«ՀՀԿ-ն օգնող լինի`թող ինքն իրեն օգնի: ՀՀԿ-ի`ոչ զորացրված, ոչ որեւէ չզորացրված գործչի հետ, ԲՀԿ-ի որեւէ ներկայացուցիչ, ոչ սրճարանում, ոչ ռեստորանում որեւէ հարց չի քննարկել եւ չի պատրաստվում քննարկել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, երեկ «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել. «Անկեղծ ասած, ես էլ ասի՝ Հայկ ջան, բեր էդ սեւ-սպիտակը թողենք, բայց ոնց որ Հայկը մի բան գիտեր էն ժամանակ, որովհետեւ այսօր Երեւանի քաղաքապետի ընտրությունների համատեքստում կան քաղաքական ուժեր, որոնք նաեւ իրենց ներկայացնում են հեղափոխության պաշտպան, հեղափոխության առաջամարտիկ ու էսօր գիտե՞ք ինչ ա տեղի ունենում, էսօր նրանք գնացել են խորհրդարանում են բանակցում ՀՀԿ-ականների հետ, քուչեքում են բանակցում ՀՀԿ-ականների հետ, տարբեր ռեստորաններում են բանակցում ՀՀԿ-ականների հետ, թե բա՝ տղերք կլինի դուք էս ընտրություններում ձեր ընտրակեղծարարության ռեսուրսով մեզ պաշտպանեք, մենք էլ, որ հաղթենք քաղաքապետի ընտրություններում, ընենց կանենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ տեղի չունենան, խորհրդարանը չլուծարվի, որ դուք մի քանի տարի էլ պատգամավորական մանդատ ունենաք: Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այս փաստի վրա: Այո, այնպիսի ուժեր, ովքեր, իհարկե, հեղափոխության հաղթանակից հետո իրենց հայտարարեցին ամենաթունդ հեղափոխականներ, էդ տենց ա չէ, ամենաուժեղ հեղափոխականները նրանք են, ովքեր հեղափոխությունից մի շաբաթ անց ասում են՝ արա, մենք արինք էդ հեղափոխությունը, մինչեւ էդ կանգնած հեղափոխության դեմ խոսում էին՝ թե՝ Սերժը լավ ա, ի՞նչ գործ ունեք մեր երկրի կայունությունը խաթարում եք: Հիմա էլ ընկել են ՀՀԿ-ականների զորացրված… քաղաքական գործիչների հետ բանակցում են»:
Հարցին`իր կարծիքով խորհրդարանական ո՞ր ուժին նկատի ունի Նիկոլ Փաշինյանը, քանի որ ընտրություններին մասնակցող խորհրդարանական ուժերն են ներկայացնում ԲՀԿ-ն եւ «Լույս» դաշինքը, Նաիրա Զոհրաբյանը հորդորեց դիմել «Իմ քայլը» դաշինքի մամուլի գրասենյակին. «Ես չեմ աշխատում «Իմ քայլը» դաշինքի մամուլի գրասենյակում»:
Ինչ վերաբերվում է ջրբաժաններին, տիկին Զոհրաբյանը կրկնում է`իր համար «սեւի» եւ «սպիտակի» ջրբաժաններ չկան, իր համար կա մեկ ջրբաժան` Երեւանի լուծված եւ չլուծված խնդիրները: Բոլոր քաղաքական ուժերին եւ բոլոր թեկնածուներին նա մեկ անգամ եւս մաղթում է`խաղաղ, բարի, ժպիտով քարոզարշավ, քանի որ գտնում է, որ գոնե մեկ անգամ պետք է կարողանանք առանց միմյանց վիրավորելու, առանց ընտրական գործընթացը պատերազմի դաշտի վերածելու, երեւանցուն ներկայացնել յուրաքանչյուրն իր ծրագիրը, ընդ որում, չխոսելով ժողովրդի անունից. «Ժողովրդի անունից խոսելու իրավունք ունի միայն ժողովուրդը, այն էլ, իր ընտրական քվեի միջոցով»:
Դիտարկմանը`«Իմ քայլը» դաշինքը կարծես շեղվում է այդ սկզբունքից, մեր զրուցակիցն արձագանքեց. «Մենք որդեգրել ենք որեւէ մեկին չպատասխանելու եւ չհակադարձելու մարտավարություն: Բոլոր նրանք ովքեր կխոսեն`«մեր դեմ խաղ չկա», «ջախջախելու ենք» «այսքան ենք խփելու, այնքան ենք խփելու» ոճով, պատմությունն ու ժամանակը ցույց են տվել, թե որտե՞ղ են հայտնվել այդ քաղաքական ուժերը: Հուսով եմ, որ որեւէ քաղաքական ուժ չի կրկնի այն կործանարար սխալները, ինչը տարիներ շարունակ արեց ՀՀԿ-ն`այսօր հայտնվելով այս վիճակում: Չկա իմ ժողովուրդ, չկա`քո ժողովուրդ, չկա սեւ, չկա սպիտակ: Չի կարելի բաժանարար գծեր ստեղծել: Ինձ համար, մեզ համար կա մեկ բաժանարար գիծ` իմ քաղաքի, մեր քաղաքի չլուծված խնդիրները: Ավելի կարեւոր հարց այս պահին չկա»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Այդ մեղադրանքի հասցէատէրը «ՀՅԴ»ն է: Ինչպէս միշտ՝ հա՛մ մեխին են խփում, հա՛մ՝ նալին: Ժողովրդական լեզուով ասած՝ «աչքիս ալաբուլա են երեւում» 🙂
Յ.Գ. Ու քանի որ ժողովրդի պետական մտածողութիւնը օր օրի բարձրանում է, ուղտը մի օր չոքելու է ՀՅԴ դռան առաջ: