Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այսօրվա Երևանի դեմքի աղճատումը սկսվեց նրանից, երբ Ռոբերտ Քոչարյանն Ալբերտ Բազեյանին ասաց՝ փողի վրա նստած փող ես ուզում». Հակոբ Սիմոնյան

Սեպտեմբեր 11,2018 13:54

«Երևանի հանրություն» դաշինքի ավագանու թեկնածու Արմինե Ղազարյանը վստահեցրեց՝ ավագանու ընտրություններում հաղթանակից հետո ամեն ինչ անելու են, որ սրբորեն հետևեն Երևանի գլխավոր հատակագծին:

«Մեդիա կենտրոնում» «Երևանի ճարտարապետական դիմագիծն ու կառուցապատման խնդիրները» թեմայով հրավիրված քննարկմանը Արմինե Ղազարյանը մանրամասնեց. «Խնդրի լուծման տարբերակներից է այն, որ առաջին տարիների ընթացքում Երևանի կենտրոնի տարածքում շինարարության թույլտվություն չպետք է տրվի: Իսկ ընդհանուր առմամբ քաղաքն ունի գլխավոր հատակագիծ, որը պետք է դասվի առաջին տեղում: Ո՛չ գլխավոր ճարտարապետը, ո՛չ քաղաքապետը չի կարող գլխավոր հատակագծին հակառակ գնալ: Սրբորեն պետք է հետևել Երևանի գլխավոր հատակագծին:

«Իմ քայլը» դաշինքի ավագանու թեկնածու Արսեն Կարապետյանի կարծիքով՝ Երևանի կենտրոնում ամբողջությամբ շինարարության արգելումն իրատեսական չէ. «Մենք չենք կարող արգելել ամբողջությամբ շինարարությունը կենտրոնում: Մենք պիտի հասկանանք, որ բազմահարկ շենքեր կենտրոնում կառուցելու տեղ ու հնարավորություն չկա, հանրային տարածքներին ու մշակութային օբյեկտներին մեծ ուշադրություն պիտի դարձնել: Պետք է քաղաքաշինական կառավարման սկզբունքները փոխենք»: Ըստ Արսեն Կարապետյանի՝ Երևանի գլխավոր հատակագիծը բավականին հնացած գործիք է և չի արտացոլում բոլոր խնդիրները. «Կամաց-կամաց պիտի անցնենք սոնինգի գաղափարին, երբ քաղաքի յուրաքանչյուր հատված ունի իր սահմանափակումները և հնարավորությունները: Ներդրողը պիտի իր հաշվարկները կարողանա անել, և արհեստածին կոնֆլիկտներ ներդրողների ու քաղաքացիների միջև չլինեն»: Արսեն Կարապետյանը կարևորեց, որ լինի քաղաքի ընդհանուր զարգացման մարտավարության ծրագիր:

«Լույս» դաշինքի ավագանու թեկնածու Անի Սամսոնյանը շեշտեց՝ Երևանի փոքր կենտրոնը բեռնաթափելու անհրաժեշտություն կա. «Երևանում համայնքային համաչափ զարգացման կառավարումն արդյունավետ չի եղել: Մեր ծրագրում կա կետ ստեղծել քաղաքաշինության օրենսգիրք, ոչ թե փոփոխել քաղաքաշինության օրենսդրությունը: Մեր գործունեության ընթացքում հասկացել ենք, որ կան օրենսդրական բացեր, օրենքի ցածր կիրառելիություն, և սա մեծապես վնասում է ոլորտի արդյունավետ կառավարմանը: Հատկապես պետք է արգելել բազմաբնակարան շենքերի կառուցումը»:

«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության ավագանու թեկնածու Արգիշտի Գևորգյանը համաձայնեց՝ սահմանափակումներ և խիստ սահմանափակումներ Երևանի կենտրոնում շինարարության վերաբերյալ մեզ անհրաժեշտ են, բայց միևնույն ժամանակ նշեց՝ ունենք որոշակի խնդիրներ, որոնց լուծումն էլի շինարարությամբ պիտի լինի. «Քաղաքի համար ավտոկայանատեղիների խնդիրն է մեծ խնդիր, ինչը կարող է լուծվել ստորգետնյա կամ վերգետյա բազմահարկ ավտոկայանատեղիների կառուցմամբ»:

«Ռեֆորմիստներ» կուսակցության ավագանու թեկնածու Ռուբեն Գեբեյանն էլ կարևորեց, որ ծրագիր մշակվի գործարարների հետ համատեղ աշխատանքի համար. «Պետք է պահպանել, պետք եղած դեպքերում էլ վերականգնել հին Երևանը, որպեսզի այն դառնա քաղաքի զբոսաշրջային դեմքը»:

«Հայք» կուսակցության ավագանու թեկնածու Հակոբ Սիմոնյանը նշեց, որ բոլոր խնդիրների պատճառը փիլիսոփայությունն ու ընկալումներն են. «Այսօրվա Երևանի դեմքի աղճատումը հավանաբար սկսվեց նրանից, երբ Ալբերտ Բազեյանին Ռոբերտ Քոչարյանն ասաց՝ փողի վրա նստած փող ես ուզում: Այսինքն՝ սրանով զարկ տրվեց նրան, որ քաղաքի կենտրոնը, որն ամենաթանկն է հողային տարածքով, պետք է դառնար մի մեծ շենք հրապարակ: Սկսվեցին մեկը մեկին հակասող շինարարություններ, և մենք ստացանք այն, որ քաղաքը դարձավ ոչ թե քաղաքաշինական միջավայր, այլ բիզնես կենտրոն: Սկսեցին ռաժոկով շենքեր մտցվել այն տարածքներում, որտեղ չէր կարելի»:

Հակոբ Սիմոնյանի գնահատմամբ՝ Երևանի ներկայիս գլխավոր հատակագիծը թերի ու խայտառակ է, և չի կարելի դրանով շարժվել: Հակոբ Սիմոնյանի վստահեցմամբ՝ պետք է կառուցապատումն ու գծագրումն այնպես լինի, որ հնարավորինս Մասիսները երևան, շենքերի կառուցապատումն այնպես պիտի անել, որ բարձրահարկերը չծածկեն դեպի Մասիս տեսարանը»:

«Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանու թեկնածու Մարիամ Խաչատրյանը վստահեցրեց՝ չեն գնալու ամեն ինչ քանդելու տրամաբանությամբ. «Երևանի զարգացումը տեղի է ունենալու համաձայն քաղաքի անցած ուղու՝ հիմնվելով մշակութային ժառանգության վրա: Մենք նախատեսում ենք մշակութային բոլոր շերտերի հնարավոր վերականգնում»:

Կուսակցությունն առաջարկում է մի նորմատիվ փաստաթուղթ ստեղծել, որտեղ կլինեն բոլոր նորմերը կառուցապատման վերաբերյալ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930