Սեպտեմբերի 11-ին էլեկտրոնային մամուլում տվյալներ են հրապարակվել առերևույթ հանցագործության՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՀ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունը գաղտնալսվելու մասին:
Մասնավորապես Էլեկտրոնային զանգվածային լրատվության տարբեր միջոցներով հրապարակումներ են տեղադրվել, որոնցում հղում է կատարվել «youtube.com» կայքում տեղադրված ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՀ ՀՔԾ պետի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցության ձայնագրությանը, համաձայն որի հիշյալ պաշտոնատար անձանց միջև խոսակցություն է ընթանում կոնկրետ քրեական գործի վերաբերյալ:
Նկատի առնելով, որ առերևույթ առկա է անձի հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու, առանձնակի արժեք ունեցող տեղեկատվություն ստանալու նպատակով համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ հաղորդվող տեղեկատվությունը որսալու հանցավոր արարքների հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի և 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով:
Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
Դատախազության հանրային կապերի բաժին