Այսօր ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը վստահեցրեց, որ վարչապետը, ասելով, որ ինչ-որ ուժեր ՀՀԿ-ի հետ թաքուն բանակցությունների մեջ են, իրենց նկատի չունի:
Մենք հետաքրքրվեցինք՝ դուք այն ուժն եք, որ կողմ եք քվեարկել Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետով իշխանությանը, վերարտադրմանը, կասկածներ կան ձեր հետ կապված՝ Ռուստամյանը պատասխանեց. «Նախ, դա երրորդ ժամկետ չի, մենք պարզապես չկարողացանք ժողովրդին բացատրել, որ երկրում բան է փոխվել ու խորհրդարանական համակարգի արդյունքներին են սրանք սաղ: Էս, որ անարյուն փոփոխություն կատարվեց իշխանության, ժամանակը կգա, կրքերը կսառեն, կտեսնեն, որ էս խորհրդարանական կառավարման համակարգը թույլ տվեց, որ սա արվի, բա ինչի՞ նախագահական համակարգում չէր լինում, անընդհատ արյունահեղություններ էին, Մարտի 1-եր էին լինում, մեկը հարց տալի՞ս է»:
Մեր հարցին՝ դուք կոալիցիայի մաս եք եղել, ՀՀԿ-ականների հետ եք եղել, կասկածներ կան՝ դուք հիմա Նիկոլ Փաշինյանի՞ հետ եք, թե՞ հոգով-սրտով ՀՀԿ-ի հետ եք՝ Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Կասկածում եք՝ խաչակնքվեք: Բոլորը բոլորին կարող են կասկածել, էդ մթնոլորտը առաջացել է, մեր նախնիներն են հիշում, չնայած էդ կար նաեւ ՀՀՇ-ի ժամանակ, բայց ստալինյան ժամանակներն են: Սաղ իրար վրա կասկածում էին, բոլորն իրար վրա գրում էին ու պարզվում է, որ ընդհանրապես մեկ կուսակցություն պիտի լինի»:
Դիտարկմանը, որ կասկածները դուք չեք ցրում, որ հոգով-սրտով ՀՀԿ-ի հետ եք՝ Ռուստամյանը պատասխանեց. «Կասկածելով իմ վրա մի հարձակվեք, որովհետեւ կտուժեք, դուք ձեր կասկածանքը չեք կարողանա ապացուցել եւ կմնաք դրա տակ…Դուք իրավունք չունեք որեւէ մեկին կասկածելու, այդ թվում երկրի ղեկավարն իրավունք չունի: Նա պիտի չկասկածի, նա պիտի ապացուցի: Եթե ես սկսեմ իմ կասկածանքներից խոսամ, դուք չեք պրծնի էսօր»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ