Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ուժեր կան, որոնք ձեւացնում են, թե հեղափոխության առաջամարտիկներ են, բայց խորհրդարանում, ռեստորաններում, «քուչեքում» բանակցությունների մեջ են ՀՀԿ-ի հետ, որ դուք մեզ աջակցեք քաղաքապետի ընտրություններում ձեր ընտրակեղծարար մեխանիզմներով, մենք ձեզ աջակցենք, որ ԱԺ արտահերթ ընտրություններ չլինեն:
Այսօր այս առնչությամբ լրագրողների հետ զրույցում մեր հարցին, թե ըստ ձեզ, ո՞ր ուժերին նկատի ուներ Փաշինյանը՝ պատասխանեց. «Ով այդ միտքն ասել է, միայն ինքը կարող է մեկնաբանել, թե որ ուժերին նկատի ունի: Սա բացառիկ ընտրություն է, որտեղ 10-ից ավելի թեկնածուներ են առաջադրվել եւ պետք է օգտվել այս իրավիճակից ու խաղաղ, հանգիստ, յուրաքանչյուր թեկնածուի հարգելով՝ ընտրություն կազմակերպել»:
Հարցին՝ դուք հակահեղափոխական ուժերի տեսնո՞ւմ եք՝ Արամ Սարգսյանը պատասխանեց. «Ես հայ մարդուն չէի բաժանի հեղափոխականի ու հակահեղափոխականի, ես կբաժանեի գաղափարակցի ու ոչ գաղափարակցի: Իսկ ընդհանրապես իմ համար բնականոն պիտի ընդունել, որ քվեարկելու եմ Արտակ Զեյնալյանի օգտին, այստեղ հեղափոխություն-հակահեղափոխություն…»:
Դիտարկմանը, որ վարչապետը տեսնում է՝ Արամ Սարգսյանը պատասխանեց, որ հարցնենք նրան, նա նշեց, որ «Լույս» դաշինքը որոշել է մրցակից թիմերերի կարծիքները չմեկնաբանել, առավել եւս՝ երբ երկրի առաջին դեմքն է նման տեսակետ ասում. «Ինքը կարող է իր տեսակետները հստակ մեկնաբանել, դա ձեզ էլ կբավարարի, հանրությանն էլ»: Կոնկրետ ինքը՝ պարոն Սարգսյանը ասաց, որ գտնում է, որ այն քաղաքացիները, որոնք մեղք ունեն հանրության առաջ՝ Մարտի 1, Հոկտեմբերի 27, պետք է զրկվեն ընտրելու եւ ընտրվելու իրավունքից:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ դուք ՀՀԿ-ականների հետ ռեստորաններում ինչ-որ հարցեր քննարկո՞ւմ եք, հնարավո՞ր է Փաշինյանը ձեզ նկատի ունենար՝ Արամ Սարգսյանը պատասխանեց. «Ես ունեմ բազմաթիվ ընկերներ ՀՀԿ-ից, ՀՅԴ-ից, ԲՀԿ-ից, ինչքան էլ զարմանալի է, իրենց հետ հարսանիքների եմ լինում, թե՛ ծնունդների: Ընդհանրապես ես ռեստորաններ հաճախող մարդ չեմ, գրեթե ռեստորաններում չեմ լինում: Ես Արարատում եմ ապրում, այստեղ անգամ կեսօրին հանգստանալու հնարավորություն չունեմ ինչ-որ տեղ գնալու, արագ հասնում եմ տուն՝ կոստյումը հանելու: Գյուղն եմ սիրում, գյուղում էլ ռեստորաններ չկան»:
Ինչ վերաբերում է քաղաքական հարցեր քննարկելուն՝ Արամ Սարգսյանն ասաց, որ բոլորի հետ էլ բոլորը հիմա քննարկում են քաղաքական հարցեր՝ «ՀՀԿ-ի իմ գործընկերների հետ էլ եմ քննարկում, ԲՀԿ-ի հետ էլ եմ քննարկում, մեր կյանքը քաղաքականություն է, քաղաքական այս բուռն շրջանում անհնար է հանդիպել մարդու ու խոսել միայն ընտանիքից»: Նա ասաց, որ որեւէ մեկի հետ որեւէ հարց քննարկելը դժոխքի մեղք չի համարում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ