«Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը մեծ և ուրախ իրադարձություն է լինելու Հայաստանի համար»,- ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանի համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Նա վստահեցրեց՝ փորձելու ենք որքան հնարավոր է ցույց տալ մեզ, մեր մշակույթն ու արժեքները, դրանք կիսել մեր բարեկամների հետ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում. «Հոկտեմբերի 7-12-ը ֆրանկոֆոն ավան է գործելու Երևանի Ազատության հրապարակում: Ունենալու ենք մոտ 40 տաղավար, որտեղ անդամ պետությունների տաղավարներ ենք ունենալու»:
Զոհրաբ Մնացականյանը շեշտեց՝ ֆրանկոֆոնիան որպես լեզվի բազմազանության և ֆրանսերեն լեզվի տարածման կարևոր լծակ, մեծ դեր է ունեցել մեր երկրի համար: Լեզուն գործիք է առաջ տանելու մեր ընդհանուր արժեքներն ու նպատակները, մեր համագործակցությունը: Ֆրանկոֆոնիան հարուստ է. իր անդամակցությամբ ներառում է աֆրիկյան, Հարավային, Հարավարևելյան Ասիայի, Լատինական Ամերիկայի և եվրոպական երկրներ»:
ԱԳ նախարարը տեղեկացրեց՝ կոչ է լինելու ապրել միասին Երևանում, լինելու է փաստաթուղթ, որում կդրվեն մեր արժեքները: Կարևոր բանաձևեր են ընդունվելու, երևանյան հռչակագիր: Զոհրաբ Մնացականյանը տեղեկացրեց, որ կընդունվեն նաև կանանց և տղամարդկանց իրավահավասարությանը վերաբերող բանաձևեր:
Զոհրաբ Մնացականյանը նշեց՝ ուզում են պրակտիկ արդյունք տալ ֆրանկոֆոնիայի շրջանակներում գործարարության և տնտեսական համագործակցության շրջանակներում, առավել ուշադրություն դարձնել նորարարությանը: Այս թեմաներով հատուկ ֆորում կկազմակերպվի ԹՈՒՄՈ կենտրոնում: Կստեղծվի նաև ֆրանկոֆոն նախարարների ցանց:
Միկաել Ժանը տպավորված է, որ իր հետ շփվող երիտասարդները հիանալի տիրապետում էին ֆրանսերենին. «Երիտասարդները կարողանում են մեծագույն պատասխանատվություն ստանձնել թավշյա հեղափոխության սերունդը լինելու հարցում: Իրենց ձայնը պետք է միավորեն այս տեսլականում, որը ՀՀ ապագայի տեսլականն է»:
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը վստահեցրեց՝ ՀՀ-ն ինտենսիվ և ակտիվ կարողացել է իրեն ցույց տալ իբրև մի երկիր, որը կարող է ամբողջ աշխարհին ներգրավել իր գործունեության մակարդակում. «Երևանը կդառնա ֆրանկոֆոն քաղաքացիական հանրության մայրաքաղաք, քանի որ միջազգային հասարակական կազմակերպությունների համաժողով է հրավիրվելու Երևանում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ