Այսօր ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, որը գաղտնալսումների հետ կապված ԱԱԾ պետի հետ ասուլիս էր հրավիրել, ուշագրավ տեղեկություններ հայտնեց՝ Մարտի 1-ի գործի հետ կապված: Նա նախ խոսեց 0038 հրամանի մասին, ասաց, որ ընտրությունների արդյունքները հրապարակելուց մեկ օր առաջ է եղել հրամանը, այսինքն, մեկ օր առաջ Քոչարյանն ու Միքայել Հարությունյանը տեղյակ էին, որ ԿԸՀ-ն Սերժ Սարգսյանին պետք է ճանաչի հաղթող թեկնածու. «Քոչարյանի պաշտպանները հանդես եկան հայտարարություններով, թե այդ խմբերը ստեղծվել են, որ թույլ չտան, որ Գագիկ Մելքոնյանը եւ Մանվել Գրիգորյանը բանակին ներգրավեն ինչ-որ գործընթացներում, քանի որ ունեին զենք:
Մի խոսքով, այնպիսի մեկնաբանություններ բերեցին, որոնք առնվազն լուրջ չեն: Դրանցի հետո ասացին, որ բանակը չի մասնակցել Մարտի 1-ի իրադարձություններին, այլ բերվել է զորանոցային վիճակի: Մեր քննությամբ արդեն իսկ հիմնավորվել է, որ բանակը ոչ միայն մասնակցել է Մարտի 1-ի միջոցառումներին, բանակը կրակե՛լ է: Բանակը կրակել է մարդկանց բնակարանների ուղղությամբ: Մենք ունենք կոնկրետ ապացույցներ, որ ՀՀ ԶՈւ զինծառայողները ավտոմատ հրազենից կրակ են արձակել Լեո փողոցի բնակարանների պատշգամբների ուղղությամբ, երբ ինչ-որ մի տեղից վառվող շիշ է նետվել: Բանակը ամբողջ ծավալով մասնակցել է գործողություներին»:
Երկրորդ բացահայտումը, որ արեց պարոն Խաչատրյանը, հետեւյալն է. «Գաղտնի հրամանից հետո,երբ որոշվել է, որ Երեւանում հավաքեն տարբեր զորամիավորումներից զինծառայողների, սահմանում կանգնած զինվորը շաբաթներով հերթապահել է առանց հերթափոխի, ստեղծվել են վտանգավոր իրավիճակներ, եղել է դիվերսիա արդյունքում, սա ապացուցվել է քրեական նյութերով:
Իսկ ամենախայտառակ բանը, որ արել են բանակի հետ, նախկին պաշտոնյաների կողմից մեր բանակի զինվորներին վարձկաններ սարքելն է: Քրգործով հիմնավորվելն է, այդ փաստը ապացուցող փաստեր կներկայացնեմ, ընդ որում՝ բնօրինակներ, որ այդ ընթացքում՝ մինչեւ մարտի 8-ը մինչեւ ընկած ժամանակահատվածը բանակի զինվորներին բաժանվել են գումարներ նրա համար, որ պաշտպանեն իրենց, իրենց ունեցվածքը, իրենց քաղաքական նկրտումները»:
Սասուն Խաչատրյանը ցուցադրեց այն մատյանը, որը առգրավվել է ՀՔԾ քննիչի կողմից: Մատյանում նշված են այն զինծառայողների անունները, որոնց գումարներ են տրվել՝ հրամանատարների ստորագրությամբ. «Այդ գումարները հանվել են օլիգարխների, պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձանց հաշիվներից: Կոնկրետ անձանց հաշիվները կհրապարակենք հետագայում: Ես չգիտեմ ոնց են սրա բացատրությունը տալու մեր երկրի նախկին ղեկավարները, ինչպես են բանակի մեր զինվորներին դարձրել վարձկաններ, հանել մեր ժողովրդի դեմ»:
Լրագրողները հորդորեցին նշել օլիգարխների անունները՝ ՀՔԾ պետը պատասխանեց. «Հետագայում, նշեմ, որ փախնե՞ն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ