Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ են առաջարկում ավագանու թեկնածուները Երեւանը աղբից մաքրելու համար

Սեպտեմբեր 11,2018 17:01

«Սուպերքաղաքապետի պաշտոնը ամեն ինչ կենտրոնացրել է մի տեղ, գուցե աղբահանության մասով համայնքներին ինքնուրույնություն տանք, որովհետեւ մի ժամանակ լավ ու վատ համայնքապետերը կարողանում էին մրցակցել իրար հետ, որտեղ լավ համայնքապետ էր, փողոցները մաքուր էին, աղբահանությունը ճիշտ էր կազմակերպած»,-այսօր այսպիսի համոզմունք հայտնեց Երեւանի ավագանու Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության թեկնածու Դավիթ Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է տեսնում Երեւանի աղբահանության խնդրի լուծումը:

«Հոդված 3» ակումբում ավագանու թեկնածուները ներկայացրին, թե ինչպիսի լուծումներ են առաջարկում աղբահանության խնդիրը լուծելու համար: Պարոն Հակոբյանի խոսքով, այսօր պաշտոնական աղբավայրերից բացի, Երեւանի շրջակայքում կան բազմաթիվ անօրինական աղբավայրեր, որոնք որեւէ ձեւով որեւէ կանոնակարգում չունեն:

Նրա կարծիքով, այս հարցում առաջին հերթին քաղաքացիների գիտակցությունն է պետք փոխել:

Երեւանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Տրդատ Սարգսյանըսակայն կարծում է, որ վերահսկողությունն է թույլ: Ըստ նրա, վերահսկողները Երեւանի քաղաքապետարանն է, վարչական շրջանները:

 

«Աղբը մի տեղից մեկ այլ տեղ տեղափոխվելով խնդիրը չի լուծվում, պետք է մշակույթ ձեւավորել աղբը տեսակավորելու եւ հենց բնակիչները տեսակավորած թափեն, տեսակավորված աղբը գնա դեպի աղբավայր, որտեղ կլինի վերամշակման գործարան եւ աղբի ցիկլը կարող ենք համարել փակված»,-ասաց Տրդատ Սարգսյանը, որի վկայությամբ, այսօր բանակցություններ են գնում տարբեր ներդրողների հետ, թե որտեղ կառուցվի աղբի վերամշակման գործարանը:

«Լույս» դաշինքի թեկնածու Անի Սամսոնյանի խոսքով, աղբահանություն ասելով դա մաքուր փողոցները չեն եւ քաղաքացիները պետք է հասկանան, որ աղբահանությունը ունի մի քանի գործընթաց՝ տարբեր բաղադրիչներով. «Թափոնների կառավարում ենք ասում, որը երեք բաղադրիչով է իրականացվում՝ աղբավայրի ստեղծում աղբահանություն եւ սանիտարական մաքրում եւ աղբի վերամշակման գործարան»:

Անի Սամսոնյանի կարծիքով, այն իրավիճակը, որ կա այսօր Երեւանում, ապացուցում է, որ աղբահավաքությամբ զբաղվող մեկ օպերատորը չի կարողանում լիովին կառավարել քաղաքը, եւ անհրաժեշտ է

երկրորդ օպերատոր, որպեսզի մրցակցություն լինի: Չնայած Անի Սամսոնյանը գտնում է, որ Երեւանում այն քանակությամբ աղբ չկա, որ աղբի վերամշակման գործարան կառուցելը շահութաբեր եւ ձեռնտու լինի, այդուհանդերձ, կառուցվելու դեպքում, Անի Սամսոնյանի խոսքով, այն կարող է լինել դրամաշնորհային կամ մասնավոր համագործակցությամբ:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երեւանի ավագանու թեկնածու

Արման Աբովյանը գտնում է, որ աղբահանությունը ստանձնած ընկերությունը լիարժեք չի կատարում իր պարտավորությունը, ուստի այդ ընկերության հետ պայմանագիրը պետք է վերանայվի: Պարոն Աբովյանը եւ նրա գործընկեր թեկնածուները ուսումնասիրել են միջազգային փորձը եւ պարզ է դարձել, որ աղբահանության խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է կառուցել աղբի վերամշակման գործարանը:

«Երկիր ծիրանի» կուսակցության Երեւանի ավագանու թեկնածու Սոնա Աղեկյանը համոզված է, որ աղբահանության ոլորտը Հայաստանում ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում, Երեւանի կառավարումը ստանձնելու դեպքում այս կուսակցության քաղաքապետը ներդրումների միջոցով պատրաստվում է Երեւանում կառուցել աղբավերամշակման գործարան, որը կապահովի նաեւ աշխատատեղեր. «Երեւանը երկու աղբատեղիներով է շրջապատված, Նուբարաշենի եւ Աջափնյակի, որոնք խախտում են կանոնները՝ այրելով աղբը, ինչի հետեւանքով թունավոր նյութեր են արտանետվում մթնոլորտ»:

Դավիթ Հակոբյանի տվյալներով, Երեւանում մոտ 400 հազար տոննա աղբ է արտադրվում:

Արման Աբովյանի խոսքով, պետք է լինի 450 հազար բնակիչ, որպեսզի ձեռնտու լինի որպես բիզնես կառուցել աղբի վերամշակման գործարան, իսկ Երեւանում 1 միլիոն է, բայց դա այն դեպքում, երբ ոչ թե հոսանք է արտադրում այդ գործարանը, այլ վերամշակում է:

Հարցին, թե ի՞նչ գումարներով, որտեղից այդ գումարները, որպեսզի այդ ներդրումները կատարվեն, Արման Աբովյանն ասաց, որ նայած՝ թե ինչ ենք հասկանում աղբավերամշակում ասելով, եթե վերամշակում են, ոսկի են հանում, այլ հարց է, հոսանք արտադրելու համար պետք է Երեւանում 2,5 միլիոնից ավելի բնակիչ լինի:

Սոնա Աղեկյանը գտնում է, որ իրականում գործարանը ձեռնտու է, եթե լինի կանոնակարգված. «Աղբահանություն կատարող ընկերության վրա պետք է լինի պատշաճ վերահսկողություն»:

Անի Սամսոնյանն ասաց, որ կարող ենք չսահմանափակվել միայն Երեւանով, նաեւ մարզերից աղբ կուտակել Երեւանում, որտեղ կվերամշակվի: Ըստ նրա, աղբ կարող ենք գնել նաեւ մեր հարեւան երկրներից, իսկ սանիտարական մաքրման համար ներդրման կարիք չկա, ուղղակի պետք է ներգրավել եւս մեկ նոր օպերատոր:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930