորագույն խնդիր մեզ համար և այդ տրամաբանությամբ է, որ մենք գործում ենք և աշխատում նաև մեր գործընկերների հետ: Գիտեք, որ այս հարցում, նախկինում ևս, Ռուսաստանի Դաշնությունը օգտակար է եղել, որպեսզի մենք կարողանանք ֆիզիկապես հասցնել հումանիտար օգնությունն այնտեղ: Այս դեպքում ևս մենք աշխատելու ենք միասին, որպեսզի կարողանանք տեղում մեր ներդրումն ունենալ՝ խիստ անվտանգության, հումանիտար կոնտեքստում: Սա մեզ համար, առաջին հերթին, հումանիտար գործողություններ են:
ՀՀ ԱԳՆ