«Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու, Արդարադատության ներկայիս նախարար Արտակ Զեյնալյանն առայժմ չի մեկնաբանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե որոշ ուժեր իրենց ձեւացնում են հեղափոխության աջակիցներ, սակայն իրականում բանակցում են ՀՀԿ-ի հետ, որպեսզի վերջինս սատարի իրենց՝ ընտրակեղծարարության մեխանիզմներով: «Ժամանակ չեմ ունեցել ելույթը լսել, բայց կասեմ միայն հետեւյալը՝ ՀՀ-ում պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Դա անհրաժեշտություն է»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Արտակ Զեյնալյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին կայանալու են Երեւանի ավագանու ընտրությունները, որոնց «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունները մասնակցում են «Լույս» դաշինքով:
«ՀՀԿ-ն ձեզ սատարո՞ւմ է» հարցին Արտակ Զեյնալյանն այսպես արձագանքեց. «Ես «Լույս»-ի քաղաքապետի թեկնածուն եմ եւ ակնկալում եմ, որ Երեւանում հակամարտություններ չեն լինելու»: Հստակեցնող հարցին՝ «իսկ ՀՀԿ-ն որեւէ քաղաքական խոստում տվե՞լ է այն մասին, որ ձեզ է սատարելու», Արտակ Զեյնալյանը պատասխանեց. «Ոչ, մենք որեւէ մեկի հետ պայմանավորվածություն չունենք: Մենք միայն Երեւանի բնակիչների հետ ենք պայմանավորվածություն ձեռք բերում. բնակիչը պետք է քաղաքապետ ընտրի: Որեւէ կուսակցության հետ պայմանավորվածություն ձեռք չենք բերել: «Կուլիսային», անբարոյական, անօրինական որեւէ պայմանավորվածություններ չունենք որեւէ մեկի հետ»:
https://www.youtube.com/watch?v=G-4YEKwPPto
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ