Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Սաֆարյան. «Պետություն, ապահովիր ալբոմներիս օրինական վաճառքը, ես էլ հարկ կտամ քեզ». «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 11,2018 12:14

Երեկ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել է, որ հարսանիքներին երգող երգիչները պետք է հարկեր վճարեն. «Մենք ունենք ոլորտներ, որտեղ հարկեր չվճարելու ավանդույթ է ձեւավորվել, գիտեմ՝ այսինչ այսինչյանը հարսանիքին երգելու համար որքան գումար է պահանջում։ Իսկ նրանք ունե՞ն արդյոք հարկեր վճարելու մշակույթ, այդ երգիչ-երգչուհիները հայտարարագրեր չեն ներկայացնում։ Բայց օրենքով կա այդպիսի պայման վերջին 25 տարիների ընթացքում»,- ասել է ՊԵԿ նախագահը։ Խոսելով, առհասարակ, մշակույթի ոլորտից՝ նա նաեւ նշել է, որ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն, օրինակ, ժամանակին իր եկամուտների վերաբերյալ հայտարարագրեր է ներկայացրել։

Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է երգիչ Արսեն Սաֆարյանի եւ երգչուհի Աննա Խաչատրյանի հետ։ Նրանք երկուսն էլ չեն պատկերացնում՝ ինչ սկզբունքով է հնարավոր հարկել իրենց ոլորտի ներկայացուցիչներին, ինչ մեխանիզմներ պետք է մշակվեն, որոնք կարող են ընդհանուր լինել բոլորի համար։

Արսենի խոսքով՝ երգիչ-երգչուհիներին հարկային դաշտ մտցնելուց առաջ հարկավոր է լավ ուսումնասիրել ոլորտը եւ տիրապետել ինչ-ինչ մանրամասների, հետո նոր հայտարարություններ անել. «Օրինակ՝ իրենք գիտե՞ն, թե երգի ստեղծումից մինչեւ տեսահոլովակի թողարկում երգիչը որքան է ծախսում, թե՞ դա ոչ ոքի չի հետաքրքրում։ Այնքան խնդիրներ ունեն մեր ոլորտի ներկայացուցիչները, թող առաջնահերթ դրանք լուծեն։ Երգչին հարկային դաշտ մտցնելուց առաջ նրա համար պետությունն ի՞նչ կարգավիճակ է ապահովելու։ Բոլոր հիմնարկների հարցերը լուծել են, մնացել են երգիչնե՞րը։ Այդ նույն սկզբունքով կարելի է Վերնիսաժի նկարիչների վաճառած ամեն կտավից հարկ վերցնել։ Ի դեպ, նման քննարկումները նոր չեն, որ լինում են, նախկինում եւս բարձրացվել է այս հարցը, մեզ կանչել են համապատասխան մարմիններ, բայց երբեք հստակ մեխանիզմ չի ներկայացվել՝ ինչպես պետք է հարկվեն երգիչները։ Իսկ մտածե՞լ եք այն մասին, որ երգիչը գուցե տվյալ հարսանիքի ժամանակ երգը պարզապես նվիրում է, դրա համար չի վճարվում, այդ դեպքում ինչպե՞ս պետք է որոշվի՝ ով որքան է վճարելու»,- մեկնաբանեց մեր զրուցակիցը։

Նա նաեւ հիշեց, որ երգիչներին հարկային դաշտ մտցնելու հարցը նախկինում քննարկվում էր ձայնասկավառակ թողարկելու պարագայում. «Ես ասում էի՝ պետություն, ապահովիր ալբոմներիս օրինական վաճառքը, ես էլ հարկ կտամ քեզ։ Ես դեմ չեմ օրինական դաշտ մտնելու որեւէ պահանջի, բայց դա պետք է լինի խելամիտ, փոխշահավետ պայմաններում»,- նկատեց Արսենը։

Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930