Մոսկվայում ՀՀ վարչապետի և ռուսահայ գործարարների հանդիպման մի շարք դրվագներ տարբեր հարթակներում գնահատվեցին սկանդալային: Որոշակի շրջանակներում հանդիպման ընթացքում Ռուբեն Վարդանյանի և Նիկոլ Փաշինյանի հարցուպատասխանը գնահատվեց Փաշինյանի «պորտը տեղը դնել», որոշ շրջանակներում էլ հակառակը՝ Ռուբեն Վարդանյանի «պորտը տեղը դնել»: Այլ կերպ ասած, այնպիսի տպավորություն էր, կարծես թե այդ հանդիպման օրակարգային հարցերից ամենակարևորը ինչ-որ մեկի «դուրս ընկած» պորտն էր: Գլոբալ առումով այդ հանդիպման ընթացքում արտառոց ոչինչ էլ տեղի չէր ունեցել:
Անշուշտ, կարելի է երկար վերլուծել, թե գործարարների կամ քաղաքականության հետ սերտ աղերսներ ունեցող գործարարների ինչպիսի շրջանակ էր ներկայացնում Վարդանյանը, արդյո՞ք նրա հարցի ենթատեքստում ազդակներ և ակնարկներ կային և իհարկե, վերլուծելու արդյունքում շատ բաներ կարող էին «ջրի երես դուրս գալ»: Սա նույնպես բնական է, որովհետև մենք ապրում ենք մի երկրում, որտեղ բոլորը բոլորի մասին ամեն ինչ գիտեն, սակայն այս պարագայում էականն այն է, որ նման հանդիպումների ընթացքում կարող են լինել նաև այդօրինակ հարցուպատասխաններ: Ի վերջո, հենց այս կերպ են ձևավորվում փոխադարձ վստահությունն ու համագործակցությունը: Թերևս, հենց այստեղից էլ պետք է սկսել, որովհետև եթե մենք ցանկացած հարցում տեսնենք առճակատում, ցանկացած սուր հարցուպատասխանի մեջ տեսնենք բաժանարար գծեր, ապա երբեք էլ հնարավոր չի լինի ստանալ այն կայունության երաշխիքները, որոնց մասին այդքան խոսվում է: Մյուս կողմից, եթե անդրադառնանք այդ հանդիպման ընթացքում հնչած «տնտեսություն, թվեր, հանրահավաք» առնչակցություններին, ապա պիտի խոստովանենք, որ իսկապես էլ բիզնես հանդիպումը հանրահավաք չէ, սակայն հենց նույն գործարարը ելույթ ունեցավ հանրահավաքային տրամաբանության մեջ, սակայն սա էլ ընդամենը որոշակի շահագրգռությունների, կասկածների և մտավախությունների արտահայտությունն է: Ի վերջո, գրեթե ակնհայտ է, որ իսկապես էլ ներկայումս, այսպես կոչված, «հին օլիգարխիան» կամ գործարարներն անորոշության մեջ են: Խնդիրն այն է, որ նախկին վարչակարգն ուներ իր խաղի կանոնները, կարելի է ասել՝ հստակ խաղի կանոնները: Վարչակարգի փոփոխությունը վերացրել է նախորդ բոլոր կանոնները, իսկ տնտեսությունը սիրում է կանոններ, անկախ նրանից, մենք գործ ունենք օլիգարխիկ, մենաշնորհային, ստվերային, թե որևէ այլ տիպի տնտեսության հետ: Հենց այս կանոնների բացակայությունը ստեղծում է լարվածության որոշակի մակարդակ, որը, կարող ենք ասել, վերաբերում է ոչ միայն օտարերկրյա գործարարներին, այլև տեղականներին:
Ի վերջո, ցանկացած գործարար ձգտում է հասկանալ, թե ինչ միջոցներով, ինչ շահերով ու ինչ առաջնահերթություններով է ինքն անձամբ առաջնորդվելու: Այս տեսանկյունից միայն իրավական կարգավորումները կամ օրենքի տառին հղումները բավարար չեն: Սա ոչ թե կողմերից որևէ մեկի թերությունն է կամ թերացումը, այլ օբյեկտիվ իրավիճակ է, որն ստեղծվել է երկրում կատարված փոփոխությունների արդյունքում: Սա, թերևս, ամենակարևորն է, իսկ թե ինչ տեղ ու նշանակություն ունեն զգացմունքները գործարարների հետ վարչապետի մոսկովյան հանդիպման ընթացքում, բոլորովին այլ, և թույլ տվեք ասել, բոլորովին էլ առաջնային նշանակության հարց չէ: Զգացմունքներ բոլորն են ունենում, ոմանք արտահայտում են, ոմանք՝ ոչ, սակայն արդյունքում զգացմունքները միշտ էլ տեղի են տալիս առավել առարկայական թեմաներին՝ առավել ևս, երբ հարցը վերաբերում է բիզնեսին, տնտեսությանն ու ֆինանսներին:
Այս տեսանկյունից արդեն Փաշինյան-Վարդանյան հարցուպատասխանը կամ, եթե կուզեք, հակադրությունը, որևէ գործնական շարունակություն չի ենթադրում և մնում է զուտ զգացմունքների դաշտում: Դե, մյուս կողմից, դա էլ նորմալ է, որովհետև գործարար, պաշտոնյա կամ քաղաքական գործիչ լինելը չի ենթադրում զուտ մարդկային հատկություններից հրաժարում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում