Երևանի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը, անկասկած, ներկայացնելու են մեկը մյուսից գեղեցիկ ու հավակնոտ ծրագրեր։
Սակայն էականը պետք է լինեն ոչ թե տեքստերը, այլ թվերը։ Ասո՞ւմ ես, որ ծրագրում ես Երևանում մետրոյի կայարանների թիվն ավելացնել, բարի եղիր նաև ասա՝ ի՞նչ է դա արժենալու և որտեղից է լրացուցիչ գումար հայթայթվելու այդ ծրագրի իրականացման համար։ Ու ընդհանրապես, խոսքը վերաբերում է ոչ թե ծրագրերի առանձին դրույթներին ու խոստումներին, այլ՝ ամբողջ ծրագրին։ Յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է հստակ կարողանա պատասխանել, թե իր ծրագրով նախատեսված բարեփոխումները որքա՞ն են արժենալու և ի՞նչ միջոցներով են կատարվելու։
Գլխանց ասեմ, որ կոռուպցիայի դեմ պայքարով ֆինանսի հարցը չի լուծվում։ Կոռուպցիայի դեմ պայքարով կարելի է ընդամենը այնպես անել, որ այդ 80 մլրդ դրամն ավելի արդյունավետ ծախսվի։ Սակայն 80-ը 100 կամ 120 դարձնել է պետք։ Որքան էլ ցավալի լինի, պետք է գիտակցել, որ այդ 80 մլրդ դրամը, եթե անգամ ամբողջությամբ հասցեական և գերարդյունավետ ծախսվի, բավարար չէ անգամ նորմալ մաքրվող քաղաք ունենալու կամ վերելակների խնդիրը գոնե մասամբ լուծելու համար։
Իհարկե, հասկանալի է, որ Երևանի բյուջեն չի կարող ամբողջ երկրի բյուջեից ու տնտեսությունից անջատ դիտարկվել։ Եթե Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն մի քանի անգամ զիջում է եվրոպական երկրներին, բնական է, որ քաղաքի բյուջեն էլ պետք է զիջի։
Ըստ այդմ, քաղաքական ուժերի ծրագրերը պետք է լինեն «վերմակին» համապատասխան։ Իսկ հավակնոտ ծրագրեր ներկայացնողները պետք է պատասխանեն 2 հարցի՝ կա՛մ ինչպես մեծացնել բյուջեն, կա՛մ ինչպես եղած բյուջեով, մասնավոր սեկտորի հետ համագործակցելով իրականացնեն իրենց ծրագրերը։
Չենք ասում, թե կտրուկ փոփոխություններն անհնար են։ Պարզապես ակնկալում ենք իրատեսական ու պոպուլիզմից զերծ ծրագրեր։ Օրինակ՝ ավելի լավ է անկեղծ ասել, որ անհրաժեշտ է բարձրացնել որոշ տեղական տուրքեր, կամ թանկացնել հասարակական տրանսպորտը՝ նորմալ համակարգ ունենալու համար, քան տալ խոստումներ, իսկ հետո հերոսաբար արդարանալ, թե ինչու հնարավոր չի սայլը տեղից շարժել։
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում