Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աշխարհահռչակ երկու գյումրեցիներն ու հայասեր հանգուցյալ շինարարը՝ Գյումրու պատվավոր քաղաքացիներ

Սեպտեմբեր 11,2018 18:08

Այսօր Գյումրու ավագանին պատվավոր քաղաքացու կոչում շնորհեց երկրաֆիզիկոս, երկրահանքաբանական գիտությունների դոկտոր- պրոֆեսոր, Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության հիմնադիր Սերգեյ Նազարեթյանին : Նա 2013 թվականին Ամերիկյան կենսագրական ինստիտուտի կողմից ճանաչվել է 20-րդ դարի նշանավոր մարդ։

Ավագանու ԲՀԿ խմբակցության անդամներից մեկը՝ Սուսաննա Աստոյանն ասաց․ «Պարոն Նազարեթյանն իր ապրած կյանքով արդեն պատվավոր քաղաքացի է»։

«Մենք էլ հենց դա ենք հաստատում»,-արձագանքեցին քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն ու քաղաքապետ Սամվել Բալասանյանը։

Պատվավոր քաղաքացու կոչում շնորհվեց նաև գյումրեցի ծանրորդ, Եվրոպայի, աշխարհի, օլիմպիական խաղերի չեմպիոն Իսրայել Միլիտոսյանին։ Նա 1992 թվականին Բարսելոնայի օլիմպիական խաղերի ժամանակ դարձել է պոկում վարժությունների աշխարհի եռակի ռեկորդակիր։

Նրան ներկայացնելիս՝ Գյումրու քաղաքապետն ասաց․ «Օլիմպիական չեմպիոն ու էսպես համեստ»։ Քաղաքապետարանի սպորտի բաժնի պետ Մեխակ Ղազարյանն էլ նեղվեց, որ օլիմպիական չեմպիոնը մնացել է ստվերում։ «Էդ օլիմպիական չեմպիոնը հավուր պատշաճի ուշադրության չարժանացավ, գիտեք, նախագահը ներողություն խնդրեց, որովհետև բացարձակ որևէ ուշադրության չէր արժանացել»,- ասաց Մեխակ Ղազարյանը։ Սամվել Բալասանյանն էլ արձագանքեց․ «Մենք ներողություն չենք խնդրի, այլ տալիս ենք պատվավոր քաղաքացու կոչում»։

Չեմպիոնն էլ տեղեկացրեց, որ Լոզանում՝ օլիմպիական միջազգային թանգարանում իր սեփական անկյունն ունի։

Հետմահու Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում շնորհեցին նաև շվեյցարացի բարերար Լեոնարդո Գմյուրին։ Այս առաջարկն արել էր «Գալա» խմբակցությունը։ Նրա կենսագրականը ներկայացրեց խմբակցության անդամ Լևոն Բարսեղյանը՝ թվարկելով, թե Հայաստանի տարբեր համայնքներում, այդ թվում Գյումրիում ինչ մարդասիրական, շինարարական ծրագրեր է իրականացրել, աղետի գոտում հարյուրավոր բնակելի տներ, մանկապարտեզներ, դպրոցներ ու մանկատներ է կառուցել։ Վերջինս զոհվել է 2005 թվականի մարտի 10-ին ավտովթարից։

Ավագանու նիստին մասնակցում էր նրա կինը, որը հայուհի է՝ Գյումրիում ճանաչված հոգեբան, «Արևամանուկ» հիմնադրամի գործադիր տնօրենը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930