Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը նվիրված քննարկման ժամանակ այսօր Էրեբունի համայնքի բնակիչ Վալենտինա Ք.-ն Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի ուշադրությունը հրավիրեց մի խնդրի վրա: Նա տեղեկացրեց, որ ինքը հաշմանդամության կարգ ունի, երեխան՝ եւս: Կինը նշեց, որ իրենք հաշմանդամության համար ամսական թոշակ են ստանում, սակայն Նախարարության Սոցիալական ապահովության ծառայության Էրեբունու տարածքային բաժնի աշխատակիցները ամեն ամիս գումար են պահում այդ թոշակից: «Սարի թաղի բոլոր բնակիչներից պահում են: Ինձ ծիծաղելով ասում են, թե հիվանդի տեսք չունեմ: Ի՞նչ է, կեղտոտ ու թափթփված ման գանք, որ հաշմանդամություն ունեցողի տեսք ունենա՞նք»,-դժգոհեց տիկինը:
Մանե Թանդիլյանն արձագանքեց. «Կարծում եմ՝ դուք հանցագործության մասին հայտարարություն տվեցիք, եւ մենք լրացուցիչ կխոսենք ձեզ հետ: Անպայման ուշադրություն կդարձնենք ձեր խնդրին: Բացի այդ, դուք պատճառ չունեք վատ տեսք ունենալու, որպեսզի ձեր իրավունքները պաշտպանվեն»:
Կինը շարունակեց. «Մի օր ասացի, որ ինձանից այլեւս չպետք է պահում անեն, բայց իրենք օգտվեցին այն հանգամանքից, որ ես պետպատվերով պարբերաբար հիվանդանոց եմ պառկում ու բուժումներ ստանում: Ինձ լռեցնելու համար ասացին՝ անվճար ուղեգիր ես ստանում, այնպես որ՝ լռիր»: Մանե Թանդիլյանը պատասխանեց. «Լռելու առիթ չունեք, նման խնդիրներ ունեցողներին կոչ եմ անում տեղեկացնել ինձ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ