Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ուժեր կան, որոնք ձեւացնում են, թե հեղափոխության առաջամարտիկներ են, բայց բանակցությունների մեջ են ՀՀԿ-ի հետ:
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն արձագանքեց. «Միակ բանը, որ ստացվել է Նիկոլ Փաշինյանի մոտ այս ընթացքում, դա պայքարելն է ՀՀԿ-ի դեմ: Անգամ այն ժամանակ, երբ ՀՀԿ-ն չի մասնակցում ընտրություններին, Նիկոլ Փաշինյանն էլի պայքարում է ՀՀԿ-ի դեմ: Կարծում եմ, երկրի վարչապետից հասարակությունը շատ ավելի մեծ ակնկալիք ունի, քան հավերժական պայքար նախորդ իշխանությունների դեմ»:
Աշոտյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը փաստացի «փուռն է տալիս» իր դաշնակիցներին. «Ակնհայտ է, որ նրա ակնարկը վերաբերում էր այսօրվա կառավարության մաս կազմող ուժերին»: Թե որ՝ Աշոտյանն ասաց, որ չգիտի. «Ինձ հետ ամենահաճախը շփվում է Նիկոլ Փաշինյանը»:
Աշոտյանն ընդգծեց, որ Փաշինյանը պատրաստ է ամեն ինչ անել, որ իր թեկնածուի համար ապահովի այն առավելագույն ձայները, որոնք լրացուցիչ թեւ ու թիկունք կտան՝ արտահերթ ԱԺ ընտրությունների հետ կապված:
Աշոտյանը հայտարարեց, որ լուրեր են գալիս, որ «Իմ քայլը» դաշինքի գրասենյակներում նախկին ՀՀԿ-ական ակտիվիստների են ընդգրկել: Նա ասաց, որ ամենաշատ ՀՀԿ-ականները «Իմ քայլը» դաշինքի շտաբներում են եւ իրենց աշխատանքներում են ներգրաված:
Փաշինյանը նաեւ արտաքին քաղաքականության՝ ՀՀ-ՌԴ, ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասին խոսելիս՝ քննադատողներին ասել էր՝ «Դուք ձեր դարդը լացեք, մենք արտաքին հարաբերությունների հարցերը կլուծենք»:
Աշոտյանն ասաց՝ կարծում եմ, սա ինձ էր վերաբերվում. «Երբ քո երկրի վարչապետի բրյուսելյան այցը տապալված է եւ ԵՄ-ում մինչեւ հիմա դրա մասին խոսում են ու հեգնում, դարդը ընդհանուր է ու կարելի է լացել այդ դարդը, որովհետեւ երկրիդ վարչապետն իր բարձունքի վրա չի գտնվել, առ այսօր չի գտնվում, որ ապահովի ԵՄ քաղաքական եւ ֆինանսական լիարժեք աջակցությունը Հայաստանին՝ գոնե ստանձնած պարտավորությունների շրջանակներում: Այդ դարդը պետք է ազգովի լացենք, որ Բրյուսելում էլ դեռ ոչ մի լավ բան չի ստացվում»:
Հարցին՝ իսկ Սերժ Սարգսյանի ժամանակ ամեն ինչ փայլո՞ւն է եղել՝ Աշոտյանը պատասխանեց, որ Սերժ Սարգսյանի ժամանակ է ընդունվել ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը ու այդ հաջողությունն այնքան տեսանելի էր, որ «Ելք» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյան ընդդիմադիր գործչի գլխավորությամբ հայտարարություն ընդունեց, որով սատարում են այդ համաձայնագրին ու միաձայն կողմ են քվեարկում:
Արմեն Աշոտյանն ասաց, որ վարչապետը գալիս է, Երեւանի հիմնադրման վայրից փորձում է հաթաթա տալ տարբեր քաղաքական ուժերի, սպառնում է որոշակի գործողություններով:
Նա նշեց, որ հայկական իշխանափոխությունը դրական էր ընկալվում նրա համար, որ բռնի չէր եւ մաքսիմալ սահմանադրական ընթացք ուներ, իսկ Փաշինյանի երեկվա հայտարարությունը կասկածի տակ է դնում հեղափոխության խաղաղ լինելն ու սահմանադրական լինելը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ