Հասարակական կյանքում դրական փոփոխություններ մտցնելու առումով հեղափոխական ուժերի տված խոստումները որեւէ կերպ չեն իրականանում։ Ընդհակառակը, կառավարության գործունեության չորս ամիսների ընթացքում սոցիալական վիճակը Հայաստանում ոչ միայն ոչնչով չի բարելավվել, այլեւ ավելի է վատացել։
Գործադիրի տնտեսական բլոկի ղեկավարները հայտարարում են, թե անիմաստ է արագ փոփոխությունների սպասել։ Թռիչքային աճ չի լինի։ Տնտեսական զարգացումների արդյունքները հասարակությունը կարող է զգալ լավագույն դեպքում երկու տարի հետո, եթե, իհարկե, հաջողվի պահպանել աճի տեմպը։ Իսկ դա այնքան էլ դյուրին չի լինելու։
Վերջին շրջանում ներքին տնտեսության մեջ տեղի ունեցող ոչ ցանկալի դրսեւորումներին միացել են նաեւ արտաքին մարտահրավերները։ Դրանք կապված են հումքային որոշ ապրանքների միջազգային գների, Հայաստանի դիրքերի թուլացման, Ռուսաստանի ներքին տնտեսական վիճակի հետ։
Միացյալ Նահանգների կիրառած նոր պատժամիջոցները բավականաչափ սրել են իրավիճակը ՌԴ տնտեսության ու ֆինանսական հատվածում։ Նկատելի է ռուբլու դիրքերի թուլացում, որը կարեւոր ազդեցություն ունի ինչպես այս շուկայում հայկական ապրանքների իրացման, այնպես էլ Հայաստանի սոցիալական ու տնտեսական միջավայրի վրա։
Ռուբլու թուլացումը արդեն իսկ սկսել է նկատվել տրանսֆերտային հոսքերի վրա։ Անցած տարվանից սկիզբ առած վերականգնումը դադարել է։ Հուլիսին Ռուսաստանից ստացված ֆինանսական փոխանցումներն այլեւ նվազել են։
Առաջիկայում հասարակությունը կզգա սրա սոցիալական հետեւանքը, եթե արդեն չի զգացել։ Ֆինանսական շուկայում վերջին երկու շաբաթվա ընթացքում ռուբլին թուլացել է՝ հանգեցնելով այդ արժույթով հասարակության ստացվող եկամուտների անկման։
Սակայն սոցիալական վիճակի հետ կապված ճնշումը միայն դրանով չի սահմանափակվում։ Բազմաթիվ ապրանքային շուկաներում իշխանափոխությունից հետո նկատելի է գնաճային միջավայրի ընդլայնում։ Առանձին առաջին անհրաժեշտության լայն սպառման ապրանքներ այս տարի կրկնակի-եռակի թանկ են։
Առաջիկայում սպասվում է հացամթերքների գների բարձրացում՝ կապված Վրաստանի կառավարության՝ ցամաքային ճանապարհով հացահատիկի եւ ալյուրի տեղափոխման արգելափակման հետ։ Թեեւ հայտարարվեց, որ Վրացական երկաթուղին պատրաստ է որոշակի զեղչեր կիրառել հայկական այդ ապրանքատեսակների տեղափոխման համար, այնուհանդերձ դեռ հարց է, թե դա որքանով հնարավորություն կտա գոնե այս փուլում խուսափել թանկացումից։ Մոտավոր հաշվարկներով, ներմուծման գինը տոննայի հաշվով կբարձրանա 25-50 դոլարով, ինչը չի կարող չհանգեցնել հացամթերքների ներքին շուկայի թանկացման։
Հ.ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում