Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին ռեֆորմիստները մասնակցում են «Կանաչ Երեւանը» կարգախոսով, իսկ կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է կինոռեժիսոր Արտակ Ավետյանը:
Սեպտեմբերի 11-ին Ռեֆորմիստների կուսակցության քաղաքապետի թեկնածուն հանդիպում է ունեցել Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի աշխատակիցների հետ:
Aravot.am-ի հետ զրույցում Արտակ Ավետյանը նշեց, որ պարզապես ցանկացել են մշակութային հանդիպում ունենալ քաղաքի ծայրամասում գտնվող հաստատությունում, նաեւ ծանոթանալ Քանաքեռի խնդիրներին:
«Ցավոք, լրատվամիջոցներին չթույլատրեցին լուսաբանել հանդիպումը, բայց ես ծանոթացա թանգարանի աշխատակիցների հետ, տարածքը նայեցի, գեղագիտական հաճույք ստացա ու դուրս եկա»,- ասաց «Ռեֆորմիստների« թեկնածուն:
«Աշխատակիցները վախեցած մեզ ընդունեցին, որովհետեւ իրենց զգուշացրել էին քարոզարշավի հետ կապված ոչ մի մարդու հետ չշփվել, ուղղակի մենք էքսկուրսիա ունեցանք, նայեցինք նմուշները եւ դուրս եկանք, իհարկե մեր սրտում ծանր նստվածք մնաց, քանի որ զրույց էինք ակնկալում աշխատակիցների հետ, վերջին հաշվով քանաքեռցիներ են այնտեղ աշխատում, կուզենայինք իրենց խնդիրներին տեղեկանալ: Բայց որ մարդիկ վախի մեջ էին գտնվում, չցանկացան մեզ հետ շփվել»,-հավելեց մեր զրուցակիցը:
Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց, թե ինչպես է գնահատում իրենց շանսերն այս ընտրություններում: «Ես բարձր եմ գնահատում մեր շանսերը, եթե այդպես չգնահատեի, չէի մտնի այս գործընթացի մեջ: Կարծում եմ, որ երեւանցին սեպտեմբերի 23-ին կանի իր ճիշտ ընտրությունը եւ մենք կտոնենք մեր հաղթանակը»,-ասաց Արտակ Ավետյանը:
Նա կարծում է, որ երեւանցին կկարեւորի իրենց ծրագրում նշված կետերը, որոնցում արտացոլված են քաղաքի ամենօրյա խնդիրները: «Լինելով կինոռեժիսոր եւ շինարարական աշխատանքի համակարգող, շինարարության մեջ ղեկավարման փորձ ունեմ: Համակարգում եմ Դվին հյուրանոցային համալիրի շինարարական աշխատանքները, եւ վերջին 9 ամիսը, ինչ աշխատում եմ այնտեղ, կարող եք տեսնել, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել: Ես գերադասում եմ գործով ապացուցել իմ լուրջ մտադրությունները»,- ընդգծեց նա: Ասաց, որ ընտրվելու դեպքում կադրային ջարդ չի իրականացնի քաղաքապետարանում, քանի որ կարծում է, որ ճիշտ վերահսկողության, հետեւողական աշխատանքի դեպքում մարդիկ կարող են արդյունավետ աշխատել:
Aravot.am-ի հաջորդ հարցին` արդյոք բոլոր ուժերը հավասա՞ր մեկնարկային պայմաններում են, Արտակ Ավետյանը պատասխանեց. «Անզեն աչքով էլ է երեւում, որ ոչ հավասար պայմաններում են, բայց ես դրանից բացարձակ չեմ ընկճվում: Երեւանցին իմաստուն է, երեւանցին, վստահ եմ՝ ճիշտ ընտրություն կկատարի»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` Արտակ Ավետյանի ֆեյսբուքյան էջից: