Երեւանի ավագանու ընտրություններին «Հայք» կուսակցությունը ներկայացել է 59 հոգանոց ցուցակով, որը գլխավորում է Գեւորգ Հովսեփյանը: «Հայք» ցուցակի անդամները, այդ թվում` Պետրոս Քացախյանը, Հրաչյա Սարգսյանը, Ռուբեն Նահատակյանը, Արա Հովհաննիսյանը, Միքայել Քացախյանը, Շենգավիթ համայնքում հանդիպեցին ընտրողների հետ:
Քաղաքացիները նրանց դիմում էին ամենաբազմազան հարցերով` սկսած տարրական կենցաղայինից, վերջացրած պետության ապագայով: Ընտրողներից մի կին ասաց, որ հաշմանդամություն ունի, բայց այդ վիճակով գնում է աշխատելու, իսկ իր երեխան սառը ջրով է լողանում, քանի որ հոսանքն անջատված է:
«Արտագաղթը, քաղաքաշինությունը, շուկան, քաղաքի առօրյան…»,-այս ամենը մեր խնդիրներից են»,-ասաց Պետրոս Քացախյանը: Նաեւ շեշտեց` իրենք ազգային են, պետականամետ, բայց ոչ իշխանամետ:
«Մենք ազգային ենք, մեզ համար շատ թանկ են ազգային արժեքները, մեզ համար ընդունելի չէ, որ սոցիալական պրոբլեմներից ճնշված մեր ժողովուրդը ինչ-ինչ քայլերի գնա, դրա համար որոշեցինք, որ ոտքի ենք կանգնելու…Ո՞վ էր լսել, որ ոստիկանական բաժանմունքի վրա հարձակում լինի… Մենք ուրիշ քաղաքական ուժերից ընդգծված ժխտական վերաբերմունք չեն տեսել մեր ազգային դիմագծին ոչ հարիր երեւույթների հանդեպ, մենք ասում ենք` անպայման մեր ազգային ֆիլտրով պետք է անցնեք, մեզ չի կարելի պարտադրել արժեքներ, որոնք մերը չեն»,-ասաց Քացախյանը:
Քաղաքացիներից մեկին մտահոգում էր այն հարցը, որ փոքրամասնության ձայնը հաճախ ավելի լսել է, նա մտահոգված էր կրկին խաբվելու հեռանկարից. «Մենք մեր բազմոցներին նստած մտածում ենք, թե ուր է էն թռչունը, որ մեզ պետք է տանի ու էլի խաբված ենք մնում…»: Քաղաքացին նաեւ դժգոհեց վերջին իրողություններից, ասաց, որ Նիկոլ Փաշինյանը մտել է Իլյիչի կերպարի մեջ ու երկրում առկա են կրկնակի չափանիշներ:
«Կար մի վիճակ, որ փոփոխության անհրաժեշտություն ուներ, փառք ու պատիվ մեր ժողովրդին, որ ոտքի կանգնեց փոփոխության անհրաժեշտությամբ: Հիմա փոփոխությունը տեղի է ունեցել, եւ եթե ժողովուրդը փոփոխությունը թողնի ու գնա տուն, մենք կանգնենք կոտրած տաշտակի առաջ»,-ասաց Պետրոս Քացախյանը:
Նա հավելեց, որ ընտրությունները յուրատեսակ ինդիկատոր են, որպեսզի իմանանք, թե ինչ երկիր ենք ուզում ունենալ հետագայում: «Մենք ողջունում ենք փոփոխությունները, ուզում եք, որ շրջադարձ չլինի, հին փոսը չգնանք, իսկ առաջ գնալու համար պետք է մասնակցենք պրոցեսներին»,- շեշտեց նա:
«Հայք» անդամները նշեցին, որ յուրաքանչյուր ոք այս երկրի համար կրում է պատասխանատվություն: Ռուբեն Նահատակյանն էլ ասաց, որ հեղափոխությունը մի փուլն է ընդամենը, որն անհրաժեշտ փուլ է, բայց իրենք առայժմ չեն տեսնում հոգեւոր ազգային բաղադրիչը: «Մեր խնդիրն է հոգեւոր, ազգային գաղափարներով, քաղաքակրթական արժեքներով լցնել դատարկությունը, որովհետեւ միայն բռնելով չէ: Բռնելն էլ է պետք, բայց եթե քաղաքակրթական արժեք չլինի, վակուում է գոյանում, եւ այդ վակուումը լցվում է օտար արժեքներով…»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ