Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Անցած անգամ եկել եմ, Սերժին եմ ընտրել, հիմի պիտի մտածեմ». «Իմ քայլի» քարոզարշավը Դավիթաշենում

Սեպտեմբեր 11,2018 13:52

Մարդիկ ոգեւորված են Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի ներկայացրած նախընտրական ծրագրից: Համենայնդեպս, դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանն այդ արձագանքն է ստացել: Ինչեւէ, այսօր Դավիթաշեն համայնքում քարոզարշավի ժամանակ թեկնածուն, լրագրողների հետ զրույցում ասաց, որ կարեւորն այն է, որ ոգեւորվածությունը վերջում երեւա`իրենց ձայնը տան «Իմ քայլին» եւ իրենք հայտնվեն քաղաքապետարանում: «Ծրագիրը կարեւոր է, բայց ավելի կարեւոր է տվյալ քաղաքական թիմի քաղաքական կամքը: Մեր թիմի կամքը մեծ է»,- հավաստիացրեց Հայկ Մարությանը`խոստանալով, որ իր պաշտոնավարման ընթացքում քաղաքապետարանը ծառայելու է քաղաքին, քաղաքացուն. քաղաքացին պետք է ապրի հարմարավետ քաղաքում, իսկ թե ինչն է իրեն հարմար, ինչը`ոչ, պետք է որոշի քաղաքացին: «Ոչ ոք չի կարող կաբինետում նստել եւ պատկերացնել, թե ի՞նչն է հարմար, ինչը`անհարմար»,- ասաց թեկնածուն:

«Երեւան`քայլ արա» վանկարկումներով այսօր «Իմ քայլը» դաշինքի անդամները կշրջեն Դավիթաշենի բակերով եւ կիրազեկեն երեկոյան կայանալիք հանրահավաքի մասին, որին կմասնակցի նաեւ Նիկոլ Փաշինյանը: Իսկ Դավիթաշենում շրջելով, դաշինքի անդամները ոչ միան խնդիրներն են լսում, այլ հորդորում են երեւանցիներին`անպայման մասնակցել ընտրություններին:

«Անկախ նրանից, թե որ ոլորտից եմ գալիս եւ սկսել, ծայրահեղ պատասխանատվությամբ եմ վերաբերվում յուրաքանչյուր գործին: Դա բնավորության գիծ է»,-լրագրողների հետ զրույցում ասաց Հայկ Մարությանը`պատասխանելով դիտարկմանը, որ շատ քաղաքացիներ ասում են`իրեն ֆիլմերում են տեսել, ֆիլմերից գիտեն, փաստորեն, իր կարիերայում էլ է հեղափոխություն անում: Քարոզարշավի ընթացքում, ասում է հոգնում է, բայց, ի վերջո, արդյունքն է կարեւոր, եթե արդյունքը լավն է լինում, ընթացիկ հոգնածությունները անցնում են:

«Հատուկ եկել եմ, որ ընտրեմ`գնամ, բայց պիտի մտածեմ: Բելգիայից եմ եկել»,- Հայկ Մարությանին դիմեց մի քաղաքացի: «Լավ եք արել: Ստուգե՞լ եք, ցուցակում ընդգրկվա՞ծ եք»,- հետաքրքրվեց Հայկ Մարությանը: «Ոնց չէ, ես էն անգամ եկել եմ Սերժին եմ ընտրել: Կընտրեմ, կգնամ, մի քանի տարի հետո կգամ`իրար հետ…»,- ասաց քաղաքացին`մանրամասնելով, որ Մարությանին ուզում են տեսնել քաղաքապետի պաշտոնում, որ «օրինականացնի լրիվ շենքերը, հարցեր շատ կան, եթե լավ եղավ, ամեն ինչ ստեղծեցին, շատերը կգան ստեղ կաշխատեն»:

Հայկ Մարությանն էլ բացատրեց, որ կարեւորը` օրինական ընտրություններ են լինելու, իսկ խնդիրները լուծելու համար միասին պետք է աշխատենք եւ աշխատելու ենք օրինական դաշտում եւ թափանցիկ:

Դավիթաշենում մի քանի անգամ քաղաքացիները համաներման հարցը բարձրացրին`սպառնալով հարցի լուծում չստանալու դեպքում ցույցի դուրս գալ:

Հայկ Մարությանը բացատրեց. «Մինչեւ չլինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, այդ հարցերը չեն լուծվելու, քանի որ պարոն Փաշինյանը երբեք չի զանգելու որեւէ դատավորի: Դա մեր սկզբունքն է»:

«Հլա մի տարի էլ կա…»,- տարակուսեց հարցը բարձրացրած քաղաքացին: «Չէ, մի տարի չէ, ավելի շուտ»,- պատասխանեց Հայկ Մարությանը`կրկնելով. «Մենք դատական համակարգի գործերին չենք խառնվի»: «Համաներում թող անի, անմեղներին հանի, հեղափոխություն ա եղել, միշտ հեղափոխություններից հետո համաներում ա լինում: Սաղ ժողովուրդը ձեր հետեւից եկել ա, ամեն հարցին աջակցել ա…»,- շարունակեց քաղաքացին: Հայկ Մարությանն էլ խոստացավ`համաներում կլինի, բայց իր ժամանակին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930