«Ես չեմ զլացել, սայլակ եմ նստել եւ քաղաքի թեքահարթակներով իջել, որպեսզի հասկանամ, թե ինչումն է խնդիրը, որ հատուկ կարիք ունեցողները դժգոհում են»,- այսօր Դավիթաշեն վարչական շրջանի բակերից մեկում բնակիչների հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում ԲՀԿ-ի ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը:
ԲՀԿ-ի ավագանու թեկնածուներն այսօր քայլեցին Դավիթաշենի բակերով, երեկոյան տեղի կունենա հանրահավաք: Դավիթաշենցիներին Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց մայրաքաղաք Երեւանի իրենց տեսլականը. խոստացավ ԲՀԿ-ի հաղթանակի դեպքում Երեւանը կունենա էկոլոգիապես մաքուր տրանսպորտ, Երեւանում կկարգավորվեն աղբահանության եւ վերելակների խնդիրները: Հավաստիացրեց՝ իրենք ունեն լուծումները, նաեւ ֆինանսական ռեսուրսներով:
Բնակիչներից մեկը տիկին Զոհրաբյանին հորդորեց ընտրվելու դեպքում նախորդ քաղաքապետի նման չգալ դատարկ գրպանով, իսկ որոշ ժամանակ անց դղյակներ կառուցել: Նաիրա Զոհրաբյանն էլ պատասխանեց, որ ինքը բնակվել, բնակվում եւ բնակվելու է իր «խրուշչովյան» բնակարանում:
Այլ մանրամասներ՝ տեսանյութում:
Բակերից մեկում բնակիչները դժգոհեցին «Երեւան սիթի» խանութի սառնարանների աշխատանքից. սառնարանների աշխատանքի ձայնը անհարմարություններ է պատճառում մոտակա շենքերի բնակիչներին: Նաիրա Զոհրաբյանը խոստացավ այսօր եւեթ խանութների ցանցի ղեկավարության հետ հարցը քննարկել:
ԲՀԿ-ի ավագանու անդամների քարոզարշավի «տարածքում» հայտնվեց Ազգային ժողովի պատգամավոր, Դավիթաշենի նախկին պատգամավոր Արթուր Գեւորգյանը: Նա ողջունեց իր գործընկերներին, իսկ լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց. «Բոլոր խնդիրները, ինչի մասին քաղաքական ուժերը խոսում են այս քարոզարշավի ընթացքում, Դավիթաշենում վաղուց լուծված են»: Առաջիկա ընտրություններում իր քաղաքական հավակնությունների կամ նախասիրությունների մասին Արթուր Գեւորգյանը չխոսեց: Ասաց՝ գաղտնիք է:
Այլ մանրամասները՝ քիչ ուշ, տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ