Լրահոս
Օրվա լրահոսը

Ով է ձայնագրել Վանեցյանին ու Սասուն Խաչատրյանին. Կասկածներ կան, որ օլիգարխներն են արել

Սեպտեմբեր 11,2018 18:15

Համացանցում հայտնված աղմկահարույց ձայնագրությունների հետ կապված այսօր հրավիրած ասուլիսում ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն ասաց, որ տարօրինակ փաստ է, որ իրենց են ձայնագրել, մանրակրկիտ քննություն կարվի ու կպարզվի, թե ով է ձայնագրել: Գլխավոր դատախազությունում գործ է հարուցվել այդ փաստով:

Ինչ վերաբերում է խոսակցությանը՝ Վանեցյանն ասաց, որ խոսակցությունը եղել է Քոչարյանի՝ դատարանի հայտնի վճռի կայացման օրը, ուզել են համոզված լինել, որ գործում թերացում չկա. «Եղել է զուտ իրավաբանական քննարկում, ստացել եմ մի հաղորդագրություն՝ փորձագիտական կարծիք, որտեղ եղել է հիմքերի հետ կապված պարզաբանման խնդիր, հաղորդագրությունն ուղարկել եմ պարոն Խաչատրյանին»:

Վանեցյանն ասաց, որ խոսակցության ժամանակ ինքը ՌԴ-ում չի եղել, եղել է Ժնեւում՝ մեքենայի մեջ, գնալիս է եղել օդանավակայան, խոսել է Viva Cell-ի իր համարով. «Հայաստանից թալանված գումարները վերադարձվելու են, մարդասպանները կանգնելու են դատարանի առջեւ, էդ պրոցեսն անկասելի է,- հայտարարեց Վանեցյանը:

Խոսելով այն մասին, որ վարչապետը, ըստ ձայնագրության, ասել է, որ պետք է կալանավորեն, փակեն, Վանեցյանը պարզաբանեց. «Ճիշտն ասած, ես տենց մանրակրկիտ չեմ լսել խոսակցությունը, վարչապետը չի ասել փակել, վարչապետն ասել է, որ քրգործով անցող անձինք, անկախ իրենց զբաղեցրած պաշտոններից, դիրքից, պետք է ենթարկվեն պատասխանատվության, եթե կան հիմքերը կալանավորելու»:

Խոսելով դատավորի հետ կապված դրվագի մասին, որ պետք է փակես՝ ուզես, թե չուզես՝ Վանեցյանն ասաց, որ այդ խոսակցության մեջ կարող են լինել անճշտություններ, որովհետեւ երբեւիցե չէին ենթադրի, որ կարող են գաղտնալսվել. «Հիմա կարող եք ամեն բառը հանել ու մեկնաբանություն ուզել: Փորձագիտական կարծիք է եղել, ես ուզեցել եմ լսել նաեւ պարոն Խաչատրյանի կարծիքը: Ես Հրաչի հետ չեմ խոսել, չեմ ճանաչում, այստեղ գալուց առաջ պարզվեց, որ դա այն դատավորն է, որը կալանք է տվել Քոչարյանին, բայց ես Հրաչին ծանոթ չեմ: Դա անհերքելի փաստ է, բոլորը կարող են տեսնել, որ ես դատավորի հետ անգամ ծանոթ չեմ»:

Ձայնագրության մեջ ասվում է, որ ռուսների հետ հազիվ ենք բարիշել, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Խաչատուրովին չկալանավորեք: Վանեցյանը այս մասին հարցին ի պատասխան ասաց. «Գաղտնիք չէ, թավշյա հեղափոխությունից հետո որոշ շրջանակներ սկսել էին տարածել, որ ՀՀ-ում նոր իշխանությունները փոխում են իրենց արտաքին քաղաքական վեկտորը, այդ մտահոգությունը կար նաեւ մեր ռուս գործընկերների մոտ, որը հերքվել է»:

Հարցին՝ հնարավո՞ր է մինչեւ քննության ավարտը հրաժարական ներկայացնեք՝ Վանեցյանը եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը պատասխանեցին, որ եթե լինի հանրային պահանջ՝ կներկայացնեն, պաշտոնից չեն կառչել:

Հարցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ գաղտնալսում են ԱԱԾ տնօրենին եւ ԱԱԾ ներսի՞ց են եղել գաղտնալսողները՝ Վանեցյանը պատասխանեց՝ «Երկու կառույց կա՝ ԱԱԾ եւ ՀՔԾ, որը ստանձնել է դեր արմատախիլ անել այս երկրում անօրինականությունը: Մեր կողմից կատարված աշխատանքները շատ արդյունավետ եւ դրական են ընդունվում հասարակության կողմից եւ այս կարճ ժամանակահատվածում մենք այնքան գործ ենք արել, որ վերջին 10-20 տարվա ընթացքում իրավապահ մարմինները չէին արել, կարող եմ ապացուցել թվերով, հենց այնպես չեմ ասում»:

Վանեցյանն ասաց, որ այս ձայնագրությունը տարածելու հիմնական նպատակն է, որ թուլացնեն իրենց՝ ԱԱԾ-ին, ՀՔԾ-ին, որ գործը թողնեն կիսատ: Նա վստահեցրեց, որ չեն հասնելու իրենց ուզածին, հիմա ավելի հաստատակամ են անելու այն, ինչ սկսել են: Վանեցյանի խոսքով՝ «Եթե ձայնագրել են եւ ՀՔԾ պետին, շատ հնարավոր է, որ գաղտնալսեն բոլորին՝ վարչապետին, ՊՆ նախարարին…Իմ համար հանելուկ է ով է ձայնագրել, եթե ԱԱԾ ներսում է արվել, շատ ցավալի է»:

Ավելի ուշ Վանեցյանն ասաց, որ ԱԱԾ-ում դավաճաններ չկան: Նա կասկածում է, որ իրենց ձայնագրել են օլիգարխները, որոնք մեծ միջոցների են տիրապետում եւ կարող էին այդ ձայնագրող սարքերը ձեռք բերած լինել:

https://www.facebook.com/aravot.am/videos/1882391981829773/

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Պարոն Վանեցեանին պիտի խնդրենք, որ մի առ ժամանակ հարցազրոյցներ չտայ: Աչքը շինելու փոխարէն ունքն էլ է քանդում:

    Երկրի ԱԱԾ պատասխանատուն իրաւունք չունի նման հրատապ հարցերը քննարկելիս այս կարգի բառապաշար օգտագործի (այն էլ հեռախօսով ու արտերկրից): Անլո՛ւրջ է ու վտանգաւո՛ր:

    • SV says:

      Բառապաշարը ճաշակի հարց է և ոչ մի կապ չունի արհեստավարժության հետ: Ուրիշ հարց, որ նրանք այդ նեղ մասնագիտական հարցերը պետք է քննարկեին ուրիշ եղանակով: Մի մոռացեք, որ գործ ունենք այն կարգի հանցագործների հետ, որոնք կարող են Հայաստան երկիրը իրենց կարողություններով տասն անգամ գնել և վաճառել: Եվ թանկարժեք գաղտնալսման համակարգը իրենց համար խնդիր չէ: Իսկ եթե ավելի խորը վերլուծենք, ես չէի զարմանա, եթե պարզվեր, որ նույնիսկ մեր ԱԱԾ-ն չունի այդ գաղտնալսման համակարգը: Ահա սա է մեր երկրի վիճակը, երբ զինվորը փամփուշտ չունի, իսկ ԱԱԾ-ն անհրաժեշտ սարքավորում: Հին համակարգի ինչին էր այս ամենը: Խոշոր թալանչիների դերը իրենք ստանձնել էին, իսկ մանր-մունր գողերին բռնելու համար մեծ ներդրումներ պետք չեն: Դե, արի Նիկոլ Փաշինյան, այս ամենի տակից դուրս արի: Որտեղ ձեռքը չի գցում, ամեն տեղ նույն վիճակն է: Այս ամենի ներքո ավելորդ չեմ համարում հիշեցնել (ինչու՞ ոչ) Պուտին հոպար (pardon) երևույթի առկայությունը: Ամերիկայի նման երկիրը այս երկու տարին աղաղակում է իրենց ընտրություններին Ռուսաստանի կողմից միջամտության մասին: Այնպես որ, այս պարագայում մեր մասնագետների բառապաշարը, որոնք այսօր իրենց և իրենց ընտանիքների կյանքը վտանգելով դուրս են եկել պայքարի, կարծում եմ, պետք է վերջին հարցը լինի:
      P.S. Ի դեպ, ես շատ մեծ կասկածներ ունեմ, մեր նախքին “քաղաքական էլիտաի” բառապաշարի վերաբերյալ, որոնց մաքրամաքուր և ոսկեզօծիկ հայերենով դիվանագիտորեն փաթեթավորված ճառերը, գրվում էին Վիգեն Սարգսյանի նմանների կողմից: Սակայն դա բոլորովին չխանգարեց իրենց ավիրել մեր երկիրը: Հարգելի Արթուր Լազարյան, հարգում եմ Ձեր էսթետիկ հակումները, սակայն թույլ կտամ ինձ մեկ դիտարկում անել՝ աշխատեք ցանկացած իրավիճակում զատել առաջնայինը երկրորդականից:

      • Artur Lazarian says:

        Բառապաշար ասելով իրենց ժարգոնային հայերէնը նկատի չունեմ (ընգեր, խի, շուխուր, պրոստը) 🙂 Երբ երկրի ապահովութիւնը վտանգուած է, ոսկեղէնիկ հայերէնն ամենաքիչ մտահոգող բանն է:

        Բառապաշար ասելով նկատի ունեմ հարցերի շրջանակը, որ իրենք քննարկում էին՝ այն էլ հեռախօսով, այն էլ արտերկրից: Հեռախօսով խօսելիս, նամակ գրելիս միշտ պիտի մտածես, որ քեզ հետեւում են, ուստի ձեւակերպումներդ զուստ պիտի լինեն՝ հնարաւորինս դիւանագիտական շրջանակում:

        Այս կարգի հարցերը պէտք է քննարկել ԴԷՄ ԱՌ ԴԷՄ ու խիստ գաղտնի պայմաններում (եւ Հայաստանում): Նա զանգել էր օդակայանի ճանապարհին: Այսինքն վերադառնում էր Հայաստան: Թող բարի լինէր, մի քանի ժամ էլ համբերէր ու Երեւանում դէմ առ դէմ կը զրուցէին: Միով բանիւ, նման արարքը չափազանց անլուրջ է եւ իհարկէ վտանգաւոր:

        Պատկերացնո՞ւմ էք, հեռախօսով արտերկրից «ելոյթ» է ունենում. «ռուսների հետ բարիշել եմ, ոռները ճղում են, սրան փակենք, նրան փակենք, երկու օր նստի խելքը գլուխը կը գայ եւ այլն»: ԴԷ ՀԻՄԱ ԳՆԱ ՈՒ ԱՍԱԾՆԵՐԻԴ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆ ՏՈՒՐ:

        Ինչ վերաբերում է Պուտինին: Գիտէ՞ք ուրիշին մեղադրելը միշտ էլ հեշտ է՝ «Ես մեղաւոր չեմ, միւսներն են մեղաւոր»: Այն, որ Պուտինի հնարաւորութիւնները մեծ են, դա բոլորին է յայտնի: Դա կարող էր անել ե՛ւ Պուտինը, ե՛ւ Ամերիկան, ե՛ւ Ադրբեջանը եւ այլն (տեսականօրէն բոլորը):

        ԲԱՅՑ … Ուրիշին կասկածելուց առաջ, լաւ կը լինի մենք մեր թերութիւնները շտկենք, յետոյ նոր ուրիշին կասկածենք: Իսկ մեր թերութիւնը հետեւեալն է՝ ունենք ԱԱԾ տնօրէն, որի արհեստավարժութիւնը կասկածելի է: Եկէք այս խնդիրը լուծենք, յետոյ կասկածենք՝ Պուտինն է արել, թէ՞ Թրամփը կամ Ալիեւը:

        Սա է փիլիսոփայութիւնը՝ նախ մեր թերութիւնները շտկենք, յետոյ անցնենք միւսներին:

        Յ.Գ. Լաւ եղիր,,

    • SV says:

      Ընդունում եմ Ձեր բոլոր փաստարկները ԱԱ ծառայության սխալների վերաբերյալ: Կարծում եմ, նրանք այսքանից հետո հետևություններ կանեն: Գոնե ես, ինքս ինձ համար, ոչ՝ չեմ արդարացնում, սակայն տեսնում եմ խնդրի արմատը: Իսկ երբ տեսնում ես արմատը, վերաբերմունքդ փոխվում է, չբացառելով հետևություններ անելու անհրաժեշտությունը: Այն, որ այս մի քանի հոգին հանձն են առել այդ առաքելությունը, ըստիս, արդեն հերոսություն է: Հին համակարգը դեռ իր տեղում է՝ դատաիրավականը ամբողջությամբ, ազգային ժողովը ևս: Մեր պետության մեջ պետություններ կան, իրենց ռեսուրսներով և հնարավորություններով շատ ավելի կարող և հզոր, և այս առումով, վտանգավոր: Վերենշված մասնագետները այսպիսի մաշտաբի հանցագործների հետ գործ չեն ունեցել: Կարծում եք, պատահական է լրատվամիջոցների այս վայնասունը կամ պատահակա՞ն են արծարծվում նրանց հրաժարականների հարցը:
      Ինչ վերաբերում է խոսակցության բուն նյութին: Այդ խոսակցությունից, յուրաքանչուրը իր ճաշակով պատառ պոկած և իր ճաշակով մեկնաբանած հետևությունները, անհեթեթ եմ համարում այն պարզ պատճառով, որ եթե չլինեին ճչացող ապացույցներ, նման մաշտաբի անձերին չէին ձեռք տա: Նույնիսկ իրենց խոսակցությունից երևում էր, որ նման մտավախություն կար: Բացի այդ, պարզվեց, որ վարչապետը, հաշվի առնելով այդ հանգամանքը, ՀԱՊԿ երկրների ներկայացուցիչների հետ խորհրդակցելով և ՀՔԾ պետի հետ տասնյակ անգամ ճշտելով փաստային բազան, քաղաքական պատասխանատվությունը վերցրեց իր վրա: Հույս ունեմ, որ գաղտնալսված խոսակցության բոլոր մեկնաբանությունները կչեզոքացվեն անհերքելի ապացույցների ճնշման տակ: Իսկ այս լրատվամիջոցների վայնասունը, յուրաքանչուրը կօգտագործի իր նպատակների և շահերի կոնտեքստում:
      Եվս մի դիտարկում, որը բացահայտել եմ ինքս ինձ համար: Քննադատող կամ արդարացնող, ՀԱՄԱԿԻՐ, բոլորը մոտենում են հարցին ամենամեծ պահանջներով, այն է՝ օրենքով, չմիջամտելով, մաքուր ձեռքերով, սառը գլխով և նույնիսկ…… պատշաճ բառապաշարով: Իսկ թե ում հետ գործ ունենք, դա արդեն բացարձակ կարևոր չէ – արդար գործի սանդղակը պետք է լինի այսպիսին: Ինչպիսի ռոմանտիկ մոտեցում, սակայն պարզվում է, արդարության ճանապարհը սա է: Այնպես որ, Նիկոլ Փաշինյանը, այս դատարկ գրպաններով մարդը, թալանված երկրում, դատարկ բյուջեով, արտաքին և ներքին հսկայական պարտքով, խոշոռացույցների ներքո, կառավարությունում իր ընդամենը մի քանի համակիրների հետ, պետք է ապացուցի աշխարհին, որ ժողովուրդն է կերտում իր ապագան:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930