Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով անդրադարձել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսված աղմկահարույց ձայնագրությանը:
«Ես բնականաբար այդ ողջ պատմության մանրամասներին տիրապետում եմ՝ հայտնի օրերին եւ դրանից առաջ ինչ է տեղի ունեցել Հայաստանում, եւ դրանից հետո ինչ է տեղի ունեցել Հայաստանում, եւ հիմա ինչ է տեղի ունենում Հայաստանում: Ես այդ կոնտեքստին ծանոթ եմ: Բայց այսօր դեռեւս մանրամասներին չեմ անդրադառնա: Ես իմ մոտ եմ հրավիրել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին, եւ հանձնարարել եմ հանդես գալ մամուլի ասուլիսով եւ պատասխանել լրագրողների հարցերին ու տալ պարզաբանումներ: Մենք դեռ կանդրադառնանք ԱԱԾ տնօրենն ինչ ասաց, ՀՔԾ պետն ինչ ասաց, ինչ է դա նշանակում, ինչը ինչպես պետք է մեկնաբանել, ինչը ինչպես է հնչում»,-ասաց Փաշինյանը:
Նրա խոսքերով՝ տեղի է ունեցել հետեւյալը՝ ՀՔԾ տնօրենի կամ ԱԱԾ տնօրենի գաղտնալսում. ո՞վ է արել, ի՞նչ նպատակով, արդյոք օրենքով նա իրավունք ուներ գաղտնալսել, երբ է տեղի ունենում այդ գաղտնալսումը, եւ ինչն է այս ամենի քաղաքական նպատակը. «Ես օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում ասացի՝ իմ կարծիքով Մարտի 1-ի գործը բացահայտված է եւ բոլոր մարդասպանները պետք է կանգնեն դատարանի առաջ»:
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/887653191433064/
Ըստ վարչապետի՝ չգիտեմ՝ ինչ ուզում են՝ գաղտնալսեն, այդ գաղտնալսումների մեջ չկա որեւէ բան, որը հետաքննությամբ կպարզվի, որ որեւէ մեկը հատել է իր ծառայողական պարտականությունների գիծը. «Որովհետեւ եթե մենք դատարաններին հրահանգ տվող ենք, վերաքննիչ դատարանին բա ինչո՞ւ հրահանգ չենք տվել: Ո՞նց ա Ռոբերտ Քոչարյանը հայտնվել ազատության մեջ: Եթե քաղաքական հետապնդման ենթարկող էինք, այդ լուրերը, որ հեռուստաընկերություններ, լրատվամիջոցներ է գնել, բա քաղաքական հետապնդվողները երկրում լրատվամիջո՞ց են գնո՞ւմ: Էդ ո՞նց»:
Փաշինյանը վստահեցրեց՝ քանի դեռ ինքը այս իրավիճակում վարչապետ է, կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինի. «Շանտաժների չեմ ենթարկվելու: Մինչեւ վերջին կոռուպցիոները, նրանց գողացած վերջին կոպեկը պիտի վերադարձվի ժողովրդին: Դուք ժողովրդից թալանածը չեք մարսելու: Սա է: Ի՞նչ ուզում եք արեք, ուզում եք գաղտնալսեք, ուզում եք՝ գաղտնատեսալսեք, տարբերակ չկա, ես հույս ունեմ այս իրավիճակում ժողովուրդը կկանգնի ժողովրդի կողքին»:
Բուն տեսագրության մասին էլ Փաշինյանն ասաց, որ լսել է, եւ մի հատվածում նաեւ իր անունն է շոշափվում. «Կարեւոր պարզաբանում տամ՝ երբ ես առաջարկել եմ ՀՔԾ պետի թեկնածու, ԱԱԾ տնօրենի, ոստիկանության պետի, ՊԵԿ նախագահի, հետեւյալն է՝ ես ասել եմ եւ խոստանում եմ մի բան՝ որեւէ գործի քննության համար քաղաքական խոչընդոտ չի լինելու: Բացառվում է ասեն՝ պիտի էս ինչ մարդուն կալանավորենք, ես ասեմ՝ չէ, մի՛ կալանավորեք: Այո, տեղի է ունեցել դա: Նախաքննության մարմինները պետք է անկաշկանդ լինեն, որ չասեն՝ վայ, էս ինչ անուն ազգանունով մարդուն բա կարելի՞ է կալանավորել: Սա է ամբողջ ճշմարտությունը, եւ որոշ մարդիկ ուզում են ճողոպրեն, ծլկեն, ուզում են խուսափել պատասխանատվությունից: Ես դա թույլ չեմ տալու, ընդ որում, դա թույլ չեմ տալու անկախ նրանից, ես կլինեմ վարչապետ, թե՝ ոչ»:
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/1567565266709007/
Նելլի ԲԱԲԱՅԱՆ