Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ուժեր կան, որոնք ձեւացնում են, թե հեղափոխության առաջամարտիկներ են, բայց խորհրդարանում, ռեստորաններում, «քուչեքում» բանակցությունների մեջ են ՀՀԿ-ի հետ, որ դուք մեզ աջակցեք քաղաքապետի ընտրություններում ձեր ընտրակեղծարար մեխանիզմներով, մենք ձեզ աջակցենք, որ ԱԺ արտահերթ ընտրություններ չլինեն:
Թե որ ուժերին նկատի ուներ Փաշինյանը, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ չգիտի, համենայնդեպս, իրենց նկատի չունի. «Վերջին անգամ ռեստորանում եղել եմ Փաշինյանի հետ՝ երեկ երեկոյան՝ Վրաստանի վարչապետի պատվին ճաշ էր տրվում: Մնացածի մասով չեմ կարող ասել, թե ով ում հետ ռեստորանում ինչ է արել»: Հարցին՝ իսկ ՀՀԿ-ականների հետ ռեստորանում վերջին անգամ ե՞րբ եք եղել՝ պատասխանեց. «Էլի ինչ-որ պաշտոնական ճաշին»:
Հարցին՝ հակահեղափոխական ուժեր տեսնո՞ւմ եք դաշտում՝ Էդմոն Մարուքյանը պատասխանեց, որ հակահեղափոխական ուժ ասելով՝ ինքը միշտ հասկացել է նախկին ռեժիմի ուժերը՝ ՀՀԿ-ն, դրան գումարվել է Ռոբերտ Քոչարյանը. «Այս ընտրություններին նրանք չեն մասնակցում»:
Մարուքյանն ասաց, որ իրենք միակ ուժն են, որ դեմ են քվեարկել Սերժ Սարգսյանի 3-րդ ժամկետին, մերժել են ու դրանից հետո հազարավոր մարդիկ փողոցներում ավելացել են. «Մինչ օրս անմնացորդ պաշտպանում ենք Փաշինյանի կառավարությանը»:
Մարուքյանն ասաց, որ Փաշինյանի ասածը ոչ թե տագնապ է, ավելի շուտ քարոզչություն է. «Փաշինյանի հետ մի քանի անգամ քարոզարշավների եմ մասնակցել, գիտեմ»:
Մարուքյանն ասաց, որ ՀՀԿ-ի հետ բանակցող ասելով թե ում նկատի ունի Փաշինյանը, այդ ուժերը հասկացել են, գիտեն: Մեր հարցին՝ դուք խորհրդարանում եք, չե՞ք նկատել, որ ձեր մոտ պատգամավորներն ասեն՝ հեղափոխության ցավը տանեմ, հետո տեսնեք, որ ՀՀԿ-ի հետ ինչ-որ «տուր ու առի» մեջ են՝ Մարուքյանը պատասխանեց, որ ովքեր ունեն նման մտքեր, իրենց մոտ չեն արտահայտվում, որովհետեւ գիտեն, որ իրենք սատարում են Փաշինյանին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ